Մատչելիության հղումներ

Մխջյան․ Լարսի անցակետում ռուս մաքսավորները շարունակում են կաշառք պահանջել հայ գործարարներից


Արտահանողների միության նախագահ Րաֆֆի Մխջյանը, արխիվ:
Արտահանողների միության նախագահ Րաֆֆի Մխջյանը, արխիվ:

Արտահանողների միության նախագահ Րաֆֆի Մխջյանի փոխանցմամբ՝ Լարսի անցակետում ռուս մաքսավորները շարունակում են կաշառք պահանջել՝ անտեսելով Հայաստանի ԵԱՏՄ անդամ լինելը։

«Ազատության» հետ զրույցում գործարարը պատմեց, որ վերջերս ստիպված է եղել անօրինական գումար վճարել՝ սուրճը ռուսական շուկայում վաճառելու համար։ Նոյեմբերի 10-ին Լարսում ռուս մաքսավորները կնիքի դիմաց 5000 ռուբլի կաշառք է պահանջել, և բեռանատարի վարորդը միայն վճարելուց հետո է կարողացել անցնել սահմանը։

Մխջյանը պնդում է, որ Եվրոպական տնտեսական միությանն անդամակցելուց 2 տարի անց իրավիճակը ոչ միայն չի լուծվում, այլև էլ ավելի է վատթարանում: Նա նշեց, որ այդ խնդրի մասին բարձրաձայնում են ամեն առիթով ու պատասխանատու պաշտոնյաների հետ ամեն հանդիպման ժամանակ, սակայն, ինչպես ցույց է տալիս իրավիճակը՝ սայլը տեղից չի շարժվում․ - «Փաստորան գալիս ենք նորից հին տաշտակին: Ամեն ինչ նույնն է, ոչ մի բան չի փոխվել: Լարսում կաշառակերությունը շարունակվում է․․․ Կարծում եմ, որ Լարսի խնդիրները դեռևս պիտի շարունակվեն այնքան ժամանակ, մինչև մեր իշխանությունները մի կարգին բողոք բարձրացնեն այդ հարցով»:

Լարսում տիրող իրավիճակի մասին տեղյակ է նաև Հայաստանում Ռուսաստանի առևտրային ներկայացուցչության ղեկավար Անդրեյ Բաբկոն: «Ազատության» հարցին ի պատասխան Բաբկոն ընդունեց, որ խնդիրն առկա է՝ հավելելով, թե ինքը տեղյակ չէ, որքանով խորն է այն, որովհետև այդ հարցով չի զբաղվում:

Նա ասաց, որ հայ արտահանողներն ու գործարարներ իրեն նման խնդրով չեն դիմել․ - «Բայց եթե կան փաստեր, գրեք՝ մենք կօգնենք։ Կաշառք տալիս է նա, ով ինչ-որ խախտումներ է թույլ տալիս: Դա իմ անձնական կարծիքն է։ Իսկ եթե ամեն ինչ մաքուր է, լավ, ոչ ոք չի կարող ոչինչ ավելի պահանջել։ Բայց ամենակարևորը ես կհորդորեմ՝ եթե կան այդպիսի դեպքեր, դրանց մասին պետք է խոսել բաց, հայտարարել, ֆիքսել, հասցնել դատարան, որպեսզի դադարեցվեն։ Դրանք գոյություն ունեն ամբողջ աշխարհում, դա կոռուպցիան է, որի դեմ պետք է պայքարել»։

Հայաստանում Ռուսաստանի առևտրային ներկայացուցչության ղեկավարի կարծիքով, սահմանին առաջացող խնդիրների կապված են նաև միասնական սահման չունենալու հետ։ Հայ արտահանողները ստիպված են անցնել Վրաստանով, դրա համար անելով լրացուցիչ ձևակերպումներ, ինչը բարդացնում է իրավիճակը․ - «Այս ամենը բացառելու համար, պարզապես պետք է կառուցել ուղիղ ճանապարհ։ Հայաստանի և Ռուսաստանի միջև առկա տրանսպորտային ենթակառուցվածքը բավականին բարդ է»:

«Միասնական ճանապարհ չունենալը բարդացնում է արտահանման ընթացքը, բայց Լարսի խնդիրները դրանով չեն պայմանավորված», - ասում է Մխջյանը և հավելում, որ Հայաստանը ԵԱՏՄ և Մաքսային միության անդամ Հայաստանը ռուսաստանյան սահմանին պետք է հատուկ վերաբերմունքի արժանանա․ - «Մենք անցնում ենք տրանզիտ և գալիս հասնում ենք Ռուսաստան: Այսինքն՝ մտնում ենք մեր նույն միության մաքսային դուռը, որտեղ պետք է դռները բաց լինեն մեր համար՝ առանց որևէ խոչընդոտի: Բայց փաստորեն պարզվում է, որ մենք էդ միության անդամը չենք, կամ էդ միության մեջ ինչ-որ լիարժեք արժեք չենք ներկայացնում մեզանից, և մեր համար պրոբլեմներ են սարքում մեր ռուս եղբայրները»:

Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունից «Ազատությանը» փոխանցեցին, որ արտահանումների հետ կապված խնդիրները հարթելու համար դեռ տարեսկզբից գործում է աշխատանքային խումբ։ Դրա կազմում գերատեսչությունից զատ նաև Հայաստանի ու Ռուսաստանի մաքսային մարմինների ներկայացուցիչներն են։

Ըստ նախարարի խոսնակ Աննա Օհանյանի, խումբը զբաղվում է գործարարների այն դիմումներով, որոնք կապ ունեն օրենքին հակասող գործողությունների հետ։ Տարեսկզբից մինչև այսօր, ըստ նրանց, գրանցված դեպքերը չեն գերազանցում 1 տասնյակը։ Կառույցի խոսնակը վստահեցրեց, թե Լարսում առաջացած բոլոր այդ հրացերին տրվել է դրական լուծում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG