Հայաստանն ու ՆԱՏՕ-ի անդամ եվրոպական երկրները բանակցություններ են վարում ռազմատեխնիկական համագործակցության շուրջ, և առաջիկայում տեսանելի արդյունքներ են լինելու: Այսօր այս մասին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց Հայաստանի պաշտպանության նախարարության Պաշտպանական քաղաքականության վարչության պետ Լևոն Այվազյանը:
«Մեր եվրոպական գործընկերների հետ համագործակցության օրակարգային հարցերից մեկը, երկկողմ ձևաչափը նկատի ունեմ, նաև ռազմատեխնիկական համագործակցությունն է: Դա չի սահմանափակվում միայն զենք-զինամթերք գնելով, այլ ունի իր շատ տարբեր բաղկացուցիչները՝ նույն տեխնոլոգիական համագործակցություն, տարբեր համատեղ մշակումներ, ձեռնարկություններ և այլն»,- ասաց Լևոն Այվազյանը:
Այլ մանրամասներ նա չհայտնեց, միայն բավարարավեց ՆԱՏՕ-ի անդամ երկու պետության հետ համագործակցության օրիանակներ նշելով․ «Օրինակ՝ Լեհաստանի հետ մենք ունենք համատեղ հայ-լեհական ձեռնարկություն, որը Հայաստանի Հանրապետությունում գործում է, Հունաստանի հետ ունենք համատեղ ձեռնարկություն ստեղծելու և աշխատեցնելու բավական մեծ փորձ: Այս ուղղությամբ բանակցություններ են վարվում տարբեր պետությունների հետ, և կարծում եմ՝ ժամանակի ընթացքում ավելի լավ, տեսանելի արդյունքներ կունենանք»:
Ռազմատեխնիական ոլորտում Հայաստանի ու Լեհաստանի համագործակցությունն արդեն մի քանի տարվա փորձ ունի: 2014 թ․ հոկտեմբերին բացվեց «Լյուբավա-Արմենիա» հայ-լեհական առաջին համատեղ ռազմարդյունաբերական ձեռնարկությունը: Չարենցավանի հաստոցաշինական գործարանի հենքի վրա ստեղծված այդ ընկերությունը զբաղվում է արտադրական օբյեկտների արդիականացմամբ, բազմաֆունկցիոնալ քողարկման արդի տեխնոլոգիաների արտադրությամբ, ինչպես նաև թողարկում է սաղավարտներ, զրահաբաճկոններ, քողարկող ցանցեր և այլն:
Այն որ, օրինակ՝ Վարշավայի հետ համագործակցության շրջանակում Երևանը կարող է չբավարարվել ձեռք բերվածով, պարզ դարձավ այս սեպտեմբերին, երբ Հայաստան էր այցելել Լեհաստանի փոխարտգործնախարար Բարտոշ Չիխոցկին: Լրագրողների հետ ճեպազրույցում նա հայտարարեց՝ Վարշավան Երևանին առաջարկել է ռազմական նոր տեխնոլոգիաներ, որոնց հիման վրա լեհական կողմը պատրաստ է այստեղ արտադրություն հիմնել:
Լևոն Այվազյանն այսօր լրագրողների հետ հանդիպել էր Հայաստանում մեկնարկած «ՆԱՏՕ-ի շաբաթվա» շրջանակում: Միջոցառման ժամանակ հայտարարվեց՝ Աֆղանստանում և Կոսովոյում ընթացող ՆԱՏՕ-ի առաքելություններին Հայաստանը ներկայումս մասնակցում է, համապատասխանաբար՝ 121 և 35 զինվորականներով: «Այս տարի նույնպես մեր մասնակցությունը նույն ծավալով շարունակվել է, մեր քաղաքական որոշումն այն է, որ դա շարունակվի նաև հաջորդ տարիների ընթացքում»,- հայտարարեց ՊՆ պաշտպանական քաղաքականության վարչության պետը:
Այդ առաքելությունենրին մասնակցելուց զատ, Հայաստանն ու Հյուսիսատլանտյան դաշինը համագործակցում են ռազմական կրթության ու վերապատրաստման, ինչպես նաև հայկական զինված ուժերի խաղաղապահ բրիգադը ՆԱՏՕ-ի չափանիշներին համապատասխանեցնելու ուղղությամբ:
Արտգործնախարարության Սպառազինությունների վերահսկման և միջազգային անվտանգության վարչության պետ Արմեն Եդիգարյանը նշեց, որ արդեն իսկ ընդունվել է Հայաստան-ՆԱՏՕ բազմակողմ համագործակցության առաջիկա տարիների ծրագիրը: «2006 թվականից Հայաստանը հաջողությամբ իրականացնում է «Անհատական գործընկերության գործողությունների ծրագիրը», և ուրախ եմ հայտնել, որ այս տարվա ապրիլին Հյուսիսատլանտյան խորհուրդն ընդունեց 5-րդ փաստաթուղթը, որը կուրվագծի Հայաստան-ՆԱՏՕ բազմաոլորտ համագործակցությունը 2017-2019 թվականների համար»,- ասաց Եդիգարյանը:
Այսօրվա համատեղ ասուլիսին ներկա էր նաև Հարավային Կովկասում ՆԱՏՕ-ի կապի գրասենյակի փոխտնօրեն Ռոզարիա Պուգլիսին: Նա ընդգծեց Հայաստան-ՆԱՏՕ փոխգործակցության կարևորությունը, հավելելով, որ Բրյուսելում երախտապարտ են իրենց ծրագրերում Երևանի ներգրավվածության համար: Ռոզարիա Պուգլիսին նաև տեղեկացրեց՝ դեկտեմբերի 18-ին Հայաստան է ժամանելու ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Ռոուզ Գոթեմյոլլերը, ում հյուրընկալելու են նախագահ Սերժ Սարգսյանը, պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը և արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը:
Հայաստանի ռազմական գերատեսչության ղեկավարի հետ Գոթեմյոլլերը հանդիպել էր նաև այս տարվա հունիսին Բրյուսելում, երբ Վիգեն Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը մասնակցում էր Աֆղանստանում ՆԱՏՕ-ի ղեկավարած «Վճռական աջակցություն» գործողության մասնակից պետությունների պաշտպանության նախարարների նիստին։