Մատչելիության հղումներ

Փայլանը կառավարությունից պահանջում է պարզաբանել՝ ինչու՞ են միջամտում պատրիարքի ընտրության գործընթացին


Գարո Փայլան, արխիվ
Գարո Փայլան, արխիվ

Թուրքիայի խորհրդարանի հայազգի պատգամավոր Գարո Փայլանը գրավոր հարցում է ուղարկել ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուին՝ պահանջելով պարզաբանել, թե պետությունն ինչ հիմքով է միջամտում Պոլսո հայոց նոր պատրիարքի ընտրության գործընթացին ու ձգձգում այն:

Դեռ օգոստոսի սկզբին պատրիարքական ընտրությունները նախաձեռնող խումբը դիմել էր Ստամբուլի նահանգապետարան՝ առաջարկելով նոր պատրիարքին ընտրող պատվիրակների ընտրություններն անցկացնել դեկտեմբերի 10-ին, իսկ պատրիարքի ընտրությունները՝ դեկտեմբերի 13-ին: Ակնկալվում էր, որ Ստամբուլի նահանգապետարանն այս դիմումին պետք է պատասխաներ մինչև հոկտեմբերի 9-ը, սակայն մինչ օրս որևէ արձագանք չկա:

«Ագօս» պարբերականի փոփանցմամբ, Փայլանն իր հարցման մեջ հիշեցրել է, որ պատրիարքարանի հոգևորականները, հետևելով եկեղեցական կանոնադրությանը, մարտի 15-ին պատրիարքի տեղապահ են ընտրել Գարեգին արքեպիսկոպոս Բեքչյանին, քանի որ պատրիարք Մեսրոպ Մութաֆյանը հիվանդության պատճառով տարիներ շարունակ չի կարողանում կատարել իր պարտականությունները: Մինչդեռ, մամուլում տարածված տեղեկությունների համաձայն, Ստամբուլի նահանգապետ Վասիպ Շահինն ասել է, թե պետությունը Գարեգին Բեքչյանին չի ճանաչում իբրև տեղապահ և ցանկանում է, որ ընտրություն արվի պատրիարքարանի մյուս երկու բարձրաստիճան հոգևորականների միջև: «Պետության կողմից պատրիարքի ընտրության հարցին միջամտելը և գործընթացի ձգձգումը համայնքում անհանգստության պատճառ է դարձել»,- ընդգծել է հայազգի պատգամավորը:

Գարո Փայլանը նախարար Սոյլուից պահանջել է պատասխանել, թե պատրիարքական ընտրություններին պետության միջամտությունը ինչ հիմք ունի և արդյոք իսկապես պետության կողմից միջամտություն կա: Փայլանը նաև պարզաբանում է ակնկալել, թե ինչու է ձգձգվում ընտրության գործընթացը, երբ համայնքում հարցի շուրջ համաձայնությունն արդեն կայացվել է, նախապատրաստական աշխատանքներ էլ սկսվել են: «Ե՞րբ եք դադարեցնելու պատրիարքի ընտրությունն արգելելու փորձերը»,- հարց է տվել Փայլանը:

Հիշեցնենք՝ անցած տարվա հոկտեմբերի վերջին Պոլսո Հայոց պատրիարքարանում տեղի ունեցած եկեղեցական ընդհանուր ժողովի ժամանակ Հոգևոր խորհուրդը, առաջնորդվելով եկեղեցական կանոնադրությամբ և ավանդույթներով, 2008 թվականից ի վեր ծանր հիվանդության պատճառով փաստացիորեն անգործունակ վիճակում գտնվող պատրիարք Մեսրոպ արքեպիսկոպոս Մութաֆյանի ուխտը լուծարված էր համարել` օրակարգ բերելով նոր պատրիարք ընտրելու հարցը:

Եվ չնայած Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը դեռ հունվարին խոստացել էր, որ ապրիլյան սահմանադրական հանրաքվեից հետո կզբաղվեն Պոլսո հայոց նոր պատրիարքի ընտրության հարցով, այնուհանդերձ, այդ գործընթացը մինչ օրս մնում է չհանգուցալուծված: Պատրիարքի աթոռի հիմնական հավակնորդներ են համարվում Պոլսո հայոց պատրիարքի նախկին փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը, Սահակ եպիսկոպոս Մաշալյանը և Գարեգին արքեպիսկոպոս Բեքչյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG