Մատչելիության հղումներ

«Փառք Աստծո, ահաբեկիչն իր ուզածին չի հասել»․ Նյու Յորքի քաղաքապետ


Քննիչները զննություն են անցկացնում երեկվա ձախողված ահաբեկչական գրոհի վայրում, Նյու Յորք, 11-ը դեկտեմբերի, 2017 թ.
Քննիչները զննություն են անցկացնում երեկվա ձախողված ահաբեկչական գրոհի վայրում, Նյու Յորք, 11-ը դեկտեմբերի, 2017 թ.

Նախագահ Դոնալդ Թրամփը հորդորում է ավելի խստացնել ներգաղթի կանոնները:

Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը երեկ Նյու Յորքի մետրոյում ահաբեկչական ձախողված գրոհի կապակցությամբ ասել է, թե անհրաժեշտ է առավել խիստ դարձնել ներգաղթի կանոնները, քանի որ անփույթ գործող համակարգը վտանգավոր անձանց ընձեռում է երկիր սողոսկելու հնարավորություն:

27-ամյա բանգլադեշցի Աքայեդ Ուլլահն իր մարմին ամրացրած պայթուցիկով փորձել էր մտնել նյույորքյան մետրո: Ինքնաշեն ռումբը մասամբ է պայթել, վնաս հասցնելով հենց ահաբեկչին ու ևս երկու մարդու, այդ թվում՝ տարօրինակ կեցվածք դրսևորած բանգլադեշցուն զննելու նպատակով նրան մոտեցած ոստիկանին:

«Սա ահաբեկչական գրոհի փորձ է, փառք Աստծո, ահաբեկիչն իր ուզածին չի հասել»,- ասել է Նյու Յորքի քաղաքապետ Բիլ Դե Բլասիոն և շնորհակալություն հայտնել իրավապահներին ու բժիշկներին՝ միջադեպին արագ արձագանքելու համար: Ձախորդ ահաբեկիչն այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց, և ապագայում, ամենայն հավանականությամբ, դատարանը նրա նկատմամբ կընդունի բավականաչափ ծանր պատժամիջոց:

Աքայեդ Ուլլահը ԱՄՆ է տեղափոխվել 2011 թվականին, բնակվել է Բրուքլինում, նախկինում հանցանք չի կատարել, սակայն, ըստ նրա վարքագծի վերլուծության, վերջին ժամանակաշրջանում հայտնվել է «Իսլամական պետություն» ահաբեկչական կառույցի գաղափարախոսության ազդեցության տակ:

Երեկ իր հայրենի Նյու Յորքում տեղի ունեցած միջադեպին է անդրադարձել նաև նախագահ Դոնալդ Թրամփը, նա ասել է, թե հրատապ է դարձել ներգաղթի օրենքները վերանայելու հարցը: Աքայեդ Ուլլահը Միացյալ Նահանգներ է տեղափոխվել համաձայն մի օրենքի, որը քաղաքացիություն ստացած ներգաղթյալների ազգականներին տալիս է ԱՄՆ-ում մշտական բնակության իրավունք ստանալու հնարավորություն:

Նախագահն ասել է, որ այդ «շղթայական ներգաղթն» անընդունելի է ազգային անվտանգության տեսակետից և պետք է դադարեցվի: Նախընտրական ամիսներին ներգաղթը խստորեն սահմանափակելու կարգախոսներ կիրառող Թրամփը դրանք վերստին հնչեցրել է այն բանից հետո, երբ Ուզբեկստանից Ամերիկա տեղափոխված Սայֆուլո Սաիպովը հոկտեմբերի 31-ին Նյու Յորքում բեռնատարով վրաերթի ենթարկեց հետիոտներին, որոնցից 8-ը զոհվեց, 12-ը վնասվածքներ ստացավ:

Սպիտակ տան խոսնակ Սարա Սանդերսը հայտարարել է, որ հարկ է ներգաղթի համակարգի բարեփոխում կատարել: «Այս հարձակումն ընդգծում է ներգաղթի բարեփոխման, ազգային անվտանգության ամրապնդման և հանրության պսշտպանության հարցերում նախագահի հետ Կոնգրեսի համագործակցության անհրաժեշտությունը: Մենք պարտավոր ենք պաշտպանել մեր սահմանները, համոզվել, որ երկիր մուտք գործող անհատները չեն գալիս մեր մարդկանց վնասելու նպատակով, և մենք պարտավոր ենք անցնել արժանիքների հիման վրա գործող ներգաղթի համակարգի»- ասել է Սպիտակ տան խոսնակը:

Արժանիքների վրա հիմնված ներգաղթի համակարգ է գործում մի շարք երկրներում, մասնավորապես, Կանադայում և Ավստրալիայում: Երկիր օրինական կարգով մուտք գործելու, բնակվելու և աշխատելու իրավունքը տրվում է բալային տարբերակով: Պատկան ծառայությունները գնահատում են թեկնածուի լեզվի իմացությունը, կրթությունը, տարիքը, բնակության վայրը, աշխատանքային կենսագրությունը, մասնագիտական որակները, սոցիալական ակտիվությունը, ընտանեկան վիճակը և բազմաթիվ գործոններ:

Սարա Սանդերսի փոխանցմամբ, Կոնգրեսը և, մասնավորապես, դեմոկրատները ձախողել են նման միջադեպերը կանխելու հնարավորությունը: «Նախագահի քաղաքականությունը ենթադրում է շղթայական միգրացիայի դադարեցում, և եթե դա հիմա գործեր՝ երեկվա պայթեցումը ծրագրած անհատն ընդհանրապես չէր հայտնվի Միացյալ Նահանգներում»,- ասել է Սպիտակ տան խոսնակը:

Կասկածյալ բանգլադեշցու ընտանիքի փաստաբանն ասել է, որ ընտանիքը ցնցված է և խորապես ափսոսում է երեկվա միջադեպի համար: Միաժամանակ նա ասել է, որ ընտանիքը վրդովված է, քանի որ իրավապահները կոպիտ են գործել, մասնավորապես, առանց փաստաբանի ներկայության հարցաքննելով անչափահասներին:

«Մենք սա չենք սպասում մեր արդարադատության համակարգից, մենք հավատում ենք համակարգին և հուսով ենք, որ ճշմարտությունն այդ գրոհի մասին կպարզվի, ու ի վերջո կհասկանանք, թե ինչ է տեղի ունեցել»,- ասել է Ուլլահի ընտանիքի փաստաբան Ալբեր Քանը:

Նյու Յորքի Բրուքլինի թաղամասում կասկածյալի հարևանները պնդում են, որ երեկվա ահաբեկչության փորձին նախորդած գիշերը բանգլադեշցու տանը հնչել են սուր վիճաբանության մասին վկայող գոռոցներ և ճիչեր:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG