Ռուսաստանի կողմից Թուրքիային նորագույն C-400 տիպի հակահրթիռային համակարգերի վաճառքի շուրջ գործարքն ավարտին կհասցվի արդեն առաջիկա օրերին: Այդ մասին երեկ երեկոյան Անկարայում, ՌԴ իր պաշտոնակցի հետ համատեղ ասուլիսի ժամանակ, հայտարարեց Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:
«Թույլ տվեք ինձ հատուկ ընդգծել, որ C-400 համակարգերի ձեռքբերման համար անհրաժեշտ բոլոր քայլերը մեր պաշտոնյաները կավարտեն արդեն այս շաբաթ կայանալիք հանդիպման ընթացքում: Ես նրանց հաջողություն եմ մաղթում և անչափ շնորհակալ եմ»,- դիմելով Ռուսաստանի նախագահին, ասում էր Էրդողանը:
Դատելով Թուրքիայի նախագահի այս հայտարարություներից` Մոսկվան և Անկարան այժմ զբաղված են C-400 հակահրթիռային համակարգերի ձեռքբերման գործարքում առկա վերջին տեխնիկական խոչընդոտների հաղթահարմամբ: Դրանց հիմնական մասը, ըստ մոսկովյան մամուլի, վերաբերում էր գործարքի ֆինանսական կողմին: Դեռ բանակցությունների նախնական փուլում Անկարան հասկացնում էր ռուսական կողմին, որ թեև նորագույն սպառազինություն գնելու ցանկությունը մեծ է, այդուհանդերձ, թուրքական կողմը բավարար ֆինանսական միջոցներ չունի:
Հակահրթիռային համակարգերի արտադրությամբ զբաղվող РосТех ընկերությունը, սակայն, հրաժարվում էր գնի հարցում զիջումների գնալ` փոխարենն Անկարային առաջարկելով Ռուսաստանից միջպետական վարկ վերցնել: Դեռ մայիս ամսին մոսկովյան РБК հեռուստաընկերությունը պնդում էր, որ թուրքական կողմն անում է հնարավորը՝ վարկ վերցնելու տարբերակից խուսափելու և Ռուսաստանից ավելորդ ֆինանսական կախվածության մեջ չհայտնվելու համար: Ռուսաստանի ղեկավարի երեկվա հայտարարություններից, սակայն, պարզ դարձավ, որ թուրքական իշխանություններն ի վերջո ստիպված են եղել համաձայնել ռուսական վարկի տարբերակին:
«Այսօրվա աշխատանքի ընթացքում մենք վերջնականապես համաձայնեցրինք վարկային պայմանագիրը, որը, հուսով եմ, կստորագրվի առաջիկա օրերին»,- հայտարարում էր Վլադիմիր Պուտինը: Ռուսաստանի ֆինանսների նախարար Անտոն Սիլուանովի խոսքով էլ՝ վարկի տրամադրման բոլոր պայմանները համաձայնեցված են, և պայմանագիրը կկնքվի ամենամոտ ապագայում: РосТех ընկերության ղեկավար Սերգեյ Չեմեզովն էլ նշում է, որ Թուրքիային C-400 համակարգերի վաճառքի ընդհանուր ֆինանսական ծավալը հասնում է 2 միլիարդ ամերիկյան դոլարի:
Երեկ երեկոյան Անկարայում կայացած ռուս-թուրքական բանակցությունների մյուս առանցքային թեման Մերձավոր Արևելքում ստեղծված կացությունն էր: Վլադիմիր Պուտինն Անկարա ժամանեց Սիրիա և Եգիպտոս կատարած այցերից հետո: Եթե Սիրիայում Ռուսաստանի նախագահի գլխավոր նպատակն այդ երկրում երկու տարի առաջ մեկնարկած ռազմական առաքելության ավարտն ազդարարելն էլ, ապա Կահիրեում և Անկարայում ռուսաստանյան պատվիրակության բանակցությունների հիմնական մասը նվիրված էր Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի` Երուսաղեմին վերաբերող վերջին որոշումներին:
«Թե՛ Ռուսաստանը, թե՛ Թուրքիան համարում են, որ Միացյալ Նահանգների վարչակազմի` Երուսաղեմը որպես Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու և ամերիկյան դեսպանատունը վերատեղակայելու մասին որոշումները չեն նպաստում Մերձավոր Արևելքում առկա խնդիրների լուծմանը: Հակառակը՝ դրանք էլ ավելի են ապակայունացնում տարածաշրջանում առկա առանց այդ էլ բարդ իրադրությունը: Այդ ամենը, ըստ էության, կարող է չեղարկել պաղեստինա-իսրայելական խաղաղ գործընթացի հեռանկարները»,-հայտարարում էր Ռուսաստանի ղեկավարը:
Թուրքիայի նախագահի խոսքով ևս Մոսկվան և Անկարան Երուսաղեմի կարգավիճակի հարցում տարաձայնություններ չունեն: Ւստ Էրդողանի՝ առաջիկա օրերին Իսրայելը ստիպված է լինելու դիմակայել նաև իսլամական աշխարհի միասնական ճնշմանը:
«Որպես Իսլամական համագործակցության կազմակերպության նախագահությունը ստանձնած պետության ղեկավար, ես Ստամբուլում այդ կառույցի արտակարգ հավաք եմ հրավիրել: Հուսով եմ, որ մենք շատ ազդեցիկ միասնական ուղերձով հանդես կգանք: Ես տեսնում եմ նաև, որ Երուսաղեմի հարցում իմ և նախագահ Պուտինի տեսակետները համընկնում են»,-հայտարարել է Ռեջեփ Թայիփ Էրդողանը: