Մատչելիության հղումներ

Սերժ Սարգսյանի ելույթը վարչապետի ելույթ էր, պետության հաջորդ առաջին դեմքի ելույթ էր. քաղաքական մեկնաբան


Քաղաքական մեկնաբան Արմեն Բաղդասարյանի խոսքով՝ Տեղական ինքնակառավարման և տարածքային կառավարման մարմիններին նվիրված խորհրդաժողովի ժամանակ Սերժ Սարգսյանի ելույթը վարչապետի ելույթ էր, և այն պետք է ընկալել հենց նախընտրական քարոզարշավի դիտանկյունից։

«Արձանագրվեց, որ Սերժ Սարգսյանը լավ տեղյակ է, թե ինչ է կատարվում։ Ինձ մի քիչ այլ հարց է հետաքրքրում, տեսեք՝ նա ասում է՝ «մենք ներողամիտ ենք եղել, մենք ներում ենք», իսկ համայնքների բնակիչները համաձա՞յն են, որ ներեն, խոսքը հարկատուների գումարների մասին է, ես և Դուք համաձա՞յն ենք, որ մեր գրպաններից տուն տարված գումարները ներվեն։ Ես, օրինակ, համաձայն չեմ։ Ինչպե՞ս կարելի է պետությանը հասցված վնասը հենց այդպես, լայն բարեգործական ժեստով ներել, ես չեմ հասկանում», - «Ազատության» հետ զրույցում ասաց քաղաքական մեկնաբանը։

Հարցին, թե հնարավոր համարո՞ւմ է, որ իրավապահները զբաղվեն այս չարաշահումների մասին հայտարարություններով, Բաղդասարյանը պատասխանեց. - «Իհարկե չեն զբաղվելու, եթե անգամ շատ աղմուկ բարձրանա այս ելույթի վերաբերյալ, կարող են զբաղվել մեկ-երկու չնչին թերացումներ գտնել, բայց, մեծ հաշվով, իրավական հետևանքներ սա չի ունենա, որովհետև սա նախընտրական ելույթ էր, սա իրավական ելույթ չէր։ Պատկերացնում եք չէ, որ առջևում ապրիլ է։ Այս ելույթով կարող ենք արձանագրել, որ Սերժ Սարգսյանն իր նախընտրական քարոզարշավը մեկնարկեց։ Ճիշտ է ձևականորեն ընտրություններ չեն լինելու, բայց ամեն դեպքում պետության առաջին դեմք է որոշվելու, և քանի որ մտավախություն ամեն դեպքում իշխանություններն ունեն, որ կարող են ընդվզումներ լինել, դրա համար ինչ-որ քարոզարշավ պետք է անեն, իմիջ պետք է կերտեն հաջորդ վարչապետի, չէ՞ որ ամենայն հավանականությամբ կլինի Սերժ Սարգսյանը»։

Ճշտող հարցին, թե սա հաջորդ վարչապետի՞ ելույթ էր, քաղաքական մեկնաբանը պատասխանեց. - «Կարծում եմ, որ սա վարչապետի ելույթ էր, սա պետության հաջորդ առաջին դեմքի ելույթ էր, և այս ամենը պետք է ընկալել հենց նախընտրական քարոզարշավի դիտանկյունից»։

Տարիներ առաջ նախագահ Սերժ Սարգսյանն ասում էր՝ «մեծերի գլխից է պետք բռնել։ Հարցին, թե ինչո՞ւ թիրախավորվեցին հենց համայնքային իշխանությունները, Բաղդասարյանը պատասխանեց. - «Քանի որ պետության առաջին դեմքի ուղղակի ընտրություններ արդեն չեն լինելու, համայնքների ղեկավարների դերը ընտրակեղծիքներում էապես նվազել է, հետևաբար պետք է նվազի նաև նրանց նկատմամբ ներողամտությունը։ Արդեն հաջորդ խորհրդարանական ընտրություններում ավելի կարևոր դեր են կատարելու ոչ թե համայնքապետերը, այլ ռեյտինգային թեկնածուները՝ տարածքային ֆեոդալիկները, այսպես ասեմ։ Եվ համայնքների ղեկավարների դերը նվազելու է և այդտեղից էլ հենց նրանք թիրախ ընտրվեցին, նրանց պարզ ասվեց՝ «քանի որ ձեր ծառայությունների կարիքն արդեն համարյա չունենք, էլ ներողամիտ չեն լինելու»։

Հիշեցնենք` նախագահն իր ելույթում ասել էր. - «Գաղտնիք չէ, որ շատ համայնքապետներ չարաշահում են իրենց պաշտոնը և այն օգտագործում են անհասկանալի և անընդունելի եկամուտներ ունենալու համար՝ սկսած նրանից, ո՛ր տարբեր խորամանկություններով, տարբեր ձևերով օտարում են համայնքներին պատկանող հողերը, ո՛ր անազնիվ վերաբերմունք են ցուցաբերում համայնքային բյուջեների նկատմամբ, և չմանրամասնեմ, որովհետև ինձ համար շատ տհաճ է այս խոսակցությունը: Մի բան եմ ուղղակի ուզում ասել՝ շատ ներողամիտ ենք եղել համայնքապետների նկատմամբ: Ներողամիտ ենք եղել, որովհետև համարել ենք, որ պետք է կայանան, այս ինստիտուտը պետք է կայանա, և այս ընթացքում հնարավոր են որոշակի վատ դրսևորումներ: Ուզում եմ բոլորիդ, ոչ մեկին չեմ վախեցնում, ուղղակի ուզում եմ բոլորիդ զգուշացնել` եթե որևէ մեկը պետք է այս գործերով զբաղվի, ավելի լավ է գնա ուրիշ տեղ աշխատի: Մենք պատրաստ ենք, անկեղծ եմ ասում, պատրաստ ենք մեր աչքի լույսի պես ձեզ վերաբերվել, պատրաստ ենք մեր հնարավորությունների սահմանում օգնելու՝ լինի դա անձնական, թե համայնքային հարց, բայց մենք պատրաստ չենք տեսնելու, թե ձեզնից ոմանք ինչպես են մեր բնակչության փողերը տանում իրենց տուն: Ամո՛թ է»:

Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք դիտել այստեղ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG