Մատչելիության հղումներ

Գագիկ Հարությունյանը ցանկություն չունի առաջադրվել որպես Հայաստանի նախագահի թեկնածու


Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանը ցանկություն չունի 2018թ․ ապրիլին առաջադրվել որպես Հայաստանի նախագահի թեկնածու։ Այսօր պատասխանելով «Ազատության» հարցերին՝ Հարությունյանը նշեց, որ նման առաջարկություն իշխանությունից չի էլ եղել։

«Ես անձամբ նման ցանկություն չունեմ», - այսօր լրագրողների հետ զրույցում նշեց Հարությունյանը: «Ազատության» հարցին՝ եթե նման առաջարկություն լինի, կընդունի՞ այն, ՍԴ նախագահը պատասխանեց․ - «Եթեներով ես չեմ խոսում: Ես նման ցանկություն չունեմ, իմ օրակարգում չկա»:

Նոր Սահմանադրության համաձայն, 2018թ ապրիլին երբ կավարտվի Սերժ Սարգսյանի պաշտոնավարման ժամկետը, նոր նախագահին կընտրի Ազգային ժողովը։ Ըստ մամուլում շրջանառվող տեղեկությունների, հանրապետականները այդ պաշտոնում նախընտրում են հենց Գագիկ Հարությունյանին: Վերջինս համապատասխանում Սահմանադրության պահանջին՝ անկուսակցական է, բացի այդ՝ գարնանը լրանում է Հարությունյանի 70-ամյակը և նա այլևս ՍԴ նախագահ լինել չի կարող։ Նախկինում Գերագույն խորհրդի նախագահի տեղակալ, Հանրապետության փոխնախագահ, վարչապետի պաշտոնակատար, իսկ 1996թ․-ից՝ Սահմանադրական դատարանի նախագահի պաշտոնը զբաղեցնող Գագիկ Հարությունյանը սակայն այսօր հերքեց մամուլի տեղեկությունները։

«Մամուլը զբաղված է մտավարժանքներով, ուրիշ ոչինչ չեմ կարող ասել», - հայտարարեց նա:

«Մանկապարտեզ չի»

Սահմանադրական դատարանի նախագահից այսօր հետաքրքրվեցինք նաև անցյալ ամիս Վանաձորի ավագանու վերաբերյալ կայացրած որոշման ճակատագրից։ Գագիկ Հարությունյանը, սակայն, չմանրամասնեց որոշումը, ընդգծելով, որ այն ավելի քան հստակ է․ - «Մանկապարտեզ չի, որ ամեն մի որոշումից հետո փորձենք ամեն մեկին բացատրել՝ ինչ է: Շատ հստակ ամեն ինչը գրված է, պետք է կարդալ որոշումը և վերջ»:

Նոյեմբերի 10-ին Սահմանադրական դատարանը բավարարել էր ընդդիմադիր «Ելք» և Ծառուկյան Դաշինքի հայցն ու ՏԻՄ օրենքի դրույթներից մեկն ու վանաձորի ավագանու մի քանի որոշումները ճանաչել էր Սահմանադրությանը հակասող։ Հիմք ընդունելով այդ որոշումը, Ելքը վանաձորի ավագանին ցրելու և արտահերթ ընտրություններ անցկացնելու պահանջով դիմել էր Կառավարությանը։ Արդարադատության Նախարար Դավիթ Հարությունյանը մինչդեռ նախորդ շաբաթ, խորհրդարանում հայտարարեց, որ Վանաձորի ավագանու լիազորությունները վերանայելու որևէ հիմք չեն տեսնում։ Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանն այսօր նշեց, որ անհրաժեշտության դեպքում կանդրադառնան իրենց որոշումների կատարմանը․ - «Որոշումը կատարվում է, եթե հանկարծ չի կատարվում՝ Սահմանադրական դատարանը ամեն տարվա վերջին անդրադառնում է իր որոշումների կատարման վիճակին և գնահատական է տալիս: Մենք հունվարին կանդրադառնանք և դատարանը կորոշի, իր վերաբերմունքը կարտահայտի»:

Ընդդիմադիր «Ելք» դաշինքը շարունակում է պնդել, որ Կառավարությունը պարտավոր է ցրել Վանաձորի ավագանին։ Պատգամավոր Արտակ Զեյնալյանի խոսքով՝ Սահմանադրական դատարանի որոշումից այլ բան չի բխում․ - «Աներկբա գրված է, որ Կառավարությունը պետք է ձեռնարկի միջոցներ և պետք է ցրվի դա»:

Հիշեցնենք՝ 2016թ տեղի ունեցած Վանաձորի ավագանու ընտրություններից հետո մոտ մեկ տարի մեծամասնություն կազմող երեք խմբակցություններ բոյկոտում էին նիստերը: Չնայած դրան՝ քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը նիստեր էր գումարում և լինելով փոքրամասնություն՝ որոշումներ կայացնում։ Բայց Սահմանադրական դատարանի որոշումից օրեր անց իրեն ընդդիմադիր հռչակած «Հայկական վերածնունդ» կուսակցությունը, որը Արթուր Բաղդասարյանի «Օրինաց երկիր» կուսակցության իրավահաջորդն է, համագործակցության հուշագիր ստորագրեց հանրապետականների հետ, ու սկսեց մասնակցել նիստերին, կուսակցության ավագանու ղեկավար Արկադի Փելեշյանն էլ ընտրվեց փոխքաղաքապետ։ Կառավարությունը հենց այս հանգամանքը մատնանշելով է, պնդում է, որ արտահերթ ընտրությունների հիմքեր չկան։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG