Մատչելիության հղումներ

Զինհաշմանդամներին հատկացվող գումարը «բավական չէ բնակարան գնելու համար»


Պաշտպանության նախարարությունն բնակարան գնելու վկայագրեր է հանձնել արդեն 170 շահառուների՝ հիմք ընդունելով նրանց գրանցման հասցեներն ու տվյալ համայնքում անշարժ գույքի կադաստրային գինը։

Քառօրյա պատերազմում ծանր վիրավորում ստացած և առաջին կարգի հաշմանդամներ դարձած Ավետիս Զարգարյանի և Ալբերտ Դալլաքյանի ծնողները հրաժարվել են բնակարան գնելու համար Պաշտպանության նախարարության հատկացված գումարներից՝ պնդելով, թե այն բավական չէ տուն գնելու համար:

Ավետիսի հայրը՝ Հայկազ Զարգարյանը, «Ազատության» հետ զրույցում ասաց, որ առաջարկվող 5,5 հազար դոլարով Վարդենիսում կարող է միայն գոմ գնել: Իսկ Ալբերտի մայրը վստահեցնում է, որ 10 հազար 500 դոլարով Վանաձորում չի կարող այնպիսի բնակարան գնել, որը գոնե որևէ հիվանդանոցի մոտ կլինի:

«Ես հրաժարվել եմ: Թքա՛ծ», - ասաց Ավետիս Զարգարյան հայրը: - «2 միլիոն 800 հազար․․․ Ոչ մի բան [չես գնի]․․․ գոմ: Կամ էլ մի հատ փլված, թուրքի մնացած տներից: Նախարարին էլ ես, առիթ եղավ, հանդիպեցի, ասացի, որ ես հրաժարվում եմ: Ասեց՝ մի բան կանենք: Լավ խոսք տվածին 3 տարի են սպասում»:

«Գումարը ներկայացված 5 միլիոն 200 հազար դրամ», - ասաց Ալբերտ Դալլաքյանի մայրը: - «Վանաձորում էդ գնով ես չեմ կարող ոչ մի տուն գնել»:

Ըստ նախագահի Սերժ Սարգսյանի ապրիլի 20-ին Պաշտպանության նախարարությանը տված հանձնարարականի, զոհված և առաջին կարգի զինհաշմանդամների ընտանիքներին բնակարանով ապահովելու խնդիրը վերջնականապես պետք է լուծվի ամենաուշը մինչև 2019 թվականի ավարտը:

Նախարարությունն բնակարան գնելու վկայագրեր է հանձնել արդեն 170 շահառուների՝ հիմք ընդունելով նրանց գրանցման հասցեներն ու տվյալ համայնքում անշարժ գույքի կադաստրային գինը։

Զինծառայողների ծնողները նման հաշվարկը արդարացի չեն համարում: Նրանք ասում են, թե կադաստրային գինը միշտ ավելի ցածր է շուկայականից:

Պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը չի կիսում այս կարծիքը՝ ընգծելով, թե որևէ տարբերություն չկա․ - «Կադաստրը ու շուկայական գինը նույնն են: Գյուղական համայնքներինը որոշվում է հետևյալ սկզբունքով․ տվյալ մարզի քաղաքներում եղած բազմաբնակարան շենքերի միջինացված գնի 70 տոկոսի չափով են հաշվարկում»:

Կառավարության աջակցությունից հրաժարված «Ազատության» զրուցակիցները նեղսրտում են՝ պնդելով, որ ապրիլյան քառօրյա պատերազմից հրաշքով փրկված իրենց երեխաների առողջական կարիքները ճիշտ չեն գնահատվել:

Ապրիլյան պատերազմում վիրավորված զինծառայողների ծնողները՝ Արմինե Դալլաքյանն ու Հայկազ Զարգարյանը, ասում են, որ մարզերում ապրելն իրենց տղաների համար կարող է կյանք արժենալ, չկան համապատասխան բուժկենտրոններ, որ յուրաքանչյուր պահի կարողանան հիվանդանոց հասցնել նրանց:

Արմինե Ղազարյանն ամիսներ է լուսացրել երևանյան հիվանդանոցներում: Ասում է, որ անգամ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին է դիմել՝ մեկ սենյակ ժամանակավոր ստանալու խնդրանքով, բայց մերժել են՝ հիշեցնելով, որ ինքը Լոռու մարզում է գրանցված․ - «Էրեբունի հիվանդանոցի հենց մոտ ես տուն եմ վարձում, որ իրա էդ վատանալը, ընդհանուր գիտակցությունը լրիվ կկորցնի ու կես ժամով, մի ժամով ինքը գիտակցության չի գա: Տեսողությունն ա կորցնում, որ ժամերով չի գա իրա տեսողությունը: Ես Ալբերտին ո՞նց տանեմ Վանաձոր, երբ որ բոլորս էլ գիտենք, որ մարզերում չկա բավականին բուժում»:

2017 թվականի համար այս ծրագրին հատկացվել է 1.5 մլրդ դրամ: Արծրուն Հովհաննիսյանի խոսքով՝ օրենքը առողջական վիճակից ելնելով տարանջատումներ չի ենթադրում․ - «Առողջական վիճակը տվյալ դեպքում գնահատվում է միայն հաշմանդամության կարգի համաձայն: Այլ չափորոշիչ էս հատկացման դեպքում չի կիրառվում, օրենքը դա չի նախատեսում: Ստեղ ուրիշ խնդիրներ կառաջանար․ ամեն մեկի հիվանդության համար, ըստ էության, առանձին բուժհիմնարկ է պետք, ամեն բուժհիմնարկի մոտ առանձին բնակարան է պետք․․․ Դա արդեն ուրիշ բաներ են դառնում լրիվ»:

«Աջակցություն վիրավոր զինվորներին և զինվորական հաշմանդամներին» հասարակական կազմակերպության նախագահ Հայկուհի Մինասյանն ամեն օր է շփվում այսպիսի խնդիրներով զինհաշմանդամների հետ: Նա հաստատում է ծնողների մտահոգություններն ու հիշեցնում, որ Պաշտպանության նախարարն ասել է, որ յուրաքանչյուր դեպքի անհատական մոտեցում կցուցաբերվի:

Մինասյանը նշեց, որ պետք է առաջին կարգի ծանր հաշմանդամների խնդիրները տարանջատվեն: Նա պնդում է, որ ծրագիրն իրականացվում է բազմաթիվ բացերով, համալիր մոտեցում է պետք՝ մյուս նախարարությունների, մարզպետարանների ու քաղաքապետարանների հետ միասին․ - «Եթե քաղաքապետարանը կարող է «իքս» տարում նվիրել տներ շոու բիզնեսի կամ արվեստի ներկայացուցիչների, ինչը պակաս կարևորդ չէ․․․ Բայց առաջնահերթ են զինհաշմանդամները: Եվ սխալ է, որ բացառապես Պաշտպանության նախարարության վրա է էս խնդիրը դրված: Միգուցե զոհվածներինը առանձնացվի, միգուցե երրորդ կարգինը հնարավոր լինի տալ կադաստրային արժեք, բայց առաջին կարգի հաշմանդամություն ունեցող անձանց պետք է առանձնացնեն: Չենք ասում բյուջեն ավելացրեք: Կարելի է, օրինակ, մի շենք սարքել հատուկ հաշմանդամների համար՝ բոլոր հարմարություններով, հատուկ այգով և հանձնել շահագործման»:

Հայկուհի Մինասյանի խոսքով՝ բնակարանի կադաստրային արժեքով տան գումար ստանալը ձեռընտու է միայն երևանաբնակների համար․ այստեղ գներն անահամեմատ բարձր են: Նա խոսքով՝ գյուղական տան դրսի զուգարանը ներսում սարքելու և դա հաշմանդամություն ունեցող մարդուն հարմարեցնելու համար ծախսվում է մոտավորապես 1 մլն դրամ, իսկ դա այն գումարի կեսն է, ինչը հատկացվել է քառօրյա պատերազմում վիրավորված զինհաշմանդամ Ավետիս Զարգարյանի ընտանիքին՝ տուն գնելու համար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG