Մատչելիության հղումներ

Մարուքյան․ Հանրապետության նախագահի ելույթով արձանագրվեց, որ իշխանությունը տեղյակ է եղել թալանի մասին


«Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյան
«Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյան

Սերժ Սարգսյանի հայտարարությունը ցույց է տալիս, որ բարձր իշխանությունը տեղյակ է եղել թալանի մասին, սակայն թալանչիներին ներել են, քանի որ նրանք ձայներ են ապահովել իշխանությունների համար, այսօր պատասխանելով «Ազատության» հարցին, կարծիք հայտնեց Ազգային ժողովի ընդդիմադիր «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը՝ անդրադառնալով շաբաթ օրը տեղի ունեցած Տեղական ինքնակառավարման մարմիններին նվիրված խորհրդաժողովում նախագահ Սերժ Սարգսյանի ելույթին:

Այդ ելույթում նախագահը համայնքապետերին զգուշացրել էր, որ եթե նրանք շարունակեն, չարաշահելով պաշտոնը, ժողովրդի փողերը տուն տանել, ապա Նոր տարուց հետո ներում չի լինելու: - «Մենք պատրաստ չենք տեսնելու, թե ձեզնից ոմանք ինչպես են մեր բնակչության փողերը տանում իրենց տուն: Ամո՛թ է», - ասել էր Սարգսյանը: - «Եվ խնդրում եմ, որևէ մեկը Նոր տարուց հետո՝ լինի մարզպետ, լինի նախարար կամ ինձ մոտ մարդ, չմիջնորդի որևէ համայնքապետի ներելու համար այդպիսի դեպքերում», - ընդգծել էր նա:

Էդմոն Մարուքյանը մեկնաբանում է․ - «Փաստորեն Հանրապետության նախագահի այդ ելույթով արձանագրվեց, որ բարձր իշխանությունը տեղյակ է եղել թալանի մասին, իրավապահ մարմինները իրենց տեղում են եղել, գործեր են հարուցել, ուսումնասիրել են՝ ինչպե՞ս է իշխանությունը իմացել, չէ՞, որ թալան է եղել: Հասել է տեղ դա, որ պետք է այս մարդը քրեական հետապնդման ենթարկվի կամ դատապարտվի, և ինչ-որ մարզպետ, տարածքային կառավարման նախարար միջնորդել է ու այդ մարդկանց ներել են: Եվ ըստ էության ոչ թե ՏԻՄ-ն է կայացել, այլ կայացել է թալանչիների մի մեծ խմբավորում, որը հետագայում իր ծառայություններն է մատուցել ամեն ընտրության ժամանակ: Եվ նրանք ներվել են, որովհետև լավ են ձայներ հավաքում, լավ են ընտրակաշառքը բաժանում: Եվ իշխանությունը ամենաբարձր մակարդակով ներել է այդ մարդկանց»:

Հաշվի առնելով նախագահի հայտարարությունը՝ Էդմոն Մարուքյանն ընդգծում է՝ Գլխավոր դատախազը պետք է ընթացք տա ելույթում հնչած մտքերին․ - «Եթե ես լինեի Գլխավոր դատախազը, ես անպայման ընթացք կտայի, կսկսեի զբաղվել այդ գործով, տեսնեի ո՞ր մարզպետներն են, որ միջնորդել են և ինչ ընթացակարգերով են ներվել»:

Հարցին, թե արդյոք հնարավոր է, որ «Ելքը» դիմի Գլխավոր դատախազին՝ Սերժ Սարգսյանի հայտարարություններին ընթացք տալու պահանջով, Էդմոն Մարուքյանն ասաց, թե դաշինքում այդ հարցը դեռ չեն քննարկել, սակայն երկրի ղեկավարը այդ հայտարարությունն արել է հրապարակային և իրավապահ մարմինները ցանկացած այդպիսի հայտարարություն պարտավոր են ուսումնասիրել:

ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանով
ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանով

Իշխող Հանրապետականի խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը, մինչդեռ, համաձայն չէ ընդդիմադիր գործընկերոջ հետ և հակադարձում է՝ Սերժ Սարգսյանի ելույթը հաղորդում չէ հանցագործության մասին, նախագահն ընդամենը իր մտահոգություններն է հնչեցրել:

«Պարոն նախագահի խոսքում որևէ հանցագործության մասին հաղորդում չկա», - պնդեց Շարմազանովը: - «Պարոն նախագահը, որպես պետության գլուխ, որպես քաղաքական թիմի առաջնորդ, տալիս է, նոր իրողություններին, նոր մարտահրավերներին ընդառաջ, ավելի արդյունավետ կառավարման խնդիր»:

«Ազատության» դիտարկմանը, թե նախագահը կոնկրետ փաստեր է ներկայացնում, ասելով, որ՝ գիտենք, տեղյակ ենք, թե ինչպես են նրանք, օգտագործելով իրենց համայնքապետի պաշտոնը, մեր բնակչության ունեցվածքը տանում: - «Եթե եղել են այդպիսի փաստեր, ինչո՞ւ մինչև օրս չունենք քրեական գործեր այդ համայնքապետերի վերաբերյալ, թե՞ ինչպես նախագահն է նշում՝ մինչև օրս ներել է և Նոր տարուց հետո որոշում է կայացվել, որ չի ներելու», - հարցին ՀՀԿ խոսնակը պատասխանեց․ - «Ես Ձեզ հստակ պատասխանեցի․ իմ պատասխանը կարող է Ձեզ բավարարել, կարող է՝ չբավարարել: Սա մեկ: Երկրորդը՝ քրեական գործեր պիտի լինեն, թե չպիտի լինեն՝ Ազգային ժողովը չի որոշում, ոչ էլ ԱԺ նախագահի տեղակալը, ոչ էլ Հանրապետական կուսակցության խոսնակը: Դրա համար կան համապատասխան իրավապահ մարմիններ: Համոզված եղեք, եթե կան նման հիմքեր, ապա քայլեր կարվեն»:

Մեր ճշտող հարցին՝ նախագահը առանց հիմքերի՞ էր այդ հայտարարություններն անում, Շարմազանովն արձագանքեց․ - «Ես նախագահի խոսքերի այդ մասը չպիտի վերլուծեմ: Նախագահը ինչ ասում է՝ ասում է հիմքով: Ինչ ասել է, ու դեռ կասի, ասում է հիմքով»:

Հարցին, թե ինչո՞ւ է նախագահը շեշտում, թե ժողովրդի ունեցածը տուն տանող համայնքապետերին հենց Նոր տարուց հետո չեն ներելու, Էդուարդ Շարմազանովը պատասխանեց՝ քանի որ Նոր տարուց հետո նոր իրողություններ են․ - «Պառլամենտական համակարգում ենք ապրում, նոր մարտահրավերներ են»:

«Ազատության» հարցին՝ խորհրդարանական համակարգը ի զորո՞ւ է գողերի հոգեբանությունը փոխել, ՀՀԿ խոսնակը պատասխանեց․ - «Ես, առհասարակ, որպես Հայ առաքելական քրիստոնյա, գտնում եմ, որ մարդու ապրելու իմաստը միշտ բարեփոխվելն է և անհույս մարդիկ չկան, որոնք չեն կարող փոխվել: Որովհետև Պողոս առաքյալը, որը քրիստոնյաների ամենամոլի հետապնդողն էր, դարձավ Պողոս և դարձավ Քրիստոսի ուսմունքի հետևորդը, բնականաբար ամենամոլի պաշտոնյան, որը իրականացնում է սխալ գործողություն, մի օր կարող է և շատ հնարավոր է՝ փոփոխության ենթարկվել»:

Ի դեպ, ընդդիմադիր «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը, ով 2010-ից 2012 թվականներին զբաղեցրել է Վայոց ձորի մարզպետի պաշտոնը, այսօր հաստատել է նախագահ Սերժ Սարգսյանի խոսքերը, անկեղծանալով՝ ժամանակին ինքն էլ գյուղապետերին ներելու հարցով մեկ անգամ դիմել է նախագահին, 2 անգամ էլ վարչապետին, քանի որ նրանց հանիրավի են մեղադրել՝ փորձելով շինծու մեղադրանքներ ներկայացնել:

«Այո, ես միջնորդել եմ Հանրապետության նախագահին, որ Արենի համայնքի ղեկավարին ների, որովհետև Արենիի համայնքի ղեկավարը անմեղ էր և փորձում էին գործ հարուցեին այդ գյուղապետի վրա, պատրվակով, որ իբրև թե Արենի վարչական տարածքում գտնվող քարանձավը տրամադրել է ապօրինի սննդի օբյեկտի կառուցմանը: Եվ նախագահը միջնորդել է, անարդարությունը վերացել է, մարդը չի պատժվել չարած բանի համար», - պատմեց Բագրատյանը:

Ի պատասխան «Ազատության» հարցին, թե արդյո՞ք Գլխավոր դատախազությունը ուսումնասիրելու է նախագահի հայտարարությունը, Դատախազության Հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը փոխանցեց․ - «Բոլոր տեղեկությունները, որոնցում առկա են առերևույթ հանցագործության մասին կոնկրետ տվյալներ և որոնց մասին ՀՀ դատախազությանը սահմանված կարգով հայտնի է դառնում, օրենքով նախատեսված ընթացակարգերով ստուգվում են և դրանց տրվում է համապատասխան իրավական գնահատական: Որևէ տարբերություն չի կարող լինել՝ խոսքը համայնքապետերի, թե՞ այլ պաշտոնատար անձանց հնարավոր գործողություններին կամ անգործությանն է վերաբերում: Մինչ այժմ համայնքապետի պաշտոն զբաղեցրած անձանց քրեական պատասխանատվության բազմաթիվ դեպքեր են եղել: Եվ հետայսու ևս բոլոր այն դեպքերում, երբ իրավապահ մարմինները կունենան նմանատիպ դրսևորումների մասին կոնկրետ փաստեր, դրանք կենթարկվեն լրիվ, օբյեկտիվ, բազմակողմանի ստուգման: Կոռուպցիոն կամ որևէ այլ բնույթի հանցագործություններում պաշտոնատար անձանց մեղսակցությունը հիմնավորվելու դեպքում կձեռնարկվեն օրենքով սահմանված բոլոր միջոցները՝ նրանց համապատասխան քրեական պատասխանատվության ենթարկելու՝ հարցը լուծելու ուղղությամբ»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG