Մատչելիության հղումներ

«Հանուն Հայաստան պետության» ճակատը երթ անցկացրեց «Ազատություն քաղբանտարկյալներին» կարգախոսով


«Հանուն Հայաստան պետության» ճակատի ներկայացուցիչները «Ազատություն քաղբանտարկյալներին» վանկարկումներով այսօր՝ Մարդու իրավունքների պաշտպանության օրը, երթով գնացին ՄԱԿ-ի և Եվրոպայի խորհրդի հայաստանյան գրասենյակներ՝ այդ կառույցներին հանձնելով իրենց նամակը։

Նամակում մասնավորապես նշվում է․ ֊ «Մտահոգված ենք, որ ԵՄ-ն բաց թողեց քաղբանտարկյալների ազատման հնարավորությունը՝ որպես համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ստորագրման նախապայման: Քանի, որ քաղբանտարկյալներին ազատ արձակելու առաջին հնարավորությունը բաց է թողնվել, ապա անհրաժեշտ ենք համարում, որպեսզի պայմանագրի վավերացման պայման ՀՀ իշխանությունների առաջ դրվի քաղբանտարկյալների ազատ արձակման պահանջը: Այն կառավարությունը, որն ունի քաղբանտարկյալներ, տեղ չունի քաղաքակիրթ աշխարհում, հատկապես եվրոպական ընտանիքում, որտեղ մարդու իրավունքները պահպանվում են ամենաբարձր մակարդակով»:

«Հանուն Հայաստան պետության» նախաձեռնությունը ստեղծվել է մեկ ամիս առաջ․ անդամները հիմնականում Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար, անցած տարվա հունիսից զանգվածային անկարգություններ նախապատրաստելու մեղադրանքով անազատության մեջ գտնվող «Հիմնադիր խորհրդարանի» առաջնորդ Ժիրայր Սեֆիլյանի համակիրներն են։ Մինչ երթով ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակ շարժվելը քննարկում տեղի ունեցավ հիմնադիր խորհրդարանի գրասենյակում։

«Իրավունքի և ազատության կենտրոն» հասարակական կազմակերպության նախագահ, իրավապաշտպան Վարդան Հարությունյանն ասաց՝ Հայաստանը մինչ օրս չի կարողացել պատշաճ պաշտպանել մարդկանց իրավունքները․ ֊ «ՀՀ-ում մարդկանց իրենց համոզմունքների համար չէ, որ դատում են, այլ դատում են իրենց գործի համար: Հայաստանում ցանկացած մեկը կարող է ունենալ անձնական կարծիք, դրա համար իրեն չեն դատում, բայց երբ ՀՀ քաղաքացին դուրս է գալիս հրապարակ կոնկրետ գործողության, այդ գործողությունը, եթե չի տեղավորվում իշխանական պատկերացումների շրջանակում կամ, եթե իշխանավորները կարծում են, թե դա ուղղված է իրենց դեմ, նրանք անում են ամեն ինչ, որ այդ մարդիկ հայտնվեն կալանավայրում»:

«Ազատության» հետ զրույցում իրավապաշտպան Արթուր Սաքունցն ասաց՝ 2015 թվականի սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի օրվանից հետո դրական չի գնահատում Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության բնագավառում տեղի ունեցող զարգացումները․ ֊ «Եթե օրենք կա, որի կիրառումը հանգեցրել է խախտմանը՝ սոցիալական, մշակութային, տնտեսական, ապա չի կարող նա Սահմանադրական դատարանում բողոքարկի այդ օրենքի դրույթի սահմանադրականությունը: Այս տեսակետից լուրջ հետընթաց է արդեն սահմանադրության մակարդակով: Նախկին Սահմանադրության հինգերորդ հոդվածով՝ սահմանադրական նորմերը գործում են անմիջականորեն, նորով սահմանադրական նորմերն արդեն անմիջական չեն գործում»:

Իրավապաշտպանը պնդում է՝ իշխանությունները կեղծում են ընտրությունները, ոտնահարում է խոսքի և հավաքների ազատությունը, իսկ նման երևույթները, Սաքունցի խոսքով, կհանգեցնեն կոլապսի, արտագաղթը ավելի կմեծանա․ ֊ «Ունենք լճացում: Եվ այս պարագայում, փոխանակ փոխենք այդ վարքագիծը, անպաժելիությունը հաղթահարելու, եղած սահմանափակ ռեսուրսները, որոնք սահմանափակվել են այդպիսի անպատժելի քաղաքականության հետևանքով, այդ սահմանափակ ռեսուրսները վերստին շահագործելու տրամաբանությունն է գործում՝ Ազգ -բանակի տեսքով, իբր խնայումների տեսքով: Սա բերելու է պետության՝ որպես ինստիտուտի ձևափոխման»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG