Այսօր Սաֆարյանին առաջադրված մյուս մեղադրանքի՝ Ցեղասպանության 100-րդ տարելիցին զանգվածային անկարգություններ կազմակերպելու գործով դատավարությանը դատախազը միջնորդեց կալանավորել Սաֆարյանին:
Ընդդիմադիր ակտիվիստը հայտարարեց, թե իրեն անազատության մեջ պահելու պատվերն իջեցված է նախագահականից, և լքեց նիստերի դահլիճը․ - «Պարզ է, որ քաղաքական որոշումը արդեն կայացված ա ինձ կալանավորելու: Հասկանում եմ, իհարկե, իշխանությունների վախը, մեր իշխանությունները իրենց շողքից են արդեն վախենում, ուր մնաց մեզանից չվախենան: Ստեղ արդեն պարզ ա․ դատարանը հրաման ունի և ինձ կալանավորելու ա: Ես լքում եմ դատական նիստը՝ համոզված լինելով, որ էդ հրամանը արդեն Բաղրամյանից ձեզ իջացված ա, դուք էլ, իհարկե, ենթարկվելու եք էդ հրամանին»:
Դատավոր Տաթևիկ Գրիգորյանն արգելեց Սաֆարյանին լքել դահլիճը, իսկ երբ վերջինս չենթարկվեց, նրա նկատմամբ սանկցիա կիրառեց՝ չորս ժամով հեռացնելով նրան դատական նիստից:
Դատախազի միջնորդությանը տեղում միայն բանավոր ընթացակարգով ծանոթացած փաստաբանները միջնորդում էին հետաձգել նիստը, որպեսզի կարողանան պատրաստվել, բայց դատավորն ընդամենը 30 տրամադրեց, չլսելով պաշտպաններին:
Փաստաբան Տիգրան Եգորյանը հեռացավ դատարանից: Նա փոխանցել էր, որ կփորձի գոնե էլեկտորնային փոստով դատարան ուղարկել իր միջնորդությունը: Բայց դատավորը սանկցիա կիրառեց պաշտպանի նկատմամբ՝ դիմելով փաստաբանների պալատ․ - «Եգորյանի գործողություններն ուղղված են բացառապես դատական նիստը խափանելուն, և կրկիր Եգորյանը իր դրսևորած վարքագծով փաստում է, որ շարունակում է չարաշահել իր դատավարական իրավունքները»:
Այսպիսով լսելով մյուս փաստաբաններին, ընդ որում Սաֆարյանին կալանավորելուն առարկեցին գրեթե բոլորը, դատավորն ընդամենը 20 րոպե անցկացնելով խորհդակցական սենյակում արդեն ոչ աշխատանաային ժամի՝ 18:10 հրապարակեց որոշումը․ - «Նրա նկատմամբ որպես խափանման միջոց կիրառել կալանավորումը»:
Փաստաբաններ Տիգրան Հայրապետյանը և Արայիկ Պապինյանը խայտառակություն որակեցին այսօր դատարանում կատարվածը:
«Այն, որ Գևորգ Սաֆարյանին պետք է կալանավորեին, չէինք կասկածում: Բայց ուղղակի այսպիսի պայմաններում այսպիսի միջնորդությունը այսպիսի ձևով, առանց թույլ տալու, որպեսզի մենք ծանոթանանք միջնորդությանը, բանավոր միջնորդության հիման վրա, առանց Գևորգ Սաֆարյանի, առանց Գևորգ Սաֆարյանի պաշտպանի, առանց իրավական հիմքերի, առանց հիմնավոր կասկածի առկայության, սա նշանակում ա, որ մի քանի քայլ մենք հետ գնացինք դեպի խորհրդային ժամանակները, որովհետև կալանքի գործերով այսօր եթե կա պատվեր, որևէ բան ուրիշ կարևոր նշանակություն չունի», - ասաց Հայրապետյանը:
Պապիկյանը հավելեց․ - «Միանշանակ Գևորգին ճաղերի հետևում պահելու խնդիր է դրված: Դատարանը 2017 թվականի մայիսի 16-ին սույն գործը վարույթ ընդունելու ժամանակ կայացրել էր որոշում Գևորգ Սաֆարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը՝ ստորագրություն չհեռանալու մասին, թողնել անփոփոխ: Այսինքն, դատարանը այդ պահին Գևորգ Սաֆարյանի կալանավորման հիմքեր կամ հիմնավոր կասկած չէր տեսել: Մենք ըստ էության ոչինչ չունենք փոփոխված: Ակնհայտ է, որ Գևորգ Սաֆարյանի նկատմամբ իրականացվում է քաղաքական հետապնդում, հաշվեհարդար»:
Սաֆարյանի մայրը ևս զարմացած չէր․ - «Գևորգին պատժելով՝ ուզում են վախի մեջ պահեն ժողովրդին, որպեսզի նրանք դեմ դուրս չգան իշխանությանը: Երկրորդը, որ Գևորգին ազատազրկեն, որպեսզի դադարեցնի իր քաղաքական գործունեությունը»:
Բազմաթիվ ընդդիմադիրների դատած առաջին ատյանի դատավոր Մնացական Մարտիրոսյանը Գևորգ Սաֆարյանին դատապարտել էր երկու տարվա ազատազրկման՝ Ամանորի գիշերը Ազատության հրապարակում ոստիկանի նկատմամբ բռնություն գործադրելու մեղադրանքով։ Վճիռը նույնն են թողել վերաքննիչ և վճռաբեկ ատյանները:
Իրավապաշտպանների գնահատմամբ գործը շինծու է՝ հիմնված միայն ոստիկանների կեղծ ցուցմունքների վրա: