Մատչելիության հղումներ

Վերդիի «ՌԵքվիեմը» կհնչի Ցեղասպանության հանցագործության զոհերի և Սպիտակի երկրաշարժի զոհերի հիշատակին


Դեկտեմբերի 9-ը Ցեղասպանության հանցագործության զոհերի հիշատակի օր է ընդունվել 2015 թվականի ՄԱԿ-ի ընդհանուր վեհաժողովի կողմից, և այդ օրը Հայաստանի ֆիլհարմոնիկ նվագախումբը և Հայաստանի պետական ակադեմիական երգչախումբը Իտալիայից և Ռուսաստանից ժամանած մենակատարների մասնակցությամբ Էդվարդ Թոփչյանի ղեկավարությամբ կներկայացնեն Վերդիի «Ռեքվիեմը»՝ նվիրված Ցեղասպանության հանցագործության զոհերի և Սպիտակի երկրաշարժի զոհերի հիշատակին:

Արդեն Հայաստանում են իտալական բելկանտոյի վարպետներ՝ աշխարահռչակ սոպրանո Էրիկա Գրիմալդին, լեգենդար բաս Ռոբերտո Սկանդիուցին, ինչպես նաև ռուսական վոկալ դպրոցի փայլուն ներկայացուցիչներ՝ մեցցո-սոպրանո Օլեսյա Պետրովան և հանրահայտ տենոր Գեորգի Վասիլևը:

Այսօր հրավիրված ասուլիսին նրանք շեշտում էին, որ արդեն երկու փորձ են անցկացրել նվագախմբի և երգչախմբի հետ և շատ տպավորված են:

Հայաստանի ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդվարդ Թոփչյանը նշեց, որ նվագախումբն ու երգչախումբը բազմիցս են կատարել Վերդիի «Ռեքվիեմը» ամենատարբեր մենակատարների մասնակցությամբ, և չափազանց ուրախալի է , որ այսօր նման բարձրակարգ երգիչներ են ընդունել իրենց հրավերն ու ժամանել Հայաստան:

«Վերդիի «Ռեքվիեմը» շատ կախված է մենակատարների մակարդակից: Մենք ձգտել ենք, որ հավաքենք հնարավորինս ուժեղ կազմ: Ձգտում ենք ամեն անգամ, բայց պետք է ասեմ, որ էսպես երբեք չէր ստացվում: Որովհետև իսկապես բոլոր չորսը ֆենոմենալ երգիչներ են: Միայն հպարտություն կարելի է ապրել, որ իրենք եկել են այսօր մեզ հետ երգեն: Երևի թե սա նաև Ֆիլհարմոնիկի նշանակությունը բարձրանալու հետ կապ ունի աշխարհում, որովհետև մենք արդեն կարողանում ենք բոլորի հետ խոսել, ինչը առաջ չէր ստացվում»:

Աշխարհահռչակ երգիչներն էլ շեշտեցին, որ առաջին անգամ են հանդես գալու Հայաստանում, հրավերն էլ ընդունել են, քանի որ խոսքը ոչ միայն Վերդիի հանճարեղ երաժշտության մասին էր, այլև, ինչպես շեշտեց աշխարահռչակ իտալացի բասը՝ Ռոբերտո Սկանդիուցին, իրենք տեղյակ են, որ այստեղ շատ բարձրակարգ երաժիշտների հետ են աշխատելու:

Նա նաև ասաց, որ երկու հայ հրաշալի երգիչների հետ է երգել աշխարհի լավագույն բեմահարթակներում՝ Գեղամ Գրիգորյանի և Հասմիկ Պապյանի: Ասաց, թե, ցավոք, ծանոթ չէ ցավոք հայկական երաժշտարվեստին, բայց շեշտեց, թե այն չափազանց բարձր պիտի լինի՝ «դատելով ձեր գենետիկ ծագումից»:

Աշխարահռչակ օպերային երգիչը հավելեց նաև, որ Վերդիի «Ռեքվիեմը» մի այնպիսի ստեղծագործություն է, որն ամեն անգամ կատարելիս հիշողության, ցավի և կորստի մեծագույն վերապրում է առաջացնում: Եվ ինքը հաճախ է մասնակցել Վերդիի «Ռեքվիեմի» կատարումներին հենց այդ պատճառով:

Ռոբերտո Սկանդիուցին ասաց, որ, լինելով իտալացի, գիտե, թե ինչ է նշանակում ցավը, կորուստ և հիշողությունը: Իր ընտանիքն այդ ամենի միջով անցել է Երկրորդ աշխարհամարտի տարիներին: Ինքն անձամբ Վերդի «Ռեքվիեմում» իր մասնակցությունն է ունեցել սեպտեմբերի 11-ի զոհերի հիշատակին, նաև Ֆլորենցիայի երկրաշարժի զոհերի հիշատակին նվիրված կատարումներում և այսօր էր , ասում էր , որ մեծագույն նվիրվածությամբ ու ներքին հոգևոր պարտականությամբ է մասնակցելու երևանյան կատարմանը:

«Ազատության» հարցին, թե արդյոք տեղյակ է, որ հայ ժողովուրդը նույնպես անցել է Ցեղասպանության միջով, պատախանեց՝ այո, և շարունակեց․ - «Ցեղասպանություն իրագործում են նրանք, ովքեր կարծում են, որ չկա կրոն և քաղաքաղաքականություն: Նրանք միշտ նոր պատճառ են գտնում սպանելու համար: Նրանց համար կրոնը գոյություն չունի»:

Վերդիի «Ռեքվիեմը»՝ հոգեհանգստյան պատարագը, Հայաստանի ֆիլհարմոնիկ նվագախմբի կատարմամբ վերջին անգամ Հայաստանում հնչել է երեք տարի առաջ՝ նվիրված մեծագույն դիրիժոր Կլաուդիո Աբբադոյի հիշատակին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG