Ամիսներ շարունակված հանդիպումներից ու քննարկումներից հետո՝ այսօր, Եվրամիությունն ու Մեծ Բրիտանիան հայտարարեցին, թե էական առաջընթաց են արձանագրել «Բրեքզիթ»-ի շուրջ բանակցություններում: «Առաջին փուլն ավարտված է», - հայտարարեց Եվրահանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերը Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյի հետ դեռ երեկվանից սկսած հանդիպումից հետո:
«Կարծում եմ, որ մենք արձանագրեցինք այն բեկումը, որի կարիքն ունեինք: Սա փոխադարձ զիջումների արդյունք է, որին մենք հասանք երկարատև և ինտենսիվ քննարկումներից հետո: Եվ ինչպես ցանկացած այլ բանակցություններում, այստեղ էլ կողմերը պարտավոր էին լսել միմյանց, ըստ այդմ հարմարեցնել իրենց դիրքորոշումները և փոխզիջման գնալու ցանկություն ցույց տալ: Սրանք դժվարին բանակցությունների էին թե՛ Եվրամիության, թե՛ Միացյալ Թագավորության համար», - ասաց Յունկերը:
Այս փուլում կողմերը վիճում էին երեք կարևորագույն հարցի շուրջ՝ ինչ իրավունքներ են ունենալու Եվրամիության քաղաքացիները Մեծ Բրիտանիայում, որքան գումար է վճարելու Լոնդոնը Բրյուսելին ապահարզանի դիմաց, և ինչ կարգավիճակ է ունենալու իռլանդական սահմանը: 1998 թվականին կնքված հաշտեցման պայմանագրով Հյուսիսային Իռլանդիայի և Իռլանդիայի Հանրապետության միջև սահման, ըստ էության, գոյություն չունի՝ փաստացի այն կա, սակայն իրականում այդ մասին միայն ճանապարհային նշաններն են հուշում: Կղզու երկու հատվածները պահանջում են, որ այս իրավիճակը պահպանվի նաև հետագայում, երբ Բելֆաստը կմնա Միացյալ Թագավորության կազմում, Դուբլինը՝ Եվրամիության: Դատելով վարչապետ Թերեզա Մեյի հայտարարություններից՝ Լոնդոնը պատրաստ է գնալ դրան:
«Մեզ հաջողվեց վճռորոշ համաձայնության գալ Հյուսիսային Իռլանդիայի հարցում և գտնել մի լուծում, որով կոշտ սահմաններ չեն լինի, բայց միևնույն ժամանակ կհարգվի Միացյալ Թագավորության՝ Սահմանադրությամբ ամրագրված տնտեսական ամբողջությունը: Մենք այս ուղղությամբ էինք աշխատում, և կարծում եմ, որ հաջողության հասանք», - ասաց Մեյը:
Կողմերի միջև այսօր ստորագրված 15-էջանոց փաստաթղթում նշվում է նաև, որ «Բրեքզիթ»-ից հետո Եվրամիության միլիոնավոր քաղաքացիները Մեծ Բրիտանիայում կշարունակեն ապրել այնպես, ինչպես նախկինում, և որ նրանց իրավունքները կերաշխավորվեն բրիտանական օրենսդրությամբ:
Բրյուսելին վճարվելիք գումարների մասով առայժմ մանրամասներ չեն հաղորդվում, կողմերը նշում են միայն, որ փոխհատուցումը լինելու է արդար բրիտանացի հարկատուների համար՝ առայժմ առանց հստակ թվերի:
«Ես շատ ուրախ եմ, որ կարող ենք անցնել առաջ և քննարկել արդեն առևտուրը, անվտանգությունը ու մեր ապագա՝ հավակնոտ ու դրական հարաբերությունները, որոնք բխում են բոլորի շահերից: Ես շարունակաբար ասել եմ, որ Մեծ Բրիտանիան ուզում է խորը և առանձնահատուկ համագործակցություն հաստատել Եվրամիության հետ», - ընդգծեց Միացյալ Թագավորության վարչապետը:
Բարձր գնահատելով այսօվա համաձայնությունը, Եվրամիության խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը միաժամանակ հայտարարեց՝ սա դեռ վերջի սկիզբն է, և առաջիկայում սպասվում են ավելի դժվարին հարցեր:
«Բաժանվելը բարդ է, բայց բաժանվելն ու նոր հարաբերություններ կառուցելը շատ ավելի բարդ է: «Բրեքզիթ»-ի հանրաքվեից մեկուկես տարի է անցել, այս ընթացքում մենք ճանապարհի առավել հեշտ մասն ենք անցել, հիմա պետք է բանակցենք անցումային համաձայնագրի և մեր ապագա հարաբերությունների շուրջ, ինչն համար փաստացի ունենք մեկ տարուց էլ քիչ ժամանակ», - ասաց Տուսկը:
Ըստ ավելի վաղ հաստատված ժամանակացույցի, Մեծ Բրիտանիան Եվրամիության կազմից դուրս կգա 2019 թվականի մարտի 30-ին: