«Նոր ինթիֆադա» Մերձավոր Արևելքում․ հազարավոր պաղեստինցիներ Երուսաղեմում, Գազայի հատվածում, Հորդանանի Արևմտյան ափին փողոց են դուրս եկել՝ իրենց բողոքը հայտնելու Միացյալ Նահանգների կողմից Երուսաղեմը Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու որոշման դեմ, որը աննախադեպ լարվածություն է առաջացրել առանց այդ էլ պայթյունավտանգ համարվող տարածաշրջանում:
Միջազգային լրատվամիջոցների փոխանցմամբ՝ բազմահազարանոց բողոքի ակցիաները, որոնք շարունակվում են նաև այսօր, ուղեկցվել են իսրայելական ոստիկանության և ցուցարարների միջև բախումներով: Արևմտյան ափից ստացվող տեղեկությունների համաձայն՝ երեկ ավելի քան հինգ տասնյակ պաղեստինցիներ վնասվածքներ են ստացել, նրանցից շատերը տեղափոխվել են հիվանդանոցներ:
Ոստիկանները ցուցարարների դեմ կիրառել են արցունքաբեր գազ և ռետինե փամփուշտներ, պաղեստինցի ցուցարարներն, իրենց հերթին, քարեր են շպրտել իսրայելցի ոստիկանների ուղղությամբ:
Բողոքի շղթայական ակցիաներ են տեղի ունենում ոչ միայն Պաղեստինի ինքնավարության բնակավայրերում, այլ նաև Եգիպտոսում, Հորդանանում, Թուրքիայում ու Մերձավոր Արևելքի տասնյակ քաղաքներում, մինչդեռ Միացյալ Նահանգների և Իսրայելի իշխանությունները պնդում էին, թե որոշումը կարող է նպաստել Մերձավոր Արևելքում խաղաղության ամրապնդմանը:
Գազայի հատվածը վերահսկող «Համաս» շարժման ղեկավար Իսմայիլ Հանիան երեկ հայտարարում էր, թե դեկտեմբերի 8-ը պետք է դառնա նոր ինթիֆադայի՝ Իսրայելի դեմ ապստամբության առաջին օրը:
Երուսաղեմը Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հրամանագիրը ցնցել է ամբողջ աշխարհը: Սպիտակ տան ղեկավարին քննադատում են համաշխարհային գրեթե բոլոր առաջնորդները՝ այդ թվում Վաշինգտոնի մերձավոր դաշնակիցները ինչպես Եվրոպայում, այնպես էլ Մերձավոր Արևելքում, մտավախություն հայտնելով, թե նրա այդ որոշումը կարող է է՛լ ավելի բարդացնել Մերձավոր Արևելքում ստեղծված առանց այդ էլ բարդ կացությունը՝ հանգեցնելով բռնությունների և բարդացնելով խաղաղության գործընթացը:
Պաղեստինյան իշխանությունները ի նշան բողոքի հրաժարվում են հանդիպել Միացյալ Նահանգների փոխնախագահ Մայք Փենսի հետ, ով պլանավորում է Իսրայել այցելել այս ամիս: Թե ինչու են այդպես որոշել՝ Պաղեստինի ինքնավարության ղեկավար Մահմուդ Աբասը առայժմ չի մեկնաբանել, սակայն ընդգծել է, որ Թրամփի քայլով Վաշինգտոնը դուրս մնաց Մերձավոր Արևելքի խաղաղ գործընթացներից:
Երուսաղեմի կարգավիճակի շուրջ վեճը մերձավորարևելյան կարգավորման առանցքային դրվագներից մեկն է, որի շուրջ բանակցությունների երաշխավորներից մեկն էլ Միացյալ Նահանգներն է. Մինչև 1967 թվականին տեղի ունեցած վեցօրյա պատերազմը Իսրայելը վերահսկում էր քաղաքի միայն արևմտյան հատվածը: Քաղաքի արաբական թաղամասերի հանդեպ վերահսկողություն սահմանելուց 13 տարի անց Իսրայելի խորհրդարանը Երուսաղեմը հռչակեց Իսրայելի մայրաքաղաք, ինչը, սակայն, միջազգային հանրությունը առայսօր չի ընդունում: Պաղեստինցի արաբներն, իրենց հերթին, համարում են, որ Արևելյան Երուսաղեմը պետք է դառնա անկախ Պաղեստինի մայրաքաղաքը:
Երուսաղեմը Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու Դոնալդ Թրամփի նախընտրական խոստումը, ինչպես նկատում են փորձագետները, տրամագծորեն տարբերվում է ԱՄՆ-ի՝ տասնամյակներ շարունակ վարած քաղաքականությունից, համաձայն որի՝ Երուսաղեմ քաղաքի կարգավիճակը պետք է որոշվի պաղեստինցիների հետ բանակցությունների արդյունքում: