Մատչելիության հղումներ

Օրենքը պետք է ծառայեցնել ընտանեկան բռնության կանխարգելմանը, ընդգծում է Մանե Թանդիլյանը


Ազգային ժողովը ուրբաթ առավոտյան քվեների 73 կողմ, 12 դեմ և 6 ձեռնպահ հարաբերակցությամբ առաջին ընթերցմամբ ընդունեց հասարակության շրջանում բուռն քննարկումների առարկա դարձած՝ «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանեկան բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» և կից ներկայացված օրենքների նախագծերը:

Օրինագիծը այս շաբաթ թեժ քննարկումների պատճառ դարձավ նաև խորհրդարանում, մասնավորապես՝ նախագծին դեմ բուռն ելույթներով հանդես էին գալիս իշխող Հանրապետական կուսակցության ներկայացուցիչներ, մտահոգություն հայտնելով, որ հասարակական կազմակերպություններին մեծ դերակատարություն է տրվում ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության գործով:

Ընդդիմադիր «Ելք» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանը, այդուհանդերձ, նախօրեին «Ազատության» հետ զրույցում կարծիք էր հայտնել, որ Հանրապետականը դեմ չի քվեարկի այս օրինագծին, հավելելով, որ օրենքը առաջին հերթին անհրաժեշտ է բռնությունը կանխելու համար:

«Եթե այդ օրենքը անհրաժեշտ է մեր պետությանը, մենք ընդունում ենք, եթե ոչ՝ չենք ընդունում: Եթե չընդունենք, մեզ դրա իրագործելու համար, բնական է, այն գումարները, որը խոստացվել է, չի տրամադրվելու: Այս օրենքը ընդունելու հետ կապված ֆինանսական ծախսեր են առաջանալու, և ես տեղեկություն ունեմ, որ նաև աջակցություն կա՝ եթե այս օրենքը ընդունվի, այդ ֆինանսական ծախսերը հոգալու հնարավորություն կա նաև, այո, Եվրոպական միության միջնորդությամբ», - «Ազատության» հեռուստաեթերում ասաց Թանդիլյանը՝ շարունակելով․ - «Այսինքն, այդ առումով, ասել, որ պարտադրված է դա՝ տեղի չէ: Եթե մեր պետությանը պետք չէ նման օրենք, ուղղակի այդ օրենքը կյանքի չի կոչվելու: Կա օժանդակություն, և որևէ պարտադրանք ես այստեղ չեմ տեսնում: Եթե մենք համարում ենք, որ չունենք նման կարիք, մենք կարող ենք չընդունել այդ օրենքը: Իսկ իրականությունն այն է, որ կարիք կա»:

Հարցին՝ «ինչո՞ւ առանձնացնել բռնության այս տեսակը», ընդդիմադիր պատգամավորը պատասխանեց․ - «Նախ և առաջ՝ խոսում ենք կանխարգելման մասին․ մենք պետք է այնպես անենք, որ գործը ծեծին չհասնի, կարճ ասած, այս օրենքը դրա համար պետք է ծառայեցնել: Որովհետև երբ գործը հասնում է ծեծին, արդեն այս օրենքը տեղին չէ, արդեն, այո, կարող է և քրեական օրենսդրությունը աշխատել, եթե կաշխատի»:

«Իրականում սա շատ նեղ և շատ ավելի լատենտայնություն ունեցող խնդիր է: Մարդիկ այդ մասին չեն խոսում, որովհետև տեղի է ունենում իրենց ընտանիքում, իսկ ընտանիքը նաև տաբու է և նաև մեր սուրբ միջավայրն է, որի մասին բացասականը մենք չենք ուզենա բարձրաձայնել: Եվ սա հենց այդ խնդրի համար է», - ընդգծեց Թանդիլյանը:

«Այնուամենայնիվ, որ ոստիկանակա՛ն միջամտությամբ դա հարթվի՝ այս մասով կա մտահոգություն, որ երրորդ անձն է, ոստիկանության այդ ստորաբաժանումը դեռ չգիտենք ինչ է», - այս դիտարկմանն էլ պատգամավորը արձագանքեց․ - «Ոստիկանության պատկերը այստեղ ինքը ավելի խստացնում է բռնարարի կամեցողությունը որևէ բան անելու, այսինքն՝ նա ակնհայտ տեսնում է, որ այստեղ լուրջ խնդիր կունենա: Իսկ եթե գալիս է հասարակական կազմակերպության ներկայացուցիչ, կամ սոցաշխատող, նրա ստատուսը հասարակության մեջ և որևէ բան կանխարգելելու կամ թույլ չտալու ավելի ցածր է, քան ոստիկանությանը»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG