Վլադիմիր Պուտինը դեկտեմբերի 6-ին վերջապես հայտարարեց, որ մասնակցելու է Ռուսաստանում եկող տարվա մարտի 18-ին անցկացվելիք նախագահական ընտրություններին:
Ռուսաստանի նախագահը այս մասին հայտարարեց ԳԱԶ գործարանում: Գործարանում նշում էին ԳԱԶ-ի 85-ամյակը, հավաքվել էին ընկերության շուրջ 4 հազար աշխատակիցներ, բանվորներ, թոշակառուներ, և ծափահարությունների ներքո Պուտինը հայտարարեց, որ գնում է ընտրություններին: «Ավելի լավ վայր երևի դժվար է պատկերացնել: Այո, ես առաջադրվելու եմ նախագահական ընտրություններին», - ասաց նա:
Ռուսաստանի համակարգային էլիտան շտապեց հայտարարել, որ սպասում էր այս անհրաժեշտ ու միանշանակ ճիշտ որոշմանը:
Լիբերալ դեմոկրատական կուսակցության առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկին, ով ավանդույթի համաձայն մասնակցելու է նախագահական ընտրություններին, ասաց, թե իրականում նախագահի երկու թեկնածու կա՝ Պուտինն ու ինքը:
Նույնը ասաց նաև կոմունիստների ղեկավար Գենադի Զյուգանովը, որ հերթական անգամ պատրաստվում է ընտրություններում պարտվել Պուտինին։
Ընտրություններին մասնակցելու է նաև բիզնես օմբուդսմեն Բորիս Տիտովը: Նա երեկ հայտարարեց, թե հասկանում է, որ Պուտինին հնարավոր չէ հաղթել, և ինքը գիտի, որ պարտվելու է Պուտինին։
Ընտրություններին մասնակցելու է նաև հեռուստաաստղ Քսենիա Սոբչակը: Նա նույնպես հայտարարել է, որ հաղթելու է Պուտինը, և ինքը՝ Սոբչակը մասնակցում է ընտրություններին սոսկ ցույց տալու համար, որ երկրում կան մարդիկ, ովքեր Պուտինին դեմ են։
Պուտինի հիմնական մրցակիցը կարող էր լինել ընդիմադիր Ալեքսեյ Նավալնին, ով բազմահազարանոց հավաքներ է կազմակերպում, բայց նրան թույլ չեն տալիս գրանցվել որպես նախագահի թեկնածու՝ դատվածության պատճառով։
Փորձագետները նշում են, որ պետք չէ Պուտինի դե յուրե չորրորդ, իսկ իրականում՝ հինգերորդ նախագահական ժամկետից բարեփոխումներ ակնկալել: Ինչպես ասում է Բելկովսկին, Պուտինը կոնսերվատոր է, և բարեփոխումները հակասում են նրա էությանը։
Վլադիմիր Պուտինն առաջին անգամ նախագահ է ընտրվել 2000 թվականին, դառնալով Ռուսաստանի առաջին նախագահ Բորիս Ելցինի ժառանգորդը: 2004-ին նա վերընտրվել է, իսկ 2008-ին ՌԴ Սահմանդրության պահանջով հեռացել է նախագահի պաշտոնից, այն զիջելով իր թիմակից և վաղեմի ընկեր՝ ներկայիս վարչապետ Դմիտրի Մեդվեդևին։ Վերջինիս օրոք նախագահության ժամկետն ավելացվել է երկու տարով:
Հավելենք, որ ՅՈւԿՕՍ-ի նախկին սեփականատեր Միխայիլ Խոդորկովսկին, ով Պուտինի թշնամին էր համարվում և ում մի քանի տարի առաջ երկրից հեռանալու պայմանով Ռուսաստանի նախագահը ներում է շնորհել, գրել էր, որ եթե Վլադիմիր Պուտինը 2008-ին հեռանար, մարդկանց հիշողության մեջ կմնար որպես դրական գործիչ, եթե որոշեր հեռանալ այսօր՝ հակասական գործիչ, հիմա ծիծաղի առարկա դառնալու ճանապարհին է։