Մատչելիության հղումներ

Հետազոտություն․ Երևանցիները սպառում են ծանր մետաղներով աղտոտված միրգ ու բանջարեղեն


Ըստ ԳԱԱ Էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոնի սննդի շղթայի ռիսկերի գնահատման կենտրոնի հետազոտության արդյունքների, Երևանի բնակիչների օգտագործած լոլիկը, խնձորը, պղպեղը, գազարն ու կանաչեղենը ծանր մետաղներով աղտոտված են:

«Հինգ մթերքում արդեն 1.8 անգամ ռիսկը գերազանցում ա, առողջական ռիսկը երևանցիների: Միայն այս հինգ մթերքի սպառման արդյունքում: Ծանր մետաղներից եղել է պղինձ, եղել է նիկել, եղել է կապար, եղել է մկնդեղ, եղել է սնդիկ և կադմիում», - «Ազատության» հետ զրույցում ասաց կենտրոնի ղեկավար Դավիթ Պիպոյանը:

Հետազոտությունն իրականացնելիս հաշվի է առնվել նաև, թե սպառողը յուրաքանչյուր մթերքն ինչ քանակով է օգտագործում։ Որքան հաճախ է տվյալ պտուղը կամ բանջարեղենը հայտնվում սպառողի սեղանին, այնքան ավելի է մեծանում ռիսկը, որ օրգանիզմում ծանր մետաղներ կհայտնվեն․ - «Առաջին հորիզոնականում առողջական ռիսկի ինդեքսով լոլիկն է: Որից հետո գալիս է խնձորը, որովհետև երևանցիները շատ սիրում են ամռանը անընդհատ սեղանին խնձոր դնել: Որից հետո գալիս է պղպեղը, հետո՝ կանաչեղենը, հետո՝ գազարը: Այստեղ ևս, եթե ուշադրություն դարձնեք, ռիսկը ավելի շատ առաջանում է ըստ սպառման ծավալների և ընդունման հաճախականության»:

Երևանում ուսումնասիրությունները դեռ շարունակվում են։ Մասնագետներին հատկապես հետաքրքրում է ամռանը մեծ ծավալներով սպառվող ձմերուկի և սեխի բաղադրությունը։

Եվ եթե մայրաքաղաքի դեպքում հետազոտությունը չի որոշում, թե որտեղ է աճեցվել ծանր մետաղներ պարունակող մթերքը, մեկ այլ ուսումնասիրություն փաստում է պտուղ-բանջարեղենի աղտոտվածությունը հստակ վայրում։ Խոսքը Սյունիքի մարզում պղնձամոլիբդենային հանքի Արծվանիկի պոչամբարի հարևանությամբ գտնվող Սյունիք գյուղի մասին է։ Մշակաբույսերում հայտնաբերվել է պղնձի, մոլիբդենի, սնդիկի ու մի շարք այլ ծանր մետաղների թույլատրելի սահմանային խտության գերազանցում։

«Առաջին հատվածում թույլատրելի շեմը գերազանցվում է 4 անգամ, իսկ այն լոբին, որը արտադրվում է հենց շահագործվող տարածքների մոտ, կարող ենք նկատել, որ մինչև 25 անգամ առողջական ռիսկը գերազանցվում է», - ասաց Պիպոյանը:

Ծանր մետաղներով աղտոտված սննդի օգտագործումը կարող է հանգեցնել առողջական մի շարք խնդիրների, այդ թվում՝ քաղցկեղի առաջացման․ - «Մոլիբդենը օրգանիզմում անտոգոնիստն է երկաթի, և կարող է օրգանիզմից դուրս մղել երկաթը: Եվ եթե դուք ունեք մետաղական բարձր գործոններ, մասնավորապես, կարող է լինել ընդհուպ ուռուցքածին ռիսկ, տեսեք ինչումն է խնդիրը․ քո պատճառը ոչ թե երկաթի պակասն է, այլ մոլիբդենի ավելցուկը, որը որ երկաթը դուրս է մղում»:

Համայնքների խոշորացումից առաջ Սյունիք գյուղը ղեկավարած Սամվել Սարգսյանը 2013-ին մեկնարկած ուսումնասիրությունը հնացած է համարում։ Հավաստիացնում է, որ պոչամբարից ընդամենը 1 կմ հեռու գյուղում աղտոտված հողեր այժմ չկան․ - «Հիմա էդ հողերը ջրվում ա մաքուր ոռոգման ջրով: Ով որ նման պանիկա է անում, ո՛չ հավատացեք, ո՛չ էլ նրանց ջաղացին ջուր լցրեք: Մենք էդ հողամասերը, որտեղ, ասենք, աղտոտված ա եղել, դրել ենք առվույտի ցանքի տակ: Առվույտն էլ հողից էդ ծանր մետաղները կլանում ա»:

Գյուղապետը միաժամանակ նշում է, որ հողի բաղադրության ուսումնասիրություն ենթադրյալ մաքրումից հետո չի անցկացվել։

Ի՞նչ է ձեռնարկել Գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը։ Մամուլի քարտուղար Նվարդ Առաքելյանն «Ազատության» հետզրույցում նշեց, որ նախկինում միայն ահազանգերի հետքերով են գնացել, լայնամասշտաբ ուսումնասիրություն չունեն, բայց առաջիկա ամիսներին նախատեսում են․ - «Խնդիրը նոր չի: Այնպես չի, որ հենց այս պահին է պետք դրանով զբաղվել: Խնդիրը ավելի շուտ համակարգային և ամբողջական լուծման կարիք ունի: Իսկ եթե էստեղ նշենք նաև, որ պտուղ-բանջարեղենը չմակնշվող մթերք ա․․․ էստեղ տարանջատման խնդիր ա գալիս: Մենք ձեր հարցերին կպատասխանենք մոնիտորինգի ամբողջական պատկերն ու արդյունքներն ունենալուց հետո»:

Ինչպիսի փոփոխությունների է ենթարկվում հայաստանցիների օրգանիզմը ծանր մետաղներով աղտոտված սնունդ ընդունելուց հետո։ Կա՞ արդյոք նման հետազոտություն։ Առողջապահության նախարարությունից «Ազատությանը» խոստացան պատասխանել ավելի ուշ։

Մինչ այդ սննդագիտության դոկտոր Դավիթ Պիպոյանը մատնանշելով Երևանում անցկացրաս ուսումնասիրությունն ահազանգում է․ - «Եթե ավելացնենք նաև ձմերուկը, ավելացնենք նաև սեխը, նաև համադրելով մեր այլ հետազոտությունների հետ, ասեմ, որ երևանցիների սպառնում է ոչ առողջ հասարակություն ընդամենը հաշված տարիների ընթացքում»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG