Մատչելիության հղումներ

Մանսուրյանի «Ռեքվիեմը» ներկայացվել է «Գրեմմի» մրցանակաբաշխությանը


2018 թվականի հունվարի 18-ին Նյու Յորքում տեղի կունենա «Գրեմմի» հոբելյանական՝ 60-րդ մրցանակաբախշությունը, որի հավակնորդների ցուցակը պաշտոնապես հրապարակվեց անցած ամիս:

Արդեն հայտնի է, որ հեղինակավոր այդ մրցանակաբախշության հավակնորդների շարքում է մեր լավագույն կոմպոզիտորներից Տիգրան Մանսուրյանը: Նա առաջադրվել է միանգամից երկու անվանակարգում ՝«Լավագույն դասական ստեղծագործություն» և «Լավագույն երգչախմբային կատարում» անվանակարգերում:

Ուշագրավ է, որ «Գրեմմիի» հավակնորդների թվում է նաև մեր մեծանուն կոմպոզիտորի պրոդյուսերը՝ Մանֆրեդ Այխերը: Նա առաջադրվել է «Լավագույն պրոդյուսեր դասական ոճում» անվանակարգում:

Տիգրան Մանսուրյանն ուրախ է, որ իր անունը «Գրեմմիի» հավակնորդների շարքում է, բայց առայժմ վաղ է համարում այդ մասին խոսելը․ - «Թող լինի այդ բանը, մենք այդ մասին խոսենք: Հիմա չարժի, անշուշտ չարժի»:

Այդուհանդերձ կոմպոզիտորը փոխանցեց, թե իր որ ստեղծագործություններ են ներկայացվել այդ հեղինակավոր մրցանակաբաշխությանը․ - «Ե՚վ իմ «Ռեքվիեմը», և՛ Բեռլինի «Ռիաս» երգչախումբը, որը կատարում է, և Մյունխենի կամերային նվագախումբը, նաև պրոդյուսերը, որը այս ամբողջը կազմակերպել և ղեկավարել է՝ Մանֆրեդ Այխերը»:

«Գրեմմի» մրցանակաբախշությանը ներկայացված Տիգրան Մանսուրյանի «Ռեքվիեմը» նվիրված է Հայոց ցեղասպանության զոհերի հիաշատակին և առաջին անգամ Հայաստանում հնչել է Հայաստանի ֆիլհարմոնիկ նվագախմբի, Հայաստանի պետական և Հովեր կամերային երգչախմբերի կատարմամբ 2013 թվականի ապրիլի 24-ին՝ Մեծ Եղեռնի տարելիցին՝ ոգեկոչելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը:

Տիգրան Մանսուրյանն այս մեծածավալ կտավը՝ հայկական առաջին ռեքվիեմը, գրել է 2011 թվականին Մյունխենի սիմֆոնիկ նվագախմբի պատվերով: Այդ իսկ պատճառով մի որոշակի ժամանակահատված այդ նվագախմբին էր պատկանում «Ռեքվիեմի» կատարման առաջնային իրավունքը:

Ի դեպ, համաշխարհային մի շարք ազդեցիկ երաժշտագետներ Մանսուրյանի այս ստեղծագործությունը գնահատել են իբրև բացառիկ երևույթ ժամանակակից երաժշտարվեստում, նոր, հեղափոխական խոսք մինչև այժմ գրված հանրահայտ ռեքվիեմների շարքում:

Այժմ աշխարհի ամենահեղինակավոր նվագախմբերն ու երգչախմբեր են կատարում Մանսուրյանի «Ռեքվիեմը», որն այսօր ներկայացված է ամերիկյան այդ հեղինակավոր մրցանակաբախշությանը, և որը կոմպոզիտորի նվագախմբային և հատկապես խմբերգային ստեղծագործությունների շարքում լավագույններից մեկն է:

Ի դեպ, մաեստրոն շատ բարձր է գնահատում խմբերգային արվեստը և «Ազատության» հետ զրույցի ընթացքում շեշտում էր, որ շատ ուրախ է, որ խմբերգային արվեստը Հայաստանում լուրջ զարգացում է ապրում: Շեշտեց, որ այսօր միաժամանակ մի քանի պետական երգչախմբեր ուներնք, որոնք հրաշալիորեն ներկայացնում են ոչ միայն հայկական հոգևոր և ազգային երաժշտությունը, այլև լավագույն արևմտյան հեղինակների ստեղծագործություններ․ - «Որպեսզի դու ունենաս տուն-տեղ, ունենաս դպրոց, նախ պետք է ունենաս եկեղեցի: Երաժշտության մեջ այդ աշխատանքը սկսվում է երգչախմբից․ ինչպես եկեղեղին, այնպես լինում է երգչախումբը, որից հետո գալիս են նվագախմբեր, գործիքային երաժշտություն և այլն: Առաջնահերթը երգչախումբն է, դրա համար Կոմիտաս և նրան հաջորդող ամբողջ կոմպոզիտորական մի դպրոց՝ Խաչատրյանով, Բաբաջանյանով, Միրզոյանով, այսօրվա սերնդով, և անշուշտ այս պահին շատ իր ամուր հիմքերի վրա պահել կոմիտասյանը, այն, որ եկեղեցին է, երաժշտական ամբողջ մարմնի իրականության»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG