Մատչելիության հղումներ

Միջազգային հանրությունը խստորեն քննադատում է Թրամփի` Երուսաղեմը Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու մտադրությունը


ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն Երուսաղեմում, 23-ը մայիսի, 2017թ․
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն Երուսաղեմում, 23-ը մայիսի, 2017թ․

Միջազգային հանրությունը միակարծիք է` պաշտոնական Վաշինգտոնի կողմից Երուսաղեմի ճանաչումը որպես Իսրայելի մայրաքաղաք կարող է է՛լ ավելի բարդացնել Մերձավոր Արևելքում ստեղծված առանց այդ էլ բարդ կացությունը:

Տեղեկությունները, որ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփն արդեն իսկ նման որոշում է կայացրել, սկսեցին շրջանառվել երեքշաբթի երեկոյան: CNN հեռուստաընկերությունը, վկայակոչելով Սպիտակ տան բարձրաստիճան պաշտոնյաներից մեկին, պնդում է, որ Երուսաղեմը որպես Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու և ամերիկյան դեսպանատունը Թել Ավիվից Երուսաղեմ տեղափոխելու մասին հայտարարությունը ԱՄՆ նախագահը կհնչեցնի արդեն այսօր:

Միացյալ Նահանգների նախագահի սպասվող այս քայլը, սակայն, արդեն իսկ արժանանում է բավական կոշտ գնահատականների: Դա, թերևս, այն եզակի դեպքն է, երբ Թրամփին քննադատում են թե՛ նրա ընդդիմախոսները և թե՛ Վաշինգտոնի ամենամերձավոր զինակիցները, ինչպես, օրինակ, Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Բորիս Ջոնսոնը:

«Մենք մտահոգությամբ ենք հետևում շրջանառվող այս տեղեկություններին: Մեր համոզմամբ՝ Երուսաղեմի կարգավիճակը պետք է դառնա իսրայելա-պաղեստինյան վերջնական խաղաղ կարգավորման բաղադրիչներից մեկը: Մենք ինքներս [բրիտանական] դեսպանատունը տեղափոխելու որևէ մտադրություն չունենք», - հայտարարում էր Միացյալ Թագավորության դիվանագիտական գերատեսչության ղեկավարը:

Միջազգային ասպարեզում Թրամփի վարչակազմի գլխավոր ընդդիմախոսներից մեկը` Իրանի հոգևոր առաջնորդ այաթոլա Ալի Խամենեին ևս քննադատել է Սպիտակ տան մտադրությունը, նշելով․ - «Երուսաղեմը օկուպացված Պաղեստինի մայրաքաղաք հռչակելու ցանկությունը Թրամփի ձախողված և ոչ-կոմպետենտ քաղաքականության հետևանքն է»:

Կաթոլիկների հոգևոր առաջնորդ Ֆրանցիսկոսը ևս համոզված է` համաշխարհային երեք կրոնների սրբավայր համարվող Երուսաղեմի վերաբերյալ նման հապշտապ որոշումների ընդունումը ի վերջո խիստ բացասական հետևանքների է հանգեցնելու:

«Ես չեմ կարող թաքցնել վերջին օրերին Երուսաղեմի շուրջ ստեղծված կացության առթիվ իմ խորին մտագոհությունը: Ես դիմում եմ բոլոր շահագրգիռ կողմերին Միավորված Ազգերի Կազմակերպության բանաձևերին համապատասխան ստեղծված ստատուս քվոն հարգելու կոչով», - հայտարարում էր Հռոմի Պապը:

Պաշտոնական Մոսկվան ևս լրջորեն մտահոգված է Երուսաղեմի կարգավիճակի շուրջ ամերիկյան կողմի սպասվող քայլերի առթիվ: Այդ մասին այսօր նշել է Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը:

Թուրքիայի իշխանությունները նույնպես զգուշացնում են Վաշինգտոնին, որ Երուսաղեմի ճանաչումը որպես Իսրայելի մայրաքաղաք կարող է հանգեցնել անդառնալի հետևանքների: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը, օրինակ, երեկ չբացառեց, որ նման որոշում ընդունելու պարագայում Անկարան կարող է խզել դիվանագիտական հարաբերությունները Իսրայելի հետ:

Հարավային Կորեայում պաշտոնական այցով գտնվող Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը նույնպես զգուշացնում էր ամերիկյան իշխանություններին: «Պնդումներ կան, որ Միացյալ Նահանգների իշխանությունները մտադիր են ամերիկյան դեսպանատունը տեղափոխել Երուսաղեմ, ինչպես նաև այդ քաղաքը ճանաչել որպես Իսրայելի մայրաքաղաք: Ամեն դեպքում, դա անօրինական որոշում կլինի, որի հետևանքով՝ առկա խնդիրների լուծումը վերջնականապես փակուղում կհայտնվի», - նշում էր Յըլդըրըմը:

Reuters-ի տեղեկություններով, չնայած միջազգային այս ճնշմանը՝ Դոնալդ Թրամփը չի պատրաստվում հրաժարվել ամերիկյան դեսպանատունը Երուսաղեմում վերատեղակայելու մտադրությունից: Նույն աղբյուրի փոխանցմամբ, այդուհանդերձ, չնայած աղմկալի այս որոշմանը՝ ամերիկացի դիվանագետները մոտ ապագայում Թել Ավիվից Երուսաղեմ չեն տեղափոխվի:

«Դեսպանատան վերատեղակայումը կարող է տևել երեքից չորս տարի», - նշում է Reuters-ը՝ ընդգծելով, որ այդ ընթացքում ամերիկյան կողմը պետք է լուծի անվտանգության խնդիրները, դեսպանատան համար շենք հայթայթի, ամերիկացի դիվանագետներին ապահովի բնակարաններով:

Երուսաղեմի կարգավիճակի շուրջ վեճը մերձավորարևելյան կարգավորման առանցքային դրվագներից մեկն է: Մինչև 1967 թվականին տեղի ունեցած վեցօրյա պատերազմը Իսրայելը վերահսկում էր քաղաքի միայն արևմտյան հատվածը: Քաղաքի արաբական թաղամասերի հանդեպ վերահսկողություն սահմանելուց 13 տարի անց` 1980 թվականի ամռանը Իսրայելի խորհրդարանը Երուսաղեմը հռչակեց Իսրայելի «միասնական և անքակտելի մայրաքաղաք»: Միջազգային հանրությունը, սակայն, այս որոշումը չի ընդունում` Իսրայելում իր դիվանագիտական ներկայացուցչությունները տեղակայելով Թել Ավիվում: Պաղեստինցի արաբներն իրենց հերթին համարում են, որ Արևելյան Երուսաղեմը պետք է դառնա անկախ Պաղեստինի մայրաքաղաքը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG