Ֆրանսիայում 74 տարեկան հասակում մահացել է հայտնի ռոք աստղ Ջոննի Հոլիդեյը: Լրատվամիջոցները հաղորդում են, որ նա թոքերի քաղցկեղ ուներ:
Ջոննի Հոլիդեյին կոչում էին «ֆրանսիական Էլվիս Փրեսլի»: Նա առաջինն էր, որ ֆրանսերենով սկսեց ռոք կատարել:
Ստեղծագործական կյանքի ընթացքում Հոլիդեյն ավելի քան հազար երգ է գրել, նրա ձայնագրությունների շուրջ 100 միլիոն սկավառակ է վաճառվել, նա նկարահանվել է մի քանի ֆիլմում:
1997 թվականին Ֆրանսիայի նախագահ Ժակ Շիրակը Ջոննի Հոլիդեյին պարգևատրել է Պատվո լեգեոնի շքանշանով:
Ֆրանսիայում Հոլիդեյն այնքան ճանաչված ու սիրված է, որ նրա մահվան մասին հաղորդել է երկրի նախագահի գրասենյակը: «Բոլորիս մեջ մի քիչ Ջոննի կա», - ասել է Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնը:
Ջոննի Հոլիդեյը 1988-ին մասնակցել էր «Քեզ համար Հայաստան» երգի կատարմանը, որը Շառլ Ազնավուրը և Ժորժ Կառվարենցը գրել էին աղետալի երկրաշարժից մի քանի օր անց: