Մատչելիության հղումներ

Ռուսաստանը չի մասնակցի 2018-ի ձմեռային Օլիմպիական խաղերին


Միջազգային օլիմպիական կոմիտեն (ՄՕԿ) արգելեց Ռուսաստանի հավաքականին մասնակցել 2018 թվականին Հարավային Կորեայում կայանալիք ձմեռային Օլիմպիադային` «հակադոպինգային համակարգում կատարված շարունակական և աննախադեպ կեղծիքների պատճառով»: Երեքշաբթի օրը Լոզանում տեղի ունեցած նիստից հետո ՄՕԿ-ը հայտարարեց` որոշ ռուս մարզիկներ կարող են անհատապես մասնակցել խաղերին` հանդես գալով չեզոք` Օլիմպիական դրոշի ներքո:

Ձմեռային խաղերի պատմության մեջ առաջին անգամն է, որ որևէ երկիր զրկվում է մասնակցությունից։ ՄՕԿ-ի աննախադեպ այդ որոշմամբ որակազրկվել է նաև Ռուսաստանի օլիմպիական կոմիտեն, իսկ փոխվարչապետ Վիտալի Մուտկոն ու Սպորտի հարցերով փոխնախարար Յուրի Նագորնիխը ցկյանս զրկվել են օլիմպիական ավաններ այցելելու իրավունքից: Ռուս պաշտոնյաների նկատմամբ պատժամիջոցներից բացի, ՄՕԿ-ը պարտավորեցրել է Ռուսաստանին 15 միլիոն դոլար վճարել` դոպինգային խախտումների շուրջ հետաքննության ծախսերը փոխհատուցելու համար:

Մոսկվան հայտարարել է, թե բողոքարկելու է այս որոշումը, որոշ պաշտոնյաներ էլ պնդել են, թե «անհրաժեշտ է բոյկոտել առաջիկա Օլիմպիադան»:

Ավելի վաղ ՄՕԿ-ի անցկացրած անկախ հետաքննությունների արդյունքում պարզվել էր, որ 2014-ի Սոչիի Օլիմպիադայից առաջ ռուսները աննախադեպ կեղծիքների են դիմել, տասնյակ մարզիկներ արգելված խթանիչներ են օգտագործել, ընդ որում, այդ խախտումները վերահսկվել են պետական մակարդակով: Հետաքննությունների արդյունքում Ռուսաստանի հավաքականը զրկվել է 11 մեդալներից, 25 մարզիկ էլ զկյանս որակազրկվել է:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG