Չնայած իշխող Հանրապետականը մերժել էր Պաշտպանության նախարարության առաջարկը՝ օրենքով սահմանել, որ բանակից խուսափած և հետախուզման մեջ գտնվող Հայաստանի քաղաքացիներին վերջին անգամ հնարավորություն տրվի վերադառնալ, մուծել սահմանված գումարն ու ազատվել քրեական հետապնդումից, այդուհանդերձ Պաշտպանության փոխնախարար Արտակ Զաքարյանը խորհրդարանի ամբիոնից պաշտոնապես հայտարարեց՝ օրենքն այլևս չի երկարացվելու, սա վերջին անգամն է․ - «Օրենքը ինչ-որ մի ժամանակ հետո սահմանափակի իր գործողությունները, դուրս գա իրավական համակարգից, որպես մեխանիզմ ծառայությունից խուսափելու համար: Եվ դրանով պայմանավորված, հեղինակների հետ աշխատանքի արդյունքում եկել ընդհանուր մոտեցումների»:
Արտակ Զաքարյանի խոսքով՝ օրենքը բանակից խուսափածների մասին է, արդեն ծառայում է ոչ թե բարի նպատակների, այլ հնարավորություն է զինվորական ծառայության չգնալ:
Այսպիսով, ըստ օրենքի, բանակից խուսափած և հետախուզման մեջ գտնվող Հայաստանի քաղաքացիներին հնարավորություն կտրվի մինչև 2019 թվականի դեկտմբերի 31-ը վերադառնալ, մուծել սահմանված 3 միլիոն 600 հազար դրամը և ազատվել քրեական հետապնդումից:
Պատասխանելով ընդդիմադիր «Ելք»-ի պատգամավոր Սասուն Միքայելյանի հարցին, թե ինչ է սպասվում նրանց, ովքեր այնուամենայնիվ չեն ներկայանա մինչև սահմանված ժամկետը, Պաշտպանության փոխնախարարը հստակեցրեց՝ քրեական հետապնդում․ - «Դրանից հետո ովքեր որ չեն ներկայանում, ունեն մի քանի ճանապարհ․ կամ դատական կարգով կրել պատասխանատվություն կատարված հանցագործության համար՝ եթե վաղեմության ժամկետը չի ավարտվել, և շարունակել օտար ափերում անցկացնել ժամանակ․․․ Խուսափել ա, ինը տարի շարունակ, 18 զորակոչ խուսափել է ծառայությունից: Էլ ո՞նց ապացուցի, որ իրա նպատակը ծառայությունից խուսափելն ա եղել: Այսինքն, սա մենք գործ ունենք միջին կարգի ծանրության հանցագործության հետ: Հիմա եթե մեկը գողություն ա անում կամ մարմնական վնասվածք ա հասցնում, մենք ի՞նչ ասենք, ասենք՝ լավ, մեր քաղաքացին ա, թող գա, չդատե՞նք իրան»:
Վերջնաժամկետը երկարացվում է արդեն իններորդ անգամ, այս տարիներին մոտ տասը հազար վերադարձողներ են եղել՝ պետական բյուջե մուծելով 10 միլիարդ դրամից ավելի գումար:
Օրենքի այս փոփոխությունը կարող է տարածվել արտերկրում ապրող հազարավոր մարդկանց վրա: Թե՛ գլխադասային հանձնաժողովում, թե՛ առաջին ընթերցմանը քննարկումներին իշխող Հանրապետականի պատգամավորները դեմ էին արտահայտվում, որ սա վերջին անգամը լինի, «Չի կարելի վզին տալ, տանել-մտցնել բերդ», - ասում էին հանրապետականները:
Օրենքի համահեղինակ Կարինե Աճեմյանը առաջին ընթերցմանը շեշտել էր, թե դռներն այդ երիտասարդների առջև փակելը տրամաբանական չէ․ - «Բարի գործ ենք ուզեցել անել, որովհետև այդ երեխաները նաև, ովքեր լքել են Հայաստանի Հանրապետությունը, շատ տարբեր պատճառներով են հեռացել, ընտանիքներն են հեռացել՝ և՛ սոցիալական, և՛ ընտանեկան պատճառներից ելնելով»:
Այսօր, սակայն, Հանրապետական պատգամավորն ընդգծում էր, թե չպետք է թույլ տալ, որ օրենքը դառնա բանակից խուսափելու ճանապարհ․ - «Իհարկե, ցանկություն չկա, որպեսզի այս օրենքը դառնա գործիք, և դա է պատճառը, որ օրենքի ժամկետը սահմանափակվում է: Օրենքը երկարաձգվում է, և Կառավարությունը, ըստ երևույթին, այլևս երկարաձգելու մտադրություն չունի, որովհետև իրականում մենք չենք ուզում խթանենք այս գործընթացը, որպեսզի մարդիկ չհեռանան և հետագայում գումարներ վճարելով վերադառնան և խուսափեն զորակոչից: Այնուամենայնիվ մենք պատերազմող երկիր ենք, պիտի խտրականություն չդրսևորել»:
«Ազատության» հետ հեռախոսազրույցում Կարինե Աճեմյանն ասաց, թե պատգամավորներն իրավունք ունեն հետագայում առաջարկել նորից երկարացնել օրենքի ժամկետը․ - «Ես կողմնակից եմ, որպեսզի ամեն դեպքում, եթե երիտասարդը առողջական խնդիրներ չունի, անպայման ծառայի բանակում»:
Ընդդիմադիր «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը պնդեց, թե այս հնարավորությունը, թեկուզ և վերջին, անգամ պետք է տալ մարդկանց, բայց առանց վճարի․ - «Էնպես չի, որ նրանք լավ օրից են դրսում, կամ լավ են ապրում շատ ու կարողանալու են այդ գումարները ավելի շատ վճարել: Մենք այլ մոտեցում ունենանք, պետական մոտեցում: Ասենք՝ մենք ձեզ ներում ենք, փող, բան, ոչ մի բան պետք չի, էկեք ձեր երկիր, դադարեցնում ենք, քրեական գործերը փակում ենք: Գան էդ տասնմեկ հազարը Հայաստանի Հանրապետություն, և էս օրենքը այլևս չերկարացնենք ընդհանրապես: Եվ ովքեր խուսափեցին, ամենայն խստությամբ պատասխանատվության են ենթարկվելու: Թե չէ էս ձևով, էդ մարդիկ, որ չգան Հայաստան․․․ Մենք նրանց կարիքը ունենք: Մենք փողի կարիք ավելի քիչ ունենք, քան հենց էդ արական սեռի ներկայացուցիչների, մարդկային ռեսուրսի կարիքը ունենք»:
Երկրորդ ընթերցումից առաջ «Ելք» խմբակցության բոլոր առաջարկները մերժվել են, նախագիծն արդեն այս քառօրյայում կդրվի արդեն վերջնական քվեարկության: