Մատչելիության հղումներ

Հարություն Խաչատրյանն անիմաստ է համարում «Հայֆիլմի» վերականգնումը


«Ազատությունը» զրուցել է Հայաստանի կինոգործիչների միության նորընտիր նախագահ Հարություն Խաչատրյանի հետ:

Խաչատրյանն ասաց, որ դեռ 4 տարի ունի Կինոգործիչների միության հետ կապված իր ծրագրերն իրագործելու, բայց արդեն իսկ այս կարճ ժամանակահատվածում որոշակի քայլեր են արվել՝ բարելավելու միության աշխատանքը և ճշգրտելու առհասարակ միության առաջիկա գործունեությունը․ - «Ուղղվածությունը փոխվեց ամբողջ կինոմիության: Սկզբից սա շատ կարևոր հիմնարկ էր, որը զբաղվում էր միության անդամների սոցիալական հարցերով, բայց կինոն կարծես թե բացակայում էր Կինեմատոգրաֆիստների միությունից և Կինոյի տնից, որովհետև 25 տարի չէին օգտագործվել դահլիճները, փչացել էին բոլոր ցուցադրող սարքերը, հնչյունային սարքերը»։

Պաշտոնավարման հենց սկզբից Հարություն Խաչատրյանը սկսել է զբաղվել նաև միության տնտեսական հարցերով․ - «Տեսնեմ ինչ տնտեսություն ա մնացել: Ես, լինելով արվեստագետ, նաև տնտեսությունից էլ գաղափար ունեմ, որովհետև տնտեսությունը եթե լավ վիճակում չեղավ, ոչինչ առաջ չի գնա, արվեստ չի ստեղծվի»:

Արդեն իսկ Կինոյի տանը շինարարություն է սկսվել․ վերանորոգում են մեծ դահլիճը, նոր սանհանգույցներ են կառուցվել, բացվել և գործում է փոքր դահլիճը, որտեղ նոր տեխնիկա է տեղադրվել, ֆիլմեր են ցուցադրվում, տեղի են ունենում քննարկումներ․ - «Ստեղծվեց երիտասարդական հարթակ: 3-4 վարչության նիստեր են տեղի ունեցել, փոխվել են մի քիչ կանոնները․․․ Առաջներում բյուջե կազմված չի եղել, հիմա կազմվեց՝ ամբողջ մուտքերի և ելքերի տրամաբանությունը հասկանալու համար, որպեսզի ոչ միայն ես, այլ միության անդամները նույնպես հասկանան»:

Հարություն Խաչատրյանը հավատացած է, որ Կինոգործիչների միությունն առաջիկայում պատշաճ կերպով կներկայա հանրությանը, կնմանվի միջազգային կինոկենտրոնի, նաև փառատոնային կինոկենտրոնի, որը բաց կլինի բոլորի համար, որտեղ վարպետության դասեր ու դասախոսություններ կանցկացվեն և որտեղ կգործի նաև հայ կինոյի թանգարանը․ - «Հուսանք, որ կառավարությունը որոշում կընդունի և Կինոթանգարանը կբացվի․․․ Ես չորս տարվա ժամանակ ունեմ, ուզում եմ չորս տարվա մեջ և՛ մեծ դահլիճը վերանորոգել, և՛ բերել լավագույն ժամանակակից տեխնիկան: Որոշակի փոքր գումարներ ունի միությունը, բայց ես խոստացել եմ ձեռք չտալ հիմնական գումարին, այլ միայն դրանից օգտվելով տալ օգնությունները, փոքրիկ վերանորոգումներ, ապահովել բժշկական ապահովագրությամբ անպայման․․․ Այնպես որ, մայր գումարին ձեռք չի տվելու երբեք, տոկոսներն օգտագործվելու են հիմնականում սոցիալական հարցերի համար: Մնացածի համար պետք է փնտրենք և գտնենք սպոնսորներ»:

Անդրադառնալով «Կինոյի մասին» օրենքի նախագծին՝ Կինոգործիչների միության նախագահն ասաց․ - «Մենք արեցինք երկու-երեք քննարկում: Մասնագետներ կանչեցինք, որոնք խորհուրդներ տվեցին որոշ կետերում փոփոխություններ անել, և այդ բոլորը ուղարկեցինք նախարարություն: Բայց դեռ լուր չկա: Աստված տա, որ հետևություններ անեն դրանից, որովհետև կարևոր կետեր կան մեջը»:

Նա ցավով նշեց, որ «Հայֆիլմ» կինոստուդիայի հարցը վաղուց Կինոգործիչների միության իրավասությունից դուրս է․ - «Ես արդեն հասկացա, որ «Հայֆիլմը» երբեք չի վերակենդանա, որովհետև կործանումը էնքան ստոր ձևով է արվան, էնքան դաժանորեն ու թշնամաբար է արված․․․ Բացի շենքից, քանդած պատերից ու կոտրած տեխնիկայից, ուրիշ բան չկա: Դա մի տարածք է ընդամենը, որի վրա պիտի նորից հարյուրավոր միլիոններ դրվի, որպեսզի կարողանաս կինոստուդիան վերածես կինոստուդիայի․․․ Բայց երբ որ մենք ընդամենը 300 միլիոն դրամ ենք հատկացնում ամբողջ հայկական կինոյին, էդպիսի մեծ ստուդիա ունենալը իմաստ չունի: Եթե գտնվեն սպոնսորներ կամ հետաքրքրված մարդիկ, որ կարող են գալ և բացել կինոարտադրություն, շատ հետաքրքրիր կլինի: Բայց պետության համար չեմ կարծում, որ կգտնվեն ֆինանսներ, որ վերականգնեն շենք, ինչ ա տարին 3-4 ֆիլմ նկարեն»:

Հիշեցմանը, որ կինոստուդիայի շենքը մասնավորեցման ցանկում է, Հարություն Խաչատրյանն արձագանքեց․ - «Եթե դրված է մասնավորեցման, ուրեմն ուզում են ազատվել շենքից: Անիմաստ է դրա վերականգնումը, դա պետական գույք է, և պետությունն է որոշում դրա լինելիության տեղը և չափը»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG