Վրաստանի նախկին նախագահ, Օդեսայի նախկին նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլին քիչ առաջ հազարավոր աջակիցների օգնությամբ կարողացել է դուրս գալ ոստիկանական մեքենայից ու ազատվել ձեռնաշղթաներից: Այժմ ընդդիմադիր գործիչը հանրահավաք է անցկացնում Կիևի կենտրոնում՝ կոչ անելով ուկրաինացիներին փողոց դուրս գալ և խաղաղ ճանապարհով հասնել իշխանափոխության:
Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին բերման ենթարկելու նպատակով իրականացված հատուկ գործողությունը մեկնարկեց այսօր վաղ առավոտյան: Գլխավոր դատախազության քննիչներն ու Անվտանգության ծառայության հատուկ ջոկատայինները, սակայն, Կիևի կենտրոնում գտնվող՝ Սաակաշվիլիի բնակարան մուտք գործեցին այն պահին երբ նա` տեղեկանալով մեկնարկած գործողության մասին, արդեն լքել էր բնակարանն ու բարձրացել Կոստելնայա 7 հասցեում գտնվող ութ հարկանի այդ շենքի կտուր: Այնտեղից Սաակաշվիլին դիմում էր ներքևում հավաքված լրատվամիջոցների ներկայացուցիչներին ու իր այդ պահին դեռևս սակավաթիվ կողմնակիցներին:
«Պորոշենկոն գող է և Ուկրաինայի դավաճան: Ես կոչ եմ անում ուկրաինացիներին դուրս գալ փողոց և քշել այդ գողերին: Թույլ մի տվեք որ Պորոշենկոն Ռուսաստանի նախագահի հրահանգով առևանգի ինձ: Ինձ հալածում են, որովհետև ես պաշտպանում եմ Ուկրաինայի ժողովրդի շահերը»,- հայտարարում էր Վրաստանի նախկին նախագահը, որին այդ ճառից անմիջապես հետո հատուկ ջոկատայիններն ի վերջո կարողացան իջեցնել կտուրից:
Ուկրաինական 5-րդ ալիքի տարածած տեսագրությունում հստակ երևում է, որ Սաակաշվիիլին կտուրից իջեցնելու գործողությանը 10-ից ավելի ոստիկաններ են մասնակցում: Իրավապահները, շրջապատելով Վրաստանի նախկին նախագահին, անում են ամեն ինչ, որպեսզի նա հանկարծ չմոտենա կտուրի եզրին:
Շենքի շքամուտքում արդեն դատախազության ներկայացուցիչները Սաակաշվիլին հայտնեցին, որ նա բերման է ենթարկվում «Ուկրաինայի պետական կարգի տապալմանն ուղղված գործողություններին աջակցելու կասկածանքով»: Սրան ի պատասխան՝ Սաակաշվիլին հայտարարեց, որ գործը շինծու է, իսկ իրեն ձերբակալած իրավապահները հանցագործներ են: Այսքանով, սակայն, Սաակաշվիլիի ձերբակալությանն ուղեկցող անակնկալները չավարտվեցին:
Մինչ հատուկջոկատայինները Վրաստանի նախկին նախագահին իջեցնում էին կտուրից և հետևելով օրենքով սահմանված ընթացակարգերին` նրան պատմում էին, թե ինչ կասկածանքով են բերման ենթարկում, հատուկ գործողության վայրում հասցրեցին հավաքվել Սաակաշվիլիի «Նոր Ուժերի շարժման» հարյուրավոր ակտիվիստներ: Նրանց հաջողվեց արգելափակել «Ֆորդ» մակնիշի այն միկրոավտոբուսը, որում այդ պահին գտնվում էր Սաակաշվիլիին: Իրավապահները այդպես էլ չհասցրեցին նրան տեղափոխել դատախազություն` քննչական գործողությունները շարունակելու նպատակով: «Ես պատրաստ եմ կյանքս զոհել հանուն Ուկրաինայի ազատության և օլիգախներից երկրի ազատագրման: Ես կոչ եմ անում Կիևի բնակիչներին՝ հավաքվել Մայդանում և սկսել Պորոշենկոյից ազատվելու գործընթացը»,- մեքենայից դուրս գալուց հետո հայտարարում էր Սաակաշվիլին:
Դրանից հետո նրա կողմնակիցները շարժվեցին դեպ Գերագույն Ռադայի շենք,որտեղ այս պահին էլ շարունակվում է ուկրաինական խորհրդարանի լիագումար նիստը: Արդեն շուրջ երեք ժամ է, ինչ ոստիկանների և ցուցարաների հակամարտությունն այդ միկրոավտոբուսի շուրջ շարունակվում է` պարբերաբար բախումների վերածվելով:
Կեսօրին մոտ, Կիևի կենտրոնում ծավալված հակամարտությանը զուգահեռ, Ուկրաինայի Գլխավոր դատախազ Յուրի Լուցենկոն մամուլի ասուլիս հրավիրեց, որի ընթացքում լրագրողներին ներկայացրեց իրավապահների կողմից վերջին մեկ շաբաթում կատարած մի շարք գաղտնալսումները: Դատախազությունը, մասնավորաբար, մի ձայնագրություն հրապարակեց, որում, ըստ Լուցենկոյի, լսվում են Վրաստանի նախկին նախագահի և նրա ամենամերձավոր օլիգարխներից մեկի` 2014 թվականին Ուկրաինան լքած և այժմ Ռուսաստանում բնակվող օլիգարխ Վիկտոր Յանուկովիչի զինակից Սերգեյ Կուրչենկոյի ձայները: Ուկրաինայի գլխավոր դատախազի պնդմամբ՝ իրավապահներին հաջողվել է ապացույցներ ձեռք բերել առ այն, որ հենց Յանուկովիչի այս զինակիցն էր, որ ֆինանսավորել է Սաակաշվիլիի և նրա կողմնակիցների կազմակերպած վերջին բողոքի գործողությունները:
«Այս ձայնագրությունները ստանալուց հետո դատախազությունը դիմեց դատարան՝ գործով անցնող մի շարք կասկածյալների նկատմամաբ հետախոզում հայտարարելու և ձերբակալության սանկցիա տրամադրելու միջնորդությամբ: Իրականացված հատուկ գործողության ընթացքում ձերբակալվածներից մեկի մոտ թղթադրամներով լի մի պայուսակ է հայտնաբերվել: Քննչական գործողությունների միջոցով հնարավոր է եղել պարզել, թե ուր են ուղղվել Կուրչենկոյի տրամադրած այդ գումարները: Դրանց միջոցով բողոքի ակցիաների կազմակերպիչները ավտոբուսներ են վարձել, հեռարձակումներ կազմակերպել, հոգացել են բողոքի ակցիաների մասնակիցներին սննդամթերով ապահովելու հարցը, ինչպես նաև տարբեր անձնանց են կաշառել` այդ թվում լրագրողների»,- հայտարարում էր Ուկրաինայի գլխավոր դատախազը: