Մատչելիության հղումներ

«Բորուսիան» կցանկանար, որ Մխիթարյանը վերադառնա․ Բրիտանական մամուլ


Հենրիխ Մխիթարյան, արխիվ
Հենրիխ Մխիթարյան, արխիվ

Դորտմունդի «Բորուսիան» հետևում է Հենրիխ Մխիթարյանի շուրջ ստեղծված իրադրությանը և կցանկանար, որ նա վերադառնա: Չնայած գերմանական ակումբն այդ մասին պաշտոնապես ոչինչ չի հայտնել, սակայն բրիտանական մամուլում և մարզական կայքերում այդ թեման բավական ակտիվորեն շոշափվում է:

Այսօրինակ ենթադրությունների հիմական պատճառը «Մանչեսթր Յունայթեդի» հիմական կազմից Մխիթարյանի դուրս մնալն է, մինչդեռ «Բորուսիայում», ըստ մեկնաբանների, նա կարող է վերագտնել իր խաղը: Ըստ այդմ՝ Բունդեսլիգայի առաջնությունում ներկայումս «Բորուսիան» առաջատար թիմերի շարքում չէ, և թիմի երբեմնի աստղի վերադարձը կարող է երկու կողմի համար էլ օգտակար լինել:

Ըստ տարբեր աղբյուրների՝ «Մանչեսթր Յունայթեդի» մարզիչ Ժոզե Մոուրինյոն Պրեմիեր լիգայի մրցաշարի հունվարին սկսվող առաջիկա արձակուրդներին, երբ կատարվելու են ֆուբոլիստների տրանսֆերային գործարքները, ցանկանում է Լոնդոնի «Արսենալից» ձեռք բերել այդ ակումբի առաջատար ֆուտբոլիստներից Մեսութ Օզիլին: Երբ նրան այդ մասին հարց են տվել, Մոուրինյոն չի պատասխանել, սակայն և չի հերքել շրջանառվող լուրերը: Ենթադրվում է, որ այդ գործարքի կայացման դեպքում Մոուրինյոն կազատվի Մխիթարյանից:

«Մանչեսթր Յունայթեդի» մարզիչը դարձյալ դժգոհ է Հենրիխ Մխիթարյանի խաղից: Վերջին հանդիպումներին Մխիթարյանը չի մասնակցում: Մոուրինյոն նրան երբեմն անգամ պահեստայինների ցանկում չի հայտագրում: Այդպես էր նաև «Արսենալի» հետ վերջին խաղում: Պրեմիեր լիգայի մեկնարկային խաղերում Մխիթարյանը գոլային հինգ փոխանցում է կատարել, հաջորդ խաղերում էլ երեք գոլ է խփել, բայց հետո նրա խաղը չէր ստացվում: Մոուրինյոն գերադասեց նրա փոխարեն խաղադաշտում տեսնել թիմի մյուս կիսապաշտպաններին, մասնավորպես, Ջեսիի Լինգարդին, համարելով, որ նա ավելի է համապատասխանում ֆուտբոլային իր սխեմային:

Պրեմիեր լիգայի նախորդ հանդիպմանը «Մանչեսթր Յունայթեդը» Լոնդոնում 3:1 հաշվով հաղթեց տանտերերին՝ «Արսենալին»: Այդ հանդիպմանը Լինգարդը երկու գոլի հեղինակ դարձավ, իսկ խաղից հետո կայացած ասուլիսում Մոուրինյոն գովել էր Լինգարդին: Նա, մասնավորապես, ասել էր՝ երբ թիմը խաղում է երկու հարձակվողներով, կիսապաշտպան Լինգարդը ժամանակին հայտնվում է գրոհները եզրափակող գծում:

Իսկ բոլորովին վերջերս, անցած նոյեմբերին, Մոուրինյոն դժգոհել էր Մխիթարյանից: «Ես դժգոհ եմ նրա խաղից, ես չեմ խոսում մեկ, երկու խաղի մասին, այլ երեք, չորս, կամ հինգ: Մրցաշարը նա շատ լավ սկսեց, սակայն հետո աստիճանաբար, քայլ առ քայլ, սկսեց անհետանալ»,- ասել էր պորտուգալացի մարզիչը, հավելելով՝ Մխիթարյանը կվերադառնա հիմնական կազմ, եթե որևէ մեկը դուրս գա:

2016-ին Մխիթարյանը Դորտմունդի «Բորուսիայից» տեղափոխվեց «Մանչեսթր Յունայթեդ», տեղափոխման տրանսֆերային արժեքը կազմեց 37 միլիոն ֆունտ ստերլինգ: Արդյունքում՝ Մխիթարյանը դարձավ նախկին խորհրդային երկրներից ամենաթանկ ֆուտբոլիստը:

Անցած մրցաշարում «Բորուսիայի» կազմում նա ճանաչվել էր լավագույնը, սակայն անգլիական Պրեմիեր լիգայում նրա մեկնարկը հաջող չէր: «Մանչեսթր Յունայթեդի» կիսապաշտպանական գծում մեծ թվով բարձրակարգ ֆուտբոլիստներ են ընդգրկված, և որոշ ժամանակ Մխիթարյանը կամ չէր խաղում, կամ դուրս էր գալիս փոխարինման: Սոցցանցերում նույնիսկ նրան աջակցություն հայտնող խմբեր էին ստեղծվել: Ի վերջո, որոշ ժամանակ անց, Մխիթարյանը «Մանչեսթր Յունայթեդում» ևս գտավ իր խաղը, բայց պատմությունը կարծես կրկնվում է:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG