Դատավճիռը հրապարակվեց Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Հովհաննես Ավագյանի կողմից։
Նշենք, որ մեղադրող դատախազը դատարանից պահանջել էր նրան դատապարտել 4 տարվա ազատազրկման։
Արթուր Մովսիսյանին մեղսագրվում է ռազմական նշանակության շենք-շինություններ զավթելու նպատակով, իր բնակարանում հրազեն ու ռազմամթերք թաքցնելը և դրանք ժիրայր Սեֆիլյանի կողմից ստեղծված զինված խմբի մյուս անդամներին փոխանցելը:
Վերջինս, սակայն, իրեն առաջադրված մեղադանքը չի ընդունում և այդ մասին հայտարարել է հենց սկզբից։ Ավելին՝ նա պնդում է, որ Սեֆիլյանին չի ճանաչում և նշված օրերին եղել է Ռուսաստանի Դաշնությունում։
Մինչև դատավճռի հրապարակումը ամբաստանյանն իր վերջին խոսքն ասաց՝ պնդելով, թե դատախազն այդպես էլ չկարողացավ ապացուցել իրեն առաջադրված մեղադրանքը․ - «Ըստ մեղադրողի, Արթուր Մովսիսյանի և մյուս վկաների միջև կապի բացակայությունը փաստում և ապացուցում է նրանց է՛լ ավելի ամուր կապը և միևնույն կազմակերպված խմբի անդամներ լինելը: Սա նշանակում ա՝ քանի որ իրար չեն ճանաչում, հաստատ նույն խմբից են: Այստեղից էլ կարելի ա եզրահանգում անել, որ ապացույցների իսպառ բացակայությունը ամենամեծ, հավաստի ապացույցն ա, որ Արթուր Մովսիսյանը մեղավոր ա: Քադաֆիի, Մուբարաքի, Չաուշեսկուի դատախազները կնախանձեին մեր մեղադրողին»:
«Արթուր Մովսիսյանը պնդում է, որ ճանաչել է միայն Ժիրայր Սեֆիլյանի և մյուսների գործով անցող մեղադրյալ, իսկ իր գործով վկա, Գալուստ Գրիգորյանին», - «Ազատության» հետ զրույցում ասաց Մովսիսյանի պաշտպան Արայիկ Պապիկյանը: Վերջինիս խոսքով՝ հենց նրա միջոցով էլ Մովսիսյանի բնակարանի նկուղում թաքցվել են երկու ինքաձիգերը, սակայն, Մովսիսյանին դրանք ներկայացվել են որպես շինարարական գործիքներ։
Գալուստ Գրիգորյանը, փաստաբանի փոխանցմամբ, դատարանում ևս հաստատել է, որ Մովսիսյանն այս գործի հետ կապ չունի։
Արայիկ Պապիկյանը փաստարկեց․ - «Նա չի ասել Արթուր Մովսիսյանին, թե ինչ գործիքների մասին է խոսքը: Իսկ երբ եկել են գործիքները տանելու, Արթուր Մովսիսյանը ընդհանրապես հանրապետությունում չի եղել: Ենթադրյալ դնելուց մեկ թե երկու օր հետո Արթուր Մովսիսյանը Հայաստանից մեկնել է: Եվ եթե որևէ անձ, հատկապես վարույթն իրականացնող մարմինը կամ դատախազությունը, նույն մեղադրանքը պաշտպանող դատախազը կարծում է, որ Արթուր Մովսիսյանը գիտակցաբար, ունենալով կին, երեք որդիներ, նրանց կյանքը կամ հետագա ճակատագրերը կվտանգեր տանը ինքնաձիգեր պահելով, ապա, մենք դատարանում հայտնեցինք, նրանք չեն պատկերացնում ծնող - զավակ, հայր - որդի հարաբերությունների արժեհամակարգը»:
Պապիկյանն պնդում է, որ Մովսիսյանին մեղասագրվող արարքը շինծու է, նա քաղաքական հետապդնման զոհ է։
Փաստաբանը նաև վստահ է՝ Արթուր Մովսիսյանի ազատազրկումն ու դատավճիռը օգտագործվելու է Սեֆիլյանի և մյուսների դեմ․ - «Սա նաև ազդակ էր մյուս անձանց, ովքեր հասկանալի պատճառներով արդեն արդարադատություն չեն կարող ակնկալել: Փաստորեն կանխորոշվեց նաև մյուս գործի ելքը՝ շատ ավելի խիստ պատիժներով: Եթե Արթուր Մովսիսյանի դեպքում մենք օբյեկտիվորեն բացարձակ հիմքեր չունեինք, և գրեթե զրո դերակատարում ունեցող անձին՝ երեք տարի ազատազրկում, ապա մյուս անձնաց, ում մեղսագրվում է ավելի շատ դերակատարումներ, բնականաբար, նրանց շատ ավելի ծանր դատավճիռներ են սպասվում»:
Արայիկ Պապիկյանը նաև տեղեկացրեց, որ դատավճիռը բողոքարկելու են վերաքննիչ ատյանում։