Ռուսաստանցիների միայն 53 տոկոսն է այսօր պատրաստ իր ձայնը տալ գործող նախագահ Վլադիմիր Պուտինին: ՌԴ այն բնակիչների շրջանում, որոնք արդեն ընտրություններին մասնակցելու որոշում են կայացրել, ՌԴ գորոծող նախագահի վարկանիշն ավելի բարձր է՝ շուրջ 66 տոկոս:
«Լևադա» կենտրոնի հրապարակած նոր տվյալների համաձայն, Պուտինի հիմնական մրցակիցներն ունեն 1 տոկոս կամ քիչ ավելի բարձր վարկանիշ: Մասնավորապես, ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիին պատրաստ է ընտրել հարցված ռուսաստանցիների միայն 2 տոկոսը: Ըստ «Լևադայի», ավելի ցածր վարկանիշ ունեն լրագրող Քսենիա Սոբչակը և «Յաբլոկո» կուսակցության հիմնադիր Գրիգորի Յավլինսկին։ Ռուսաստանում նախագահական ընտրությունների մշտական մասնակցիներ՝ կոմունիստ Գենադի Զյուգանովը և ЛДПР կուսակցության ղեկավար Վլադիմիր Ժիրինովսկին ունեն մոտ չորսական տոկոս:
Ընդդիմադիր Գրիգորի Յավլինսկին այս հարցումների արդյունքներին չի հավատում, հայտարարելով, թե Ռուսաստանի տարբեր բնակավայրերում իր կողմնակիցների կազմակերպած հանրահավաքները բավական մարդաշատ են: Ալեքսեյ Նավալնին ևս երեկ երեկոյան Սամարա քաղաքում բազմահազարանոց չարտոնված հավաք է անցկացրել, չնայած հանգամանքին, որ քաղաքի իշխանություններն ամեն ինչ արել են այն տապալելու համար։ Նախ՝ ոստիկանությունը փակել է դեպի հանրահավաքի վայր տանող ճանապարհները, իսկ հարևանությամբ տեղակայված Մշակույթի տանն էլ, հենց ակցիայի ժամին, քաղաքային իշխանությունները արևելյան պարերի աղմկոտ մրցույթ էին կազմակերպել։
Հանրահավաքի վայրում նաև մեծ պաստառ են փակցրել, որի վրա նշված էր, որ Նավալնիի կամզակերպած հավաքն արտոնված չէ։ Ակցիային նախորդած գիշերն էլ ձերբակալվել են տեղացի ակտիվիստները։ Իսկ այն բեմահարթակը, որտեղ պետք է ելույթ ունենար Նավալնին, հավաքից առաջ ապամոնտաժվել է: Ըդդիմադիր գործիչն, այդուամենայնիվ, չնայած բոլոր խոչընդոտներին, բազմամարդ հավաք է անցկացրել Սամարայում՝ շարունակելով բավականաչափ ակտիվ նախընտրական քարոզարաշավը։ Նշենք, որ ավելի վաղ՝ դեկտեմեբերի 1-էլ Նիժնի Նովգորոդ քաղաքում 30 օրով ձերբակալվել է Նավալնիի թիմակից, նրա շտաբի ղեկավար Վոլկովը:
Հիշեցնենք՝ ՌԴ օենսդրությունը Նավալնիին հնարավորություն չի տալիս մասնակցել նախագահական ընտրություններին, քանի որ վերջինս հայտնի Կիրովլեսի գործով դատպարտվել է 5 տարվա պայմանական ազատազրկման։
ՌԴ նախագահական ընտրությունները կայանալու են 2018 թվականի մարտի 18-ին: Թեև գործող նախագահ Վլադիմիր Պուտինը դեռ չի հայտարարել այդ ընտրություններին իր մասնակցության մասին, սակայն փորձագետները համոզված են, որ մոտ օրերս Պուտինը հանդես կգա նման հայտարարությամբ:
«Լևադա» կենտրոնի անցկացրած վերջին հարցումների համաձյան՝ ռուսաստանցիների միայն 58 տոկոսն է որոշել՝ մասնակցել ընտրություններին: Այդ թվում՝ հարցվածների 34 տոկոսն ասել է, թե «հավանաբար կմասնակցի», 24 տոկսն էլ ասել է, որ «անպայման մասնակցելու է»: Տնտեսական և քաղաքական ռեֆորմների կենտրոնի տնօրեն Նիկոլայ Միրոնովի կարծիքով՝ Կրեմլն ակտիվ ընտրարշավ դեռ չի սկսել, սակայն, ցանկության դեպքում, բյուջետային համակարգում ընգրկվածների միջոցով հնարավորություն կունենա Պուտինի համար ապահովել մինչև 70 տոկոս քվե: