Մատչելիության հղումներ

ՀՀ օրենսդրությունը համապատասխանեցվում է Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին ՄԱԿ-ի կոնվենցիային


Զարուհի Բաթոյանը (ձ) և Մարգարիտ Եսայանը լրագրողների հետ հանդիպմանը: 4-ը դեկտեմբերի, 2017 թ․
Զարուհի Բաթոյանը (ձ) և Մարգարիտ Եսայանը լրագրողների հետ հանդիպմանը: 4-ը դեկտեմբերի, 2017 թ․

28-ամյա Արև Մելքոնյանը կյանքը վտանգելով է փողոցն անցնում չթույլատրվող հատվածով: Երևանի պետական բժշկական համալսարանին կից գտնվող գետնանցումում, որի մոտով հաճախ է անցնում հաշմանդամություն ունեցող աղջիկը, թեքահարթակներ չկան:

«Ստիպված իմ կյանքի համար վտանգավոր բանի եմ դիմում», - ասում է Արևը: - «Քաղաքապետարանում, այլ պետական մարմիններում հարցը բարձրացվել է, ինչպես միշտ ասվել է, որ հարցը կվերանայվի, բայց մինչև հիմա նույն վիճակն է»:

Մինչդեռ հաշմանդամություն ունեցող անձանց միջազգային օրվա առթիվ իր ուղերձում Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը վստահեցրել էր, թե հաշմանդամություն ունեցող անձինք եղել և այսուհետ էլ լինելու են հատուկ ուշադրության կենտրոնում: Քաղաքապետը նաև շեշտել էր, որ վերջին տարիներին Երևանն առավել հարմարավետ և մատչելի դարձնելու ուղղությամբ բազմաթիվ ծրագրեր են իրականացվել:

Խորհրդարանի Առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Մարգարիտ Եսայանը (ՀՀԿ), սակայն, կարծում է, որ այս ոլորտում խնդիրները եղել են և շարունակում են մնալ բազմաթիվ․ - «Այս տարիների ընթացքում մենք չենք կարողացել բավարար ոչ միայն արտաքին պայմաններ ստեղծել հաշմանդամություն ունեցող անձանց համար, այլև չենք կարողացել համապատասխան օրենսդրական նախաձեռնություններով, օրենքի ուժով լուծումներ տալ բոլոր այն խնդիրներին, որ այսօր, ցավոք սրտի, ունեն Հայաստանի Հանրապետության հաշմանդամություն ունեցող քաղաքացիները: Սա միանշանակ բոլոր անցած, ներկա իշխանությունների համար մինուս գնահատական է»:

Հայաստանում այժմ գործում է 1993 թվականին ընդունված «Հաշմանդամների սոցիալական պաշտպանության մասին» օրենքը: Կառավարությունը նախաձեռնել է օրենսդրությունը Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին ՄԱԿ-ի կոնվենցիային համապատասխանեցնելու գործընթաց, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը մշակել է «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության և սոցիալական ներառման մասին» օրենքի նախագիծ:

«Դիսըբիլիթի ինֆո» հասարակական կազմակերպության նախագահ Զարուհի Բաթոյանի փոխանցմամբ՝ նոր նախագծով կսահմանվի հաշմանդամություն ունեցող անձանց հավասար իրավունքների ապահովումը․ - «Նախագիծը այնքանով է կարևոր, որ կխթանի, որպեսզի պետությունը ձեռնարկի այդ գործողությունները․ ունի օրենք, կան մեխանիզմներ, նաև պարտավորություններ․․․ Քանի դեռ դա չկա, մենք ապրում ենք օրենսդրական մի միջավայրում, որտեղ որ ունենք սոցիալական պաշտպանության մասով հնարավորություններ, կրթության մասով: Այսինքն, որոշ բաներ կան, բայց ամբողջությամբ իրավունքի վրա հիմնված մոտեցմամբ օրենք մենք չունենք, որտեղ նաև, ի դեպ, արգելվում է խտրականությունը»:

«Ազատության» դիտարկմանը, որ Երևանի 39 ստորգետնյա անցումներից վերամբարձ սարքավորումով կահավորված է ընդամենը մեկը, այն էլ միակողմանի է մատչելի՝ մյուս մայթեր դուրս գալու համար սարքավորումներ չկան և անցումի հիմնական ֆունկցիան, փաստորեն, բացակայում է, նաև թեքահարթակները հարմարեցված չեն սահմանված նորմերին, և հարցին, թե ինչպես են այս պայմաններում փոփոխություններ տեսնում, Մարգարիտ Եսայանն արձագանքեց․ - «Տեղաշարժվելու, մի տեղից մի տեղ գնալու հնարավորությունները էսօր բավարար չեն: Ես համաձայն եմ Ձեզ հետ, և վատ է, որ էդ 39-ից ընդամենը մեկը ունի: Էստեղ մենք խնդիր ունենք․ և՛ համայնքային կառույցները, և՛ տեղական ինքնակառավարման մարմինները: Եվ այն կառույցը Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության, որ զբաղվում է հաշմանդամություն ունեցող անձանց խնդիրներով, գուցե պիտի մոնիտորինգ անցկացնի, գուցի պիտի ինչ-որ պահանջներ դնի համապատասխան կառույցների համար: Երբեմն կառուցվում է զուտ ձևի համար․ էնպիսի թեք թեքահարթակներ են, որ ուղղակի անհնար է․․․ ես ինքս մի քանի անգամ փորձ արել եմ․․․․ դրանով գոնե ոտքով բարձրանալել է նույնիսկ դժվար»:

Մարգարիտ Եսայանը խոսքով՝ փոփոխությունների արդյունքը տեսանելի չէ, և դրա պատճառներից մեկը համապատասխան օրենքի ուշացումն է:

«Դիսըբիլիթի ինֆո» հասակարական կազմակերպության նախագահի կարծիքով նույնպես, փոփոխություններ այդպես էլ տեղի չեն ունենում, դրանք արվում են միայն փոքր ծրագրերի միջոցով:

Մինչև օրս խնդրահարույց է նաև հասարակական տրանսպորտի մատչելիության հարցը: Երևանում այս պահին գործում է 7 հարմարեցված ավտոբուս, թեև քաղաքապետարանը խոստացել էր, որ 25 երթուղի է մատչելի լինելու:

«Ինֆորմացիա չունեն, թե էդ ավտոբուսները որ ժամին որտեղից ուր են գնում, որ կանգառում որ ժամին կլինեն», - դժգոհում է Արև Մելքոնյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG