Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության Խորհրդարանական վեհաժողովի (ՍԾՏՀԿ ԽՎ) շրջանակներում կազմակերպության կանոնադրությանը և սկզբունքներին հակառակ գործելու որոշ փորձեր վնասակար են և հարված են հասցնում կառույցի հեղինակությանը։ Այդ մասին հայտարարել է Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը՝ այսօր ընդունելով ՍԾՏՀԿ գլխավոր քարտուղար Մայքլ Քրիստիդիսին:
Նալբանդյանը նշել է, որ Հայաստանը կարևորում է տարածաշրջանային տնտեսական ինտեգրացիոն գործընթացները և, հենց այդ սկզբունքով առաջնորդվելով, ակտիվորեն մասնակցում է ՍԾՏՀԿ շրջանակում ընթացող բազմաոլորտ համագործակցությանը:
Քրիստիդիսը գոհունակություն է հայտնել ՍԾՏՀԿ շրջանակում Հայաստանի ակտիվ ներգրավվածության կապակցությամբ։
Արտգործնախարարության մամուլի և տեղեկատվության վարչության փոխանցմամբ՝ զրուցակիցներն անդրադարձել են Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպությունում Հայաստանի առաջիկա նախագահությանը և դրա առաջնահերթություններին, քննարկել ՍԾՏՀԿ շրջանակում փոխգործակցության առաջնային ուղղությունները, կազմակերպության բարեփոխումներին առնչվող հարցեր:
Հիշեցնենք, նախորդ շաբաթ Կիևում անցկացված ՍԾՏՀԿ ԽՎ լիագումար նիստի ժամանակ Հայաստանի պատվիրակությունը լքել էր դահլիճը՝ պարզելով, որ իր բացակայությամբ քննարկման արդյունքում «հռչակագրի մեջ տարածաշրջանում առկա հակամարտությունների վերաբերյալ մի փոփոխություն է մտցվել, որն ամբողջովին հակասում է միջազգային իրավունքի՝ ուժի և ուժի սպառնալիքի չկիրառման, տարածքային ամբողջականության և ժողովուրդների ազատ ինքնորոշման իրավունքի սկզբունքներին»:
«Մենք այդ գործելաոճը գնահատում ենք իբրև կառույցի ավանդույթների և էության ոտնահարում: Նման աշխատաոճն անընդունելի և դատապարտելի է ցանկացած խորհրդարանական վեհաժողովի համար», - հայտարարել էր ՍԾՏՀԿ-ում Հայաստանի պատվիրակությունը: