Մատչելիության հղումներ

Լավրով․ ԵՄ որոշ երկրներ ցանկանում են Արևելյան գործընկերությունը օգտագործել հակառուսական նպատակներով


ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հարցազրույց է տալիս Մինսկում, 30-ը նոյեմբերի, 2017թ․
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հարցազրույց է տալիս Մինսկում, 30-ը նոյեմբերի, 2017թ․

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը Մինսկում "РТР-Беларусь" հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասել է, թե Եվրամիության անդամ որոշ երկրներ ցանկանում են Արևելյան գործընկերությունը օգտագործել «հակառուսական նպատակներով»:

«Նրանք մեծամասնությունը չեն, բայց իրենց բավականին ագրեսիվ են պահում», - ասել է Լավրովը՝ նշելով, որ դա արտահայտվել է նաև Բրյուսելում նոյեմբերի վերջին անցկացված Արևելյան գործընկերության գագաթնաժողովում Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյի ելույթում:

Ռուսաստանի արտգործնախարարն ասել է, թե Եվրամիության երկրների ճնշող մեծամասնությունը հասկանում է, որ ԱՊՀ երկրների հետ ցանկացած շփումներում հակառուսական լիցքեր ներդնելը ապակառուցողական է և անհեռանկարային, և որ դա կլինի հերթական անհաջող փորձը: Նա նշել է, թե բարձր են գնահատում նման փորձերի դեմ Բելառուսի և Արևելյան գործընկերության մի քանի այլ մասնակիցների ամուր դիրքորոշումը:

Ռուսաստանի արտգործնախարարի գնահատմամբ՝ ամփոփիչ հռչակագիրը, չնայած որոշ մասնակիցների ցանկությանը, չի պարունակում կոնկրետ երկրներին չվերաբերող լուսանցքային այլ ձևակերպումներ: Նա նշել է, որ դրանում մեծ դերակատարությունն են տեսնում այդ թվում նաև Բելառուսի, որը չի թույլատրել այդ գործընթացը դարձնել քաղաքականացված, գաղափարականացված, այլ իր իրական հետաքրքրությունն է տեսնում՝ նորմալ հարաբերություններ զարգացելու արևմտյան եվրոպացիների հետ:

«Ինձ թվում է՝ այստեղ մենք որևէ տարընթերցումներ չենք տեսնում», - ասել է նա՝ նշելով, որ որևէ կասկածներ չունեն Բելառուսի, Հայաստանի և Ադրբեջանի նկատմամբ:

Նա այլ տոնով է խոսել Արևելյան գործընկերության մյուս երեք մասնակիցների մասին, ասելով, թե իհարկե տեսնում են՝ ինչպես են իրենց պահում ուկրաինացի, մոլդովացի ու վրացի գործընկերները, բայց և համոզմունք է հայտնել, որ նրանց չի հաջողվում և չի հաջողվի «Արևելյան գործընկերության ամբողջ սխեման տեղափոխել հակառուսական հուն»:

Լավրովը հիշեցրել է նաև, որ Ռուսաստանը ևս գործընկերության համաձայնագիր ունի Եվրամիության հետ, որը, նրա խոսքով, «ցավոք սառեցված է ոչ մեր մեղքով»:

Ռուսաստանի արտգործնախարարը "РТР-Беларусь" հեռուստաընկերությանը հարցազրույց է տվել դեկտեմբերի 2-ին Մինսկում, որտեղ մասնակցում էր ՀԱՊԿ անդամ երկրների հավաքին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG