Մատչելիության հղումներ

«Իներցիան շատ ավելի դեր է խաղում, քան բուն ստեղծագործական արժեքը»


Մշակույթի նախարարությունն այսուհետ պետպատվերով կամ պետական աջակցությամբ հայ ժամանակակից գրողների ստեղծագործությունները հրատարակելու համար գումար կհատկացնի «Գրքի երևանյան փառատոնի » շրջանակներում անցկացվող մրցույթի արդյունքների հիման վրա: Օրերս տեղի ունեցած մրցույթի արդյունքում հաղթած գրողների թվում էին՝ Գուրգեն Խանջյանը, Ներսես Աթաբեկյանը, Համբարձում Համբարձումյանը, Սիլվա Հովհաննիսյանը, Անուշ Ասլիբեկյանը, Հովհաննես Երանյանը, Էլֆիկ Զոհրաբյանը: Նրանց անտիպ ստեղծագործությունները կհրատարակվեն պետական ֆինանսավորմամբ: Ընդհանուր առմամբ մրցույթին մասնակցության հայտ էր ներկայացրել 133 գրող: Փակ գաղտնի մրցութային հանձնաժողովի նախագահն էր անվանի գրականագետ Վազգեն Գաբրիելյանը: Փառատոնի ընթացքում հրատարակություններն առանձին տաղավարներով իրենց գրքերն էին ներկայացրել:

«Ազատությունը» փառատոնին մասնակից գրողներից, գրականագետներից հետաքրքրվեց, թե ինչպես են վերաբերվում պետական ֆինանսավորման կրճատմանը: Գրողների մեծ մասը համոզմունք հայտնեց, որ հատկապես երիտասարդ գրողները պիտի ֆինանսավորվեն գրքերի հրատարակության համար:

Գրող Արամ Ավետիսը, մինչդեռ, այլ կարծիք հայտնեց․ ֊ «Գրողը, ինձ թվում է, պետք է հրատարակչի հետ աշխատի, պետության հետ ի՞նչ կապ ունի: Թող պետությունը հովանավորի հրատարակչին, հրատարակիչներն էլ կոնտակտ հաստատեն գրողների հետ»:

Բանաստեղծ, թարգմանիչ Հակոբ Մովսեսի համոզմամբ ևս․ ֊ «Պետությունը գիրք չպետք է ֆինանսավորի, բացի առաջին գրքից, որովհետև դա ավելորդ հովանավորչություն է ստեղծում, շուկայի մեջ մտցնում է անբնականություն: Ես կարծում եմ՝ պետք է ազատ թողնել, բայց դա չի նշանակում, որ պետությունը գրքի հանդեպ որևէ հետաքրքրություն պետք է չունենա: Պետությունը գոնե ամբողջ դասական գրականությունը գրադարանների համար գնի, որպեսզի հրատարակիչը հասկանա, որ եթե ինքը հրատարակում է Րաֆֆու կամ Պռոշյանի կամ ասենք Հրանտ Մաթևոսյանի կամ ժամանակակից գրողի գիրքը, պետք է իմանա, որ իր ինքնարժեքը ծածկել է, մնացածը արդեն բիզնեսի հարց է»:

Դե, իսկ բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Սուրեն Դանիելյանի համոզմամբ պետական ֆինանսավորում չպիտի լինի․ ֊ «Որովհետև ամբողջական իր մոտեցումների մեջ պետությունը, նախարարությունը, կազմակերպությունը, գրողների միությունը և այսպես շարունակ՝ մենք չենք կարողանում ենթակայական վերաբերմունքից դուրս գալ: Կարող ենք չէ՞, ենթադրել, որ այս անձը լավ գործեր գրել է, իսկ հիմա լավը չի այնքան: Այ այս մոտեցումը հաղթահարելը մեզ համար դարձել է նախապայման, իներցիան շատ ավելի դեր է խաղում, քան բուն ստեղծագործական արժեքը»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG