Մատչելիության հղումներ

Դատարանն այսօր մերժեց Եղնուկյանի բոլոր միջնորդությունները


«Սասնա ծռերին» օժանդակելու մեջ մեղադրվող ԱՄՆ քաղաքացի, Հիմնադիր խորհրդարանի ներկայացուցիչ Կարո Եղնուկյանն այսօր դատարանին կրկին խնդրեց ազատ արձակել իրեն կալանքից՝ առաջարկելով 1 միլիոն դոլար արժողությամբ գույք գրավադրել։

«Ես ինքնակամորեն հրաժարվում եմ դատաքննությանը մասնակցելու իմ իրավունքից: Ավելին, ունեմ պաշտպաններ, որոնք մասնակցում են նիստերին և իրականացնում են պաշտպանությունս: Հետևավար ինձ հարկադրաբար դատական նիստերին տեղափոխելը ոչ թե բխում է իմ իրավունքներից, այլ ընդհակառակը՝ կյանքիս և առողջությանս լուրջ վտանգ է սպառնում»:

Եղնուկյանի գործը, հիշեցնեմ, քննվում է անցած տարի ոստիկանության գունդը գրաված զինված խմբի վարույթներից մեկով: Նա հայտարարեց, որ մի շարք լուրջ առողջական խնդիրներ ունի և չի ուզում «Հաց բերող» անունը ստացած Արթուր Սարգսյանի ճակատագրին արժանանալ։ «Հաց բերողը», ով ևս մեղադրվում էր «Սասնա ծռերին» օժանդակելու մեջ, հիշեցնենք, մահացավ 8 ամիս առաջ՝ կալանքից ազատ արձակվելուց տասն օր անց՝ հիվանդանոցում։ Նա մի շարք լուրջ առողջական խնդիրներ ուներ։

«Այն քննիչները, դատախազները և դատավորները, որոնք կալանավորեցին Արթուր Սարգսյանին՝ հաշվի չառնելով իր առողջական վիճակը և այդ պայմաններում հացադուլի կանխատեսելի հետևանքները, պատասխան են տալու իրենց հանցավոր անփութության, եթե ոչ միտումնավոր սպանության համար: Հիմա ես ձեզ արդեն հինգերորդ անգամ զգուշացնում եմ, որ եթե դուք կանխարգելիչ գործողություններ չձեռնարկեք պատճառը վերացնելու համար, ապա շատ մեծ հավանականությամբ, մեկ օր իմ կրիզիսային էպիզոտիկ հիպերտոնիան ինսուլտի կամ սրտի կաթվածի կհանգեցնի և մահվան ելքով կվերջանա»:

Եղնուկյանը հայտարարեց, թե իր միջնորդությունների մերժման դեպքում կդիմի Մարդու իրավունքների եվրոպական դատարան․ - «Եթե այս իրավիճակը մինչև հաջորդ նիստը՝ դեկտեմբերի 7-ը, լուծում չգտնի, ապա դիմելու եմ Մարդու իրավունքների եվրոպական դատարան»:

Եղնուկյանը միջնորդեց նաև իր գործն անջատել «Սասնա ծռերի» վարույթից: Նաև պահանջեց, որ իրեն այլևս չբերեն դատարան, քանի որ դա խիստ բացասական ազդեցություն է ունենում իր առողջական վիճակի վրա:

Եղնուկյանի խոսքով՝ բժիշկներն իր մոտ ախտորոշել են կրիզիսային հիպերտոնիա, ինչն առավել սրվում է դատարանում։

Միջնորդությունը ներկայացնելուց հետո Եղնուկյանը հեռացավ նիստերի դահլիճից։

Դատավոր Արտուշ Գաբրիելյանը, սակայն, մերժեց Եղնուկյանի բոլոր միջնորդությունները։ Սա զայրացրեց վերջինիս փաստաբան Տիգրան Հայրապետյանին․ - «Իրական ռեալ վտանգ կա, որ նա կարող է մահանալ, բայց դատախազությունը անգամ էս հանգամանքը չի կարևորում, և ուղղակի դատախազությունը շեշտադրում է Քրեական դատավարության օրենսգրքի դրույթներ, որոնք չեն կարող էդպես մեկնաբանվել, և չի կարելի անձի կյանքը, արժանապատվությունը և հիմնական իրավունքները էդքան նսեմացնել»:

Փաստաբան Մուշեղ Շուշանյանը իր հերթին հայտարարեց, թե դատավորը կրկին ցույց տվեց, որ անաչառ չէ․ - «Առաջադրված մեղադրանքը, որը ակնհայտ շինծու և քաղաքական պատճառներ ունեցող, քողարկված քրեական մեղադրանք ա, քննել այս գործի հետ: Կարո Եղնուկյանը այս գործի հետ և մյուս պաշտպանյալներին առաջադրված մեղադրանքի հետ որևէ կապ չունի»:

իգրան Հայրապետյանն այօսր միջնորդեց դատարանին դադարեցնել Եղնուկյանի դեմ քրեական հետապնդումը։ Պնդեց, որ Եղնուկյանը դեմ է եղել արյունահեղությանը։ Ասաց, որ մինչ օրս իրենց պարզ չէ, թե ինչպես է պաշտպանյալն օժանդակել «Սասնա ծռերին»․ - «Եղնուկյանը խոսել է կնոջ հետ: Կինն ասել է՝ տեղեկությունը հրապարակե՞նք, որ ընդամենը մի հոգի է թունավորվել, ոչ թե շատերն են թունավորվել, Եղնուկյանն ասել է՝ չէ, կարիք չկա: Փաստորեն Եղնուկյանին մեղադրում են ոչ թե գործողության, այլ անգործության համար: Տվյալ դեպքում օժանդակությունը չի կարող դրսևորվել անգործությամբ»:

Դատավոր Արտուշ Գաբրիելյանը, սակայն, որոշեց այս միջնորդության քննությունը հետաձգել և հայտարարեց դատաքննության մեկնարկի մասին։

Մեղադրող դատախազներն այսօր ներկայացրեցին միայն մեղադրյալ Արթուր Մելքոնյանի մեղադրականը:

«Այն բանից հետո, երբ նախնական համաձայնությամբ մի խումբ անձանց կողմից ապօրինի կերպով զենք, ռազմամթերք ձեռք բերելը, պահելը և փոխադրելը կազմակերպելու համար մեղարդվող Ժիրայր Սեֆիլյանը կալանավորվել է, Արթուր Մելքոնյանն ընկերների՝ Արմեն Լամբարյանի, Արմեն Բիլյանի, Արամ Մարկոսյանի, Վարուժան Ավետիսյանի, Արայիկ Խանդոյանի, Մխիթար Ավետիսյանի և մյուսների հետ որոշել է զավթել ու պահել Հայաստանի Հանրապետության ոստիկանության Երևան քաղաքի վարչության Պահեկապահակետային ծառայության գնդի վարչական շենքերը, շինությունները և ոստիկանական տրանսպորտի միջոցները» (Մեղադրող դատախազ Հակոբ Ենոքյան)։

«Սասնա ծռեր» զինված խումբն անցած տարվա հուլիսի 17-ին գրավել և երկու շաբաթ շարունակ վերահսկողության տակ էր պահել Ոստիկանության պարեկապահակետային ծառայության (ՊՊԾ) գնդի տարածքը: Այդ ընթացքում զոհվել է երեք ոստիկան: Նրանց սպանության մեջ մեղադրվում են խմբի անդամներից Սմբատ Բարսեղյանը և Արմեն Բիլյանը: Այս գործերով անցնողների հիմնական մասը մեղադրվում է ապօրինի զենք ձեռք բերելու, դրա գործադրմամբ շենք գրավելու, գույք փչացնելու, պատանդ պահելու, նրանց ազատելու պայմանով պետությանը գործողություններ հարկադրելու մեջ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG