Մատչելիության հղումներ

Նալբանդյան-Մամեդյարով հանդիպումը հավանաբար կկայանա դեկտեմբերի 6-ին Վիեննայում


Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյան և Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարով, արխիվ
Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյան և Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարով, արխիվ

Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպումը հավանաբար կկայանա դեկտեմբերի 6-ին Վիեննայում: Այդ օրերին Ավստրիայի մայրաքաղաքում անցկացվելու է ԵԱՀԿ արտգործնախարարների խորհրդի նիստը:

Էդվարդ Նալբանդյանի հետ առաջիկա հանդիպման մասին հայտնել է Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը՝ Թուրքիայի և Պակիստանի արտգործնախարարների հետ Բաքվում կայացած համատեղ ասուլիսում: Մամեդյարովն ասել է, որ Վիեննայում հանդիպելու է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների և Հայաստանի արտգործնախարարի հետ: Նա հայտնել է, որ հանդիպման համար Ադրբեջանը տվել է իր համաձայնությունը:

«Մենք միշտ ասել ենք, որ բանակցությունները պետք է լինեն տրամաբանական և բովանդակալից: Մոսկվայում համանախագահների հետ հանդիպմանը մենք խորը և հանգամանալից քննարկում ենք ունեցել: Համանախագահները հավանաբար բանակցությունները կշարունակեն այդ ուղղությամբ», - ասել է նա:

Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հայտնել է, որ երեկ հանդիպել է Մինսկի խմբի համանախագահներին: «Ես նրանց ասել եմ, որ անհրաժեշտ է ավելի ակտիվ, վճռական և անկեղծ լինել, և ընդգծել եմ, որ այդ հարցում աջակցություն կցուցաբերեմ», - հայտարարել է Չավուշօղլուն՝ հիշեցնելով նաև Թուրքիայի և Ռուսաստանի նախագահներ Ռեջեփ Էրդողանի և Վլադիմիր Պուտինի հանդիպումը: Նրա փոխանցմամբ՝ այդ հանդիպմանը Էրդողանն ասել էր, որ եթե Ռուսաստանը վճռական լինի, ապա Ղարաբաղի խնդիրը կլուծվի, և Թուրքիան պաշտպանում է այդ նախաձեռնությունը:

Պակիստանի արտգործնախարար Խավաջա Մուհամադ Ասիվը հայտարարել է, որ երեք երկրները Քաշմիրի, Լեռնային Ղարաբաղի և Հյուսիսային Կիպրոսի հարցերում միասնական դիրքորոշում ունեն և պետք է այդ հարցերը կարգավորելու ուղղությամբ հանդես գան այդ դիրքորոշմամբ:

Ադրբեջանի, Թուրքիայի և Պակիստանի արտգործնախարարների եռակողմ հանդիպում առաջին անգամ է անցկացվում: Հանդիպման արդյունքում ընդունված փաստաթղթում նրանք վճռական աջակցություն են հայտնել պետությունների անկախությանը, ինքնիշխանությանը, տարածքային ամբողջականությանը և միջազգայնորեն ճանաչված սահմանների անձեռնմխելիությանը:

Երեք երկրների արտգործնախարարները պայմանավորվել են հաջորդ հանդիպումն անցկացել 2018 թվականին Իսլամաբադում:

Թուրքիայի և Պակիստանի արտգործնախարարները Բաքվում հանդիպել են նաև Ադրբեջանի նախագահին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG