Մատչելիության հղումներ

Russia Today հեռուստաընկերությունը զրկվեց ԱՄՆ Կոնգրեսի հավատարմագրից


Կրեմլի կողմից ֆինանսավորվող Russia Today (RT) հեռուստաընկերությունը զրկվեց ԱՄՆ Կոնգրեսի հավատարմագրից: Ամերիկյան օրենսդիր մարմնի լրատվական աշխատանքը համակարգող կազմակերպությունը RT-ին է դիմել՝ խնդրելով վերադարձնել Կոնգրեսի և Սենատի հավատարմագրերը:

Այս որոշումը, ինչպես նշված է «Ռադիո-հեռուստատեսային պատկերասրահ» կոչվող այդ կազմակերպության նամակում, ընդունվել է նոյեմբերի 21-ին՝ գաղտնի քվեարկության արդյունքում, և անմիջապես ուժի մեջ է մտել:

«Օտարերկրյա կառավարությունների գործակալները կամ ներկայացուցիչները հավատարմագրի իրավունք չունեն», - ասված է նամակում:

1877 թվականից գործող Կոնգրեսի Հեռուստա- և ռադիոլրագրողների ասոցիացիան Կոնգրեսից անկախ կազմակերպություն է: Հենց այս կառույցն է, և ոչ թե Կոնգրեսը, հավանություն տալիս այս կամ այն լրատվամիջոցի հավատարմագրման դիմումին:

Այս որոշումը, որն արդեն իսկ կոշտ քննադատության է արժանացել Ռուսաստանի կողմից, հաջորդում է այս ամսվա սկզբին RT-ի՝ որպես օտարերկրյա գործակալ գրանցվելուն:

Հիշեցնեն՝ ԱՄՆ արդարադատության նախարարությունը Ռուսաստանի պետական այդ լրատվամիջոցից պահանջել էր Միացյալ Նահանգներում գրանցվել տասնյակ տարիներ գործող ակտին համապատասխան, որի նպատակն է սահմանափակել այլ երկրների կառավարությունների՝ ԱՄՆ-ում քարոզչություն տարածելը։

Հեռուստաընկերությունը պնդում է, որ այդ պահանջը հակասում է Միացյալ Նահանգների Սահմանադրությամբ երաշխավորված մամուլի ազատության սկզբունքին: Մինչդեռ Վաշինգտոնում հավաստիացնում են, որ օտարերկրյա գործակալների մասին ամերիկյան օրենքը էականորեն տարբերվում է ռուսականից և որևէ կերպ չի սահմանափակում տեղեկատվության ազատությունը:

Ամերիկյան արդարադատության նախարարությունն էլ իր հերթին էր հակադարձել, հայտարարելով, որ «ամերիկացիներն իրավունք ունեն իմանալ, թե ով է գործում Միացյալ Նահանգներում՝ ազդելու Միացյալ Նահանգների կառավարության կամ հանրության վրա օտարերկրյա ղեկավարների անունից»:

Ռուսաստանի իշխանությունների, այդ թվում` նախագահ Վլադիմիր Պուտինի խոստացած հայելային պատասխանը չուշացավ: Պետդուման առանց հապաղելու ընդունեց դրսից ֆինանսավորվող լրատվամիջոցների համար սահմանափակումներ մտցնող աղմկահարույց օրինագիծը, որը թույլ է տալիս ռուսաստանյան իշխանություններին ոչ միայն որպես օտարերկրյա գործակալ գրանցել դրսից ֆինանսավորվող լրատվամիջոցները, այլ նաև արգելափակել «ոչ ցանկալի կազմակերպությունների» ինտերնետային կայքերը՝ առանց դատարանի որոշման:

Իրավապաշտպաններն ու փորձագետները նկատում են, որ ռուսական օրենքը, ի տարբերություն ամերիկյանի, սահմանափակում է խոսքի ազատությունը և լրագրողներրի աշխատանքի պայմանները:

Չնայած հնչող քննադատությանը՝ Ռուսաստանի իշխանությունները որոշեցին է՛լ ավելի խստացնել սահմանափակումները օտարերկրյա լրատվամիջոցների նկատմամբ: Օրերս Պետդումա մտցվեց ևս մեկ օրինագիծ, որը մոտ 85 հազար դոլարի չափով տուգանք է սահմանում օտարերկրյա գործակալի կարգավիճակով պիտակավորված լրատվամիջոցների համար, որոնք կխախտեն գործունեության կարգը: Խոշոր տուգանքներից բացի՝ օրենքի նախագիծը նաև 15-օրյա վարչական կալանք է նախատեսում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG