Թուրքիան քայլեր է ձեռնարկում ղարաբաղյան խնդրի կարգավորման և «Ադրբեջանի օկուպացված տարածքներն ազատագրելու» համար, այսօր Բաքվում հայտարարել է արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն՝ ադրբեջանցի գործընկերոջ հետ հանդիպման ժամանակ:
Չավուշօղլուն նշել է, որ Թուրքիայի և Ադրբեջանի նախագահները մշտական կապի մեջ են այս հարցի շուրջ:
«Նախագահ Էրդողանն ավելի վաղ Ռուսաստանի նախագահի հետ հանդիպմանն ասել էր, որ եթե Մոսկվան ցանկանա, այս հարցը կկարգավորվի, և Անկարան կաջակցի այդ նախաձեռնությանը: Երեկ ես հանդիպել եմ Մինսկի խմբի համանախագահներին և հորդորել լինել առավել ակտիվ, վճռական ու անկեղծ», - հայտարարել է Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը:
Ադրբեջանի արտգործնախարարը, իր հերթին, տեղեկացրել է, որ պատրաստվում է դեկտեմբերի 6-ին Վիեննայում հանդիպել Հայաստանի արտգործնախարարին ու ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին: «Մենք մշտապես ասում ենք՝ բանակցությունները պետք է լինեն տրամաբանական և բովանդակալից», - ասել է Էլմար Մամեդյարովը: