Մատչելիության հղումներ

Սվիտալսկի. Եվրամիությունը չի փորձում ինչ֊որ կոնկրետ օրակարգ պարտադրել


«Ազատության» հայկական ծառայության տնօրեն Հրայր Թամրազյանը Հայաստան ֊ ԵՄ նոր համաձայնագրի շուրջ զրուցել է Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկիի հետ։ Հարցազրույցն ամբողջությամբ կհեռարձակվի Կիրակնօրյա վերլուծականի եթերում։ Ստորև ներկայացնում ենք զրույցից մի հատված։

«Ազատություն». ֊ Պարո՛ն դեսպան, վերջին հարցը՝ Ռուսաստանի արձագանքի մասին։ Պաշտոնական արձագանքը նորմալ է, նրանք ասում են, որ Հայաստանը ինքնիշխան պետություն է և իրավունք ունի համաձայնագրեր կնքել ցանկացած երկրի և կառույցի հետ։ Մյուս կողմից էլ, սակայն, տեսնում ենք բացասական արձագանքներ ռուսաստանյան լրատվամիջոցներում։ Նրանք գրեթե խուճապի են հասնում Հայաստան֊Եվրամիություն այս համաձայնագրի կնքման կապակցությամբ։ Ռուսաստանյան թոք֊շուներում, երեկոյան հաղորդումներում խոսում են այն մասին, որ Ռուսաստանը կորցնում է Հայաստանը։ Ինչպե՞ս կմեկնաբանեք այս ամենը։ Ի՞նչ կարող եք ասել։

Սվիտալսկի. ֊ Համաձայնագիրը որևէ երրորդ կողմի դեմ ուղղված չէ։ Համաձայնագիրը որևէ դրույթ չունի, որը կարող է սահմանափակել կամ բացասաբար անդրադառնալ այլ երկրների վրա, որոնք համագործակցում են Հայաստանի հետ։ Ես կարող եմ նույնիսկ ավելի բաց տեքստով ասել՝ մենք չենք ուզում մոնոպոլիզացնել այս համաձայնագրի իրագործումից բխող դրական արդյունքները։ Մենք կարծում ենք, որ եթե այս համաձայնագրի հիմնական դրույթները կյանքի կոչվեն, Հայաստանը ավելի ուժեղ ժողովրդավարություն կունենա, օրենքի գերակայության ավելի բարձր աստիճան, լավ, ուժեղ դատարաններ, կանխատեսելի, արդար բիզնես միջավայր, բիզնես վարելու հավասար պայմաններ էներգետիկայի, տրանսպորտի և այլ ոլորտներում, Հայաստանի մյուս գործընկերները դրանից միայն կշահեն, քանի որ այս համաձայնագիրը բխում է շատերի շահերից։ Այդ իսկ պատճառով ես չեմ կարծում, որ համաձայնագրի հետ կապված կարող է լինել ինչ֊որ կասկածելի բան։

Դուք ծանոթ եք դրա բովանդակությանը։ Ցանկացած ոք, ով կարդացել է համաձայնագիրը, կհամաձայնի, որ Եվրամիությունը չի հետապնդում որևէ միակողմանի նպատակ, Եվրամիությունը չի փորձում ինչ֊որ կոնկրետ օրակարգ պարտադրել։ Եվ ես կարծում եմ, որ համաձայնագրի կնքման շուրջ այլ երկրներից ստացված պաշտոնական մեկնաբանությունները՝ այդ թվում Ռուսաստանից, փաստում են, որ այս համաձայնագիրը դրական է Հայաստանի համար, և որ Հայաստանը, որպես ինքնիշխան պետություն, ճիշտ ընտրություն է կատարում, տրամաբանական եզրակացություններ անելով համաձայնագրից։

Եվրոպական միությունը հակված է համագործակցելու իր հարևանների հետ։ Եվ Հայաստանի հետ այս համաձայնագիրը մեր ընդհանուր ռազմավարության մասն է կազմում, որի նպատակն է աջակցել ավելի ուժեղ, բարգավաճ, ճկուն հարևանների կայացմանը։ Եվ այս համաձայնագրում կամ դրա հավելվածներում որևէ թաքնված բան չկա։ Այնպես որ, ինչպես ասացի, մենք չենք ուզում մոնոպոլիզացնել համաձայնագրի դրական արդյունքները և հույս ունենք, որ սա կգնահատվի նաև մյուսների կողմից։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG