Մատչելիության հղումներ

«Ո՞ր երկրի մասին է խոսում Սարգսյանը», նախագահի ելույթը տարակուսանքով է ընդունվել


«Ո՞ր երկրի մասին է խոսել Սերժ Սարգսյանը»,- տարակուսանքով հարցնում է «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի (ԹԻՀԿ) ծրագրերի ղեկավար Վարուժան Հոկտանյանը՝ ծանոթանալով նախագահի երեկվա ելույթի այն հատվածին, որում Սարգսյանն ասում է, թե ապրիլին անցկացված խորհրդարանական ընտրությունները համապատասխանել են ժողովրդավարական չափանիշներին:

«Չգիտեմ, ես այդպիսի բան չեմ տեսել: Կարելի է այնպես կազմակերպել ընտրությունները, որ դա արտաքինից լինի ժողովրդավարական գործընթացի շատ լավ իմիտացիա, բայց իրականում ժողովրդավարության նշույլ չլինի»,- «Ազատւոթյան» հետ զրույցում ասաց Հոկտանյանը:

Նախօրեին այցելելով Հատուկ քննչական ծառայություն՝ Սերժ Սարգսյանը գովել էր իրավապահների աշխատանքը, մասնավորապես, ընտրախախտումների բացահայտման մասով․ «Հատուկ քննչական ծառայության աշխատանքն այս ճակատում արդյունավետ եմ համարում: Դուք ցույց տվեցիք, որ պատրաստ և ունակ եք՝ ժամանակին արձագանքելու անհատների ու քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների յուրաքանչյուր մտահոգությանը: Դուք ոչ միայն արձագանքեցիք, այլև օրինական և տրամաբանական ավարտին հասցրեցիք քննվող քրեական գործերը»,- իր ելույթում ասել էր Սարգսյանը:

Ընտրություններին պաշտոնական տվյալներով մոտ 2 տոկոս քվե ստացած «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի անդամ, «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը հիշեցնում է «ՍԱՍ»-ի աղմկահարույց ձայնագրության քրեական գործի կարճումը, երբ հանրապետական Արտակ Սարգսյանին պատկանող ընկերությունում աշխատակիցներին սպառնացել էին, թե ձայներ չբերեք, գործից կազատվեք:

«Երևի թե Սերժ Սարգսյանը պետք է իր ռեֆերենտներին հարցադրում անի, որ տեքստերը գրելիս իրականությունից շատ ճչացող ձևով հակասություն չունենան: Դա իրականությունից այնքան հեռու է, որքան որ իշխանություններն այսօր ասում են, թե տնտեսական աճ կա, ժողովրդի կենսամակարդակը բարձրանում է, բայց դրա ցուցանիշներն են գնաճը և արտագաղթը»,- «Ազատությանն» ասաց «Ժառանգության» փոխնախագահը:

Վարուժան Հոկտանյանը հեգնում է՝ եթե ժողովրդավարական ընտրությունների չափանիշն այն է, որ ի հաշիվ համատարած ընտրակաշառքի և վարչական ռեսուրսի գործադրման չեղան կոշտ խախտումներ՝ ծեծուջարդ, լցոնումներ, ուրեմն այո՝ իշխանություններին շնորհավորել է պետք: «Հիմա սա փափուկ ձևով է արվում, և նույն իրավապահ մարմիններն էլ, որոնց ինքն այդպես գովեց իր ելույթում, շատ պասիվ դիտորդի դերում էին: Եթե դա է ընտրությունների ժամանակ իրավապահների գործունեության չափանիշը, ես որևէ լավատեսական բան չեմ տեսնում: Եղել է ընտրակաշառքի, վարչական ռեսուրսի չարաշահման մասշտաբային կիրառում: Արդյո՞ք եղել է դրան համաչափ պատժելիություն, ես դա չեմ տեսել»,- ասաց ԹԻՀԿ ծրագրերի ղեկավարը:

Արմեն Մարտիրոսյանը մեկ այլ օրինակ է բերում՝ 114 դպրոցների և մանկապարտեզների տնօրենների հեռախոսային ձայնագրությունների անհետևանք մնալը: Ըստ «Իրազեկ քաղաքացիների միավորման» հետաքննության, մանկավարժները խոստովանել էին, որ իշխող Հանրապետականի համար կազմել են ընտրողների ցուցակներ և հանձնել մարզպետարան, թաղապետարան կամ ընտրական շտաբ: «Ընտրություններն, ըստ էության, ընտրակեղծիքների առավել կատարելագործված մեխանիզմներով անցան, ադմինիստրատիվ ռեսուրսի խայտառակ չարաշահումներ եղան: Այդպիսի լայնամասշատաբ հրահանգավորումը չէր կարող ինքնագործունեություն լինել: Մի փոքր նորմալ ժողովրդավարական երկրում նոր ընտրություններ կանցկացվեին»,- ասաց Մարտիրոսյանը:

Հիշեցնենք՝ պետական պաշտոնյաներին առնչվող քրեական գործերը քննող իրավապահներին երեկ Սերժ Սարգսյանը հանձնարարեց կոռուպցիայի դեմ պայքարն ավելի կոշտացնել․ «Հակակոռուպցիոն պայքարը մեզ համար ազգային անվտանգության հարց է, որին այլընտրանք պարզապես չկա»,- ասել էր նախագահը: Վարուժան Հոկտանյանը հակադարձում է․ «Առաջին անգամը չէ, որ ես դա լսում էմ: Պարբերաբար դա ասվում է, 2008-ից նա նմանատիպ բաներ է ասել: Այստեղ ինչ-որ նոր բան, ֆունդամենտալ հակակոռուպցիոն քաղաքականության իմաստով, ես չեմ տեսնում»:

Արմեն Մարտիրոսյանն էլ հիշեցնում է․ «Մենք հիշում ենք՝ ինքը խոշոր ձկների մասին էլ ասաց, որ պետք է խոշոր ձկներին բռնել: Ակնհայտ է, որ խոշոր ձկները հենց համակարգում են: ԴԱՀԿԾ պետը՝ Միհրան Պողոսյանը խոշոր կոռուպցիոն օֆշորային սկանդալի կիզակետում էր հայտնվել, և դրանից հետո նույն Միհրան Պողոսյանին տեսանք ՀՀԿ-ի ԱԺ պատգամավորների ցուցակում: Այսինքն՝ լավ է, որ խոսում է, բայց ինչպես բոլոր ոլորտներում, խոսքը և գործն իրար հակասում են»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG