Մատչելիության հղումներ

Գյուղնախը վստահեցնում է՝ ձվի դեֆիցիտ չի սպասվում, գների նախկին մակարդակը կվերականգնվի


Հավկիթներ երևանյան խանութում, արխիվ
Հավկիթներ երևանյան խանութում, արխիվ

Գյուղատնտեսության նախարարությունը հայտնում է, որ Հայաստանում հավկիթի դեֆիցիտ չի սպասվում, և առաջիկայում շուկայում կվերականգնվի գների նախկին մակարդակը:

Հայաստանի թռչնաբույծների միության տվյալներով` դեկտեմբերի առաջին տասնօրյակից հետո տեղական ձվարտադրության ծավալները էականորեն կաճեն, օրական արտադրությունը կկազմի 2700 արկղ` մինչդեռ օրական միջին սպառումը կազմում է ընդամենը 2200 արկղ, ինչն ամբողջությամբ կապահովի ազգաբնակչության նախատոնական պահանջարկը, ասված է գյուղնախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի հաղորդագրությունում:

«Մասնագետների վերլուծություններով` նոյեմբեր ամսին տեղական արտադրությունը նվազել է 2017 թվականին հայտարարված կարանտինով պայմանավորված ինկուբացիոն ձվի ներկրումների անհնարինության պատճառով: Ստեղծված իրավիճակը բերել է շուկայում ձվի թանկացման: Ըստ ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի կողմից ձվի շուկայում կատարված մոնիթորինգի արդյունքների՝ այս պահին գերիշխող առևտրային ցանցերում վաճառվող ձվի միջին գինը տատանվում է 65-70 դրամի սահմանում: Նախորդ ամիսների համեմատությամբ դիտարկվել է 2-3 դրամի գնային բարձրացում», - նշում է գյուղնախարարությունը՝ հավելելով, որ շուկայում առաջացած բացը լրացնելու նպատակով այս պահին Հայաստանի արդյունաբերական ձու արտադրող ընկերություններն իրականացնում են ձվի ներկրումներ Ռուսաստանից:

«Առաջիկայում ձեռնարկված միրջոցառումների և տեղական ձվարտադրության ծավալների աճին զուգահեռ գները կկայունանան` վերականգնելով նախկին մակարդակը», - վստահեցնում է նախարարությունը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG