Դեռ այս տարվա ամռանը Հովհաննես Թումանյանի տուն-թանգարանի բակում բացված, ապա Մշակույթի նախարարության պահանջով փակված ստալինյան բռնատիրության ժամանակաշրջանի զոհերին նվիրված «Խավարում» խորագրով ցուցահանդեսն այսօր վերաբացվեց «Սարգիս Մուրադյան» պատկերասրահում:
Հիշեցնենք, որ Թումանյանի տուն-թարգարանի աշխատակազմի նախաձեռնությամբ ներկայացված այս ցուցահանդեսը նվիրված է մեծ բանաստեղծի, ինչպես ցուցահանդեսը ներկայացնող գրքույկում է շեշտված՝ «օսմանյան և բոլշևիկյան մեթոդներով նահատակված չորս որդիներին, որոնք ասես խորհրդանիշն են դարձել այդ ողբերգական ժամանակաշրջանի տասնյակ հազարավոր զոհերի»:
«Ազատության» հետ զրույցում ցուցահանդեսի հեղինակը՝ Հովհաննես Թումանյանի տուն-թանգարանի տնօրեն Նարինե Թուխիկյանը ասաց․ - «[Ցուցահանդեսի] բովանդակությունը բացարձակապես նույնն է: Պիտի ասեմ, որ զուգահեռ երեք քաղաքներում ևս կբացվեն․ վաղը՝ Վանաձորում, դեկտեմբերի 9-ին՝ Գյումրիում և Ֆրեզնոյում»:
«Առաջին ռեակցիան, երբ որ համացանցից իմացանք, որ նման բան գոյություն ունի, որ ինչ-որ բան արգելում են,դա այն է, որ ամբողջ ընտանիքը, իրար նայելով, որոշեց, որ պետք է վերաբացել և մեզ մոտ», - ասաց «Սարգիս Մուրադյան» պատկերասրահի տնօրեն, գեղանկարչուհի Զարուհի Մուրադյանը: - «Մեր պատկերասրահը հայտնի է նրանով, որ մենք բացառապես գեղանկարչություն, քանդակ, երբեմն ֆոտո ենք ներկայացնում: Բայց էս անգամ բացառություն արեցինք, որովհետև պարտավորված ենք մեզ զգում այս ցուցահանդեսը ներկայացնել հանրությանը։ Մենք դաստիարակվել ենք սովետական ժամանակների պատմության գրքերով, որոնք ամբողջովին սուտ էին, և այն մարդիկ, որոնք իրենց մեջ ուժ գտան դուրս գալ այդ վիճակից և էս 25 տարիների ընթացքում կարդալ, ծանոթանալ, իմանալ ինչ է իրապես տեղի ունեցել, մենք պարտական ենք հաջորդ սերունդներին առերեսել դաժան, բայց մեր պատմության էջերին: Այո՛, պատմության էջերը դաժան են, այո՛, կան մարդկանց ազգանուններ, որոնց ժառանգները չէին ուզի, որ սա լիներ, բայց եթե մենք չդատապարտենք․․․ Ինչպես որ մենք պահանջում ենք դատապարտել Ցեղասպանությունը, նույնպիսի խնդիր էլ սա է: Որովհետև Եղեռնից մազապուրծ եղած հազարավոր մարդիկ արդեն սովետական բոլշևիկների կողմից եղեռնի ենթարկվեցին»:
Նարինե Թուխիկյանն ասաց․ - «Մեր 2017 թվականի ծրագրում՝ արտաբյուջետային ծախսերի մեջ, ժամանակավոր այս ցուցադրությունը ներառված էր: Ես չեմ դիմել նորից: Պարզապես հարցրել եմ: Եթե հիշում եք, կար որոշակի խմբագրումներ անելուց հետո վերաբացելու թույլտվություն, որը ես կատեգորիկ պիտի մերժեի: Ես չեմ հասկացել և չեմ էլ կարող հասկանալ, թե ինչպես 21-րդ դարում կարող է գրաքննություն լինել անկախ պետության մեջ: Ընդ որում՝ էնպիսի նյութի վերաբերյալ, որը կապ չունի մեր այսօրվա իշխանությունների հետ․․․ Բայց տեղի ունեցավ մեր վարչապետի հրահանգը՝ մուլտիպլիկատիվ էֆեկտ ապահովել: Եվ մենք ապահովեցինք ահավասիկ մուլտիպլիկատիվ էֆեկտը՝ մեկ ցուցահանդեսը դարձած չորսը»:
«Ես կարող եմ հավելել միայն այն, որ ցուցահանդեսը առնվազն մեկ ամիս կմնա: Եվ եթե պահանջարկ լինի, նոր տարուց հետո էլ մի քանի օր կմնա», - նշեց Զարուհի Մուրադյանը: