Լիբանանի վարչապետը չեզոք կառավարության կողմնակից է և չի ցանկանում իր կառավարությունում տեսնել այլ երկրների գործերին միջամտող կուսակցություն: Լիբանանի վարչապետ Սաադ Հարիրին ֆրանսիական CNEWS հեռուստաընկերության հետ զրույցում, մասնավորապես, նշել է․ ««Հեզբոլան» Իրանի աջակցությամբ միջամտում է արաբական երկրների գործերին: Ես հանդիսանում եմ Լիբանանի գործող վարչապետը և ցանկանում եմ շարունակել իմ աշխատանքը վարչապետի պաշտոնում: Հրաժարականի մասին իմ որոշմամբ ես ցանկանում էի դրական ցնցում առաջացնել և այդպիսով մարդկանց, Լիբանանի բնակչությանը ցույց տալ, որ լուրջ խնդիրներ կան»:
Հարիրին նաև ասել է․ «Լիբանանը չի կարող կարգավորել «Հեզբոլայի» գործունեության հետ կապված խնդիրները, որովհետև դա տարածաշրջանային խնդիր է: Այդ կուսակցությունը գործում է ամենուր՝ Լիբանանում, Սիրիայում, Իրաքում, և այդ ամենը Իրանի դիրքորոշման արդյունքն է: «Հեզբոլայի» հետ կապված քաղաքական որոշումները պետք է տարածաշրջանային մակարդակով կայացվեն»:
Սաադ Հարիրին հերթական անգամ հերքել է պնդումները, թե նոյեմբերի 4-ին Էր Ռիյադում իր հրաժարականի մասին հայտարարել է սաուդյան իշխանությունների ճնշումների ներքո: Հիշեցնենք՝ ավելի վաղ Reuters լրատվական գործակալությունը, վկայակոչելով իր աղբյուրները, գրել էր, թե երբ նոյեմբերի 3-ին Սաադ Հարիրին պաշտոնական այցով ժամանել էր Էր-Ռիյադ, նրան օդանավակայանում տեղի պաշտոնյաներից ոչ ոք չէր դիմավորել: «Լիբանանի վարչապետից վերցրել են հեռախոսը, իսկ հաջորդ օրը, թագավոր Սալմանի հետ ունեցած զրույցից հետո, թագավորությանը պատկանող հեռուստաընկերության եթերում նա հայտարարել է իր հրաժարականի մասին, պնդելով, թե «Հեզբոլան» և Իրանի իշխանություններն իր դեմ դավեր են նյութում»,- հաղորդել էր գործակալությունը:
Անցած չորեքշաբթի վերադառնալով հայրենիք, երկրի նախագահ Միշել Աունի խնդրանքով Հարիրին ասել է, թե առայժմ հրաժարական չի տա՝ համաձայնելով շարունակել աշխատանքը Լիբանանի վարչապետի պաշտոնում: 2005 թվականին սպանված՝ Լիբանանի նախկին վարչապետ Ռաֆիկ Հարիրիի որդին՝ Սաադ Հարիրին երկրի կառավարության ղեկավարի պաշտոնը ստանձնել է 2009-ին ու պաշտոնավարել մինչև 2011 թվականը: Այնուհետև, վերադառնալով այդ պաշտոնին՝ նա շուրջ երկուսուկես տարվա քաղաքական ճգնաժամի մեջ գտնվող Լիբանանին նոր դարաշրջան խոստացավ:
Ընդ որում՝ լիբանանյան կառավարության ղեկավարը պատրաստվում էր նոր դարաշրջան թևակոխել Իրանի աջակցությունը վայելող ու երկրի ամենաազդեցիկ ուժերից համարվող՝ շիաների «Հեզբոլա» շարժման հետ, վերջինիս ներկայացուցիչներին ներառելով կոալիցիայի մեջ: «Ես չեզոքություն եմ ակնկալում, ինչի շուրջ պայմանավորվել էինք կառավարություն կազմելիս»,- ասել է Հարիրին:
Լիբանանի իշխող կոալիցիայի անդամ «Հեզբոլան» բացահայտ աջակցում է Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադին արդեն վեց տարի շարունակվող ներքաղաքական ճգնաժամում: Վերջերս էլ ռազմական աջակցություն էր ցուցաբերել Իրաքին՝ «Իսլամական պետության» ահաբեկիչների դեմ պայքարում: Լիբանանում մտավախություն ունեն, որ Հարիրիի հրաժարականը նոր ցնցումներ կառաջացնի երկրում, որը հաճախ է վերածվել տարածաշրջանի երկրների առճակատման հարթակի:
Լիբանանը համարվում է ամենամեծ և ամենաազդեցիկ հայկական համայնքն ունեցող երկրներից մեկը, որտեղ հայազգի բնակչությունն ակտիվորեն ներգրավված է նաև ներքաղաքական կյանքում: Հայ համայնքը երկրի կառավարությունում ներկայացված է ի դեմս էներգետիկայի և ջրի նախարար Արթուր Նազարյանի։ 2009 թ. խորհրդարանական ընտրություններից հետո Լիբանանի Սահմնանադրությամբ հայկական համայնքին հատկացվեց վեց մանդատ, ընդ որում թե՛ նախագահ Աունի, թե՛ վարչապետ Հարիրիի կուսակցությունից:
Լիբանանահայ ռեժիսոր Նիգոլ Բեզջյանը «Ազատության» հետ զրույցում ասաց, որ Լիբանանում ներքաղաքական լարվածությունը մի քանի քաղաքացիական պատերազմներով անցած հայկական համայնքում Հայաստան տեղափոխվելու շուրջ խոսակցություններ է հարուցել: Ինչ վերաբերում է լիբանանահայերի պաշտոնական դիրքորոշմանը՝ ապա այն «հնարավորինս հավասարակշռված է»: