Մատչելիության հղումներ

Եվս հինգ ռուսաստանցի մարզիկ ցկյանս որակազրկվեց


Կանադացի փաստաբան Ռիչարդ ՄըքԼարենը զեկույց է կազմել Ռուսաստանում խթանիչների համատարած կիրառման մասին, WADA-ի տարեկան ժողով, Լոզան, 13-ը մարտի, 2017թ.
Կանադացի փաստաբան Ռիչարդ ՄըքԼարենը զեկույց է կազմել Ռուսաստանում խթանիչների համատարած կիրառման մասին, WADA-ի տարեկան ժողով, Լոզան, 13-ը մարտի, 2017թ.

Ռուսների մասնակցությունը 2018-ի ձմեռային Օլիմպիադային վտանգված է:

Միջազգային օլիմպիական կոմիտեն խթանիչներ օգտագործելու մեղադրանքով ցկյանս որակազրկել է ևս 5 ռուսաստանցի մարզիկների, Սոչիի ձմեռային Օլիմպիադայում նրանց ելույթների արդյունքները չեղարկվել են: Ընդհանուր հաշվով՝ ցկյանս արդեն որակազրկվել է տասը ռուսաստանցի: Դաշնության մասնակցությունն առաջիկա Օլիմպիադային կարող է ընդհանրապես արգելվել:

Սկելետոնիստ Սերգեյ Չուդինովը, բոբսլեյիստներ Ալեքսեյ Նեգոդայլոն և Դմիտրի Տրունենկովը, բիաթլոնիստներ Յանա Ռոմանովան և Օլգա Վիլուխինան մեղավոր են ճանաչվել խթանիչներ կիրառելու համար և ցկյանս որակազրկվել են: Այսպիսով, Ռուսաստանը զրկվել է Սոչիի ձմեռային Օլիմպիադայում վաստակած ևս երկու արծաթե մեդալներից և ոչ պաշտոնական հաշվարկով այլևս կորցրել է առաջին տեղը:

Կանադացի իրավաբան-պրոֆեսոր Ռիչարդ ՄըքԼարենի անկախ հանձնաժողովի անցկացրած ստուգումների արդյունքների համաձայն, խթանիչներ Ռուսաստանում օգտագործել է ավելի քան հազար մարզիկ, արգելված դեղամիջոցների օգտագործումը և դրա բացահայտումը կանխելու համար արյան ու մեզի նմուշների փոխարինումը կատարվել է պետության, մասնավորապես՝ սպորտի նախարարության լռելյայն կառավարմամբ ու Անվտանգության դաշնային ծառայության ակտիվ աջակցությամբ:

19 ռուսաստանցի մարզիկների մասնակցությունը 2018 թվականին Հարավային Կորեայում՝ Պյոնչենգ ավանում կայանալիք ձմեռային Օլիմպիադային արդեն արգելվել է, մինչդեռ 17 երկրների հակադոպինգային գործակալությունները պահանջում են արգելել Ռուսաստանի ամբողջ հավաքականի մասնակցությունը: Վերջնական որոշումը կընդունվի Միջազգային օլիմպիական կոմիտեի գործադիր խորհրդի՝ այս ուրբաթ օրը Լոզանում գումարվելիք նիստում:

Ռուսները հերքում են պետության աջակցությունը խթանիչների կիրառմանը և հավատացնում են, որ հետայսու ամեն ինչ կանեն միայն ազնիվ մարզիկներով միջազգային մրցումներին ներկայանալու համար:

Հակադոպինգային համաշխարհային գործակալությունը՝ WADA-ն, մերժել է Թեթև ատլետիկայի համառուսաստանյան ֆեդերացիայի սառեցումը դադարեցնելու Մոսկվայի հայտը, հետևաբար, միջազգային մրցաշարերին ռուսաստանցիները կարող են մասնակցել ոչ թե իրենց պետական դրոշի ներքո, այլ իբրև «չեզոք» մարզիկներ:

Ռուսները մեղադրում են Մոսկվայի հակադոպինգային լաբորատորիան 2006-ից մինչև 2015-ը ղեկավարած Գրիգորի Ռոդչենկովին, ով հրաժարական է ներկայացրել և 2015-ին բացահայտել է խթանիչների համատարած կիրառման հանգամանքները:

Մասնավորապես, պարզվել է, որ ռուսաստանցի մարզիկներն առնվազն 2011 թվականից զանգվածաբար խթանիչներ են օգտագործել, և դա շարունակվել է նաև Սոչիի 2014 թվականի ձմեռային Օլիմպիադայից հետո:

Մարզական շրջանակները, քաղաքական գործիչները Ռոդչենկովին ազգի դավաճան են անվանում, իսկ իրավապահները նրան որոնում են և գործ են հարուցել դոպինգների կիրառումը ծրագրելու և իրականացնելու մեղադրանքով:

Մինչդեռ, Միջազգային օլիմպիական կոմիտեն պնդում է, որ Ռոդչենկովն անցյալում կատարած ապօրինի գործողությունների փաստը չի հերքում, իսկ նրա ցուցմունքներն արժանահավատ են:

Ռոդչենկովն այժմ գտնվում է Միացյալ Նահանգների տարածքում, գաղտնի վայրում՝ Հետաքննությունների դաշնային բյուրոյի պաշտպանության ներքո, քանի որ կան տեղեկություններ նրա կյանքին սպառնացող վտանգի մասին:

Ռուսաստանցի տասնյակ մարզիկներ արդեն համաձայնել են «չեզոք» կարգավիճակով մասնակցել առաջիկա մրցումներին և դիմումներ են պատրաստում:

Նախագահ Վլադիմիր Պուտինն ասել է, որ այդ կարգավիճակով մասնակցությունը նվաստացուցիչ է: Մի շարք քաղաքական գործիչներ առաջարկում են հրաժարվել օլիմպիական ելույթներից և հեռուստատեսությամբ չհեռարձակել հարավկորեական ձմեռային խաղերը, եթե անտեղ ներկա չլինի Ռուսաստանի հավաքականը: Կրեմլն ամեն գնով պաշտպանում է որակազրկված մարզիկներին և նկատել է տալիս, որ այդ սկանդալով Արևմուտքը ցանկանում է ստվեր գցել 2018-ին կայանալիք նախագահական ընտրությունների վրա:

«Սոչիի Օլիմպիադայում հաղթանակը Ռուսաստանինն է, այդ նվաճումը չեղարկել հնարավոր չէ, այն առհավետ կլինի մեր հավաքականի, մեր հերոս մարզիկների հաղթանակը», - ՏԱՍՍ լրատվական գործակալության փոխանցմամբ, երեկ հայտարարել է նախագահ Վլադիմիր Պուտինի խոսնակ Դմիտրի Պեսկովը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG