Մատչելիության հղումներ

Սամվել Բաբայանը դատապարտվեց 6 տարվա ազատազրկման


Դատարանը Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախկին նախարարին մեղավոր ճանաչեց, որ նա դրդել է մի խումբ անձանց ձեռք բերել, փոխադրել և պահել ապօրինի ռազմամթերք՝ «Իգլա» զենիթահրթիռային համալիրը, ինչպես նաև փոխարկման արդյունքում ձեռք է բերել հանցավոր ճանապարհով ստացված եվրո թղթադրամներ:

«Պատվերը նորմալ կատարել են», - լսելով դատավոր Արշակ Զաքարյանի հրապարակած վճիռը՝ գնահատեց Սամվել Բաբայանը:

Հարցին, թե ու՞մ պատվերը, պատասխանեց՝ այս երկրում մեկ մարդ է պատվիրում: Լրագրողներից մեկի ճշտող հարցին՝ Սերժ Սարգսյանի՞ն նկատի ունեք, Բաբայանն արձագանքեց՝ Դուք ասացիք:

Ղարաբաղցի նախկին զինվորականն ինքն իրեն քաղբանտարկյալ չանվանեց: «Դա ինքներդ որոշեք», - ասաց լրագրողներին:

Բաբայանի փաստաբան Ավետիս Քալաշյանը փոխանցեց, որ վճիռը մեկամսյա ժամկետում բողոքարկելու են վերաքննիչ ատյանում, մտադիր են գործը հասցնել մինչև եվրոպական դատարան․ - «Եթե ի սկզբանե Սամվել Բաբայանին նման մեղադրանք էին առաջադրել, ուրեմն դրա ավարտը այն պետք է լիներ, որ պետք է կայացվեր մեղադրական դատավճիռ: Շատ խիստ պատժաչափ սահմանեց՝ 6 տարի, և, իմ համոզմամբ, դա ունի այն միտումը, որ հետագայում եթե համաներում լինի, դա չտարածվի Սամվել Բաբայանի վրա»:

«Ազատության» հարցին, թե արդյոք հնարավոր համարում է, որ Սամվել Բաբայանը ներման խնդրագրով դիմի երկրի նախագահին, փաստաբանը պատասխանեց․ - «Ներման մասին առայժմ որևէ պլաններ մենք չունենք: Պետք է բողոքարկվի դատական ակտը: Բոլոր այն իրավական հնարավորությունները, որոնք մենք ունենք՝ այս դատական ակտը բեկանելու և հասնելու արդարացման դատական ակտի, պետք է դա օգտագործենք: Ներումը միայն այն դեպքում, երբ որ բոլոր իրավական հնարավորությունները սպառվում են»:

Մեղադրող դատախազը Բաբայանի համար յոթ տարվա ազատազրկում էր պահանջել: Դատարանն այսօր ամենախիստ պատժաչափը հենց Սամվել Բաբայանին նշանակեց՝ 6 տարի: «Իգլա»-ի գործով առանցքային մյուս մեղադրյալ, Բաբայանի մարտական ընկեր Սանասար Գաբրիելյանը դատապարտվեց 3 տարվա ազատազրկման, Արմեն Պողոսյանը («Ժորիկ» մականունով)՝ 2 տարվա ազատազրկման:

Ներկոտված եվրոների մասով բոլոր մեղադրյալները ազատ արձակվեցին՝ դատապարտվելով պայմանական ազատազրկման:

Սամվել Բաբայանը ճաղերի հետևում հայտնվեց խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի ժամանակ, երբ ակտիվորեն աջակցում էր Սեյրան Օհանյանի գլխավորած դաշինքին: Հայաստանի պաշտպանության նախկին նախարար Օհանյանն «Ազատության» հետ հեռախոսազրույցում հրաժարվեց մեկնաբանել այսօրվա դատավճիռը: Սամվել Բաբայանը թեև ողջ դատավարության ընթացքում քաղաքական հայտարարություններ չէր արել, երեկ իր եզրափակիչ խոսքում պատմեց, որ ձերբակալությունից հետո իրավապահներն իր հետ խոսել են ոչ թե «Իգլա»-ի, այլ քաղաքականության մասին՝ այլ չակերտներ չբացելով․ - «Ձերբակալման փուլից ինձ հետ խոսել են երկու-երեք ժամ քաղաքականությունից ու բացատրել են ինչի համար են ինձ բռնել: Ես չեմ ուզում էս փուլում դրան անդրադառնամ: Բայց դրանք փաստեր են․․․ պաշտպանն եղել ա ներկա էդ խոսակցությանը․․․ Կարամ փաստեր բերեմ՝ ամաչեք»:

«Ազատության» հարցին, թե ինչի մասին է խոսվել այդ հարցաքննության ժամանակ, փաստաբան Ավետիս Քալաշյանն արձագանքեց․ - «Չէ, իմ ներկայությամբ նման բան չի եղել: Ես նրա առաջին իսկ հարցաքննության ժամանակ ներկա եմ եղել, բայց իմ ներկայությամբ նման խոսակցություն չի եղել։ Գուցե նա ուրիշ բան է ի նկատի ունեցել»:

Սամվել Մարտական ընկերները՝ այսօր դատարան եկած ազատամարտիկներ Ռազմիկ Պետրոսյանը և Պաշտպանության նախկին փոխնախարար Գագիկ Մելքոնյանը պնդում էին, թե գործը շինծու է, և Բաբայանը նախընտրական շրջանում կալանավորվեց՝ «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքին հարված հասցնելու նպատակով:

«Դատարանն իր ամբողջ քննության ընթացքում բացարձակապես ոչ մի հանցանքի մասին չկարողացավ հիմնավորել: Մեղադրող կողմը չհիմնավորեց իր մեղադրանքները, բայց դատարանը շտամպի նման, ոնց որ բոլոր քաղաքական գործընթացների ժամանակ․․․ հերթական անգամ մեր հերոսները զնդանում են: Պատերազմներից հետո հերոսներն արդեն իշխանության համար վտանգ են, նրանցից պիտի ազատվեն», - ասաց Ռազմիկ Պետրոսյանը:

«Ընտրություններին քանի որ ինքը համակրում էր «ՕՐՕ»-ին, էդ էր հիմնական պատճառը: Ուրիշ ոչ մի պատճառ չկա: Իրա կալանավորումից հետո դաշինքին հարված հասցվեց: Գործը պատվեր ա, քաղաքական պատվեր», - հավելեց Գագիկ Մելքոնյանը:

XS
SM
MD
LG