Մատչելիության հղումներ

Մարուքյան․ «Որևէ «և՛֊և՛» տեղի չի ունեցել»


«Եվ - և»-ի քաղաքականությունը Հայաստանի իշխանությունը չի իրագործել, այսօր հայտարարեց «Ելք» խմբակցության անդամ Էդմոն Մարուքյանը՝ Ազգային ժողովում խորհրդարանական լսումների ժամանակ:

Լսումները կազմակերպվել են Եվրասիական տնտեսական միությունից (ԵԱՏՄ) դուրս գալու գործընթաց սկսելու վերաբերյալ ԱԺ հայտարարության նախագիծը քննարկելու համար:

«Ամենայն պատասխանատվությամբ ասում եմ՝ որևէ «և՛-և՛» տեղի չի ունեցել. «և՛-և՛» կարող էր տեղի ունենալ, եթե Հայաստանի Հանրապետությունը, ԵԱՏՄ անդամ լինելով, ստորագրեր Եվրոպական միության հետ Ասոցացման համաձայնագիր և Խորը և համապարփակ առևտրի համաձայնագիր, և ռուսական և ԵԱՏՄ շուկան ազատ մուտք գործելու հնարավորություն ստանալով՝ ԵԱՏՄ համաձայնագրով, նաև 500 միլիոնանոց շուկա ազատ մուտքի հնարավորություն ստանայինք ու ասեինք՝ այս ինչ ուժեղ բան եղավ, «և՛-և՛» արեցինք», - նշեց ընդդիմադիր գործիչը՝ շարունակելով:

Շեշտելով, որ Հայաստանը զարգանալու համար պետք է ստորագրի Եվրամիության հետ ասոցացման համաձայնագիր՝ էդմոն Մարուքյանը նկատեց, թե Եվրասիական տնտեսական միության համաձայնագիրը փաստացի չի գործում, և հենց այդ պատճառով պետք է օր առաջ լքել այդ կառույցը․ - «Ես պետք է արձանագրեմ, որ ԵԱՏՄ համաձայնագիրը չի գործում։ Եվ սա Ռուսաստանի հերթական նախաձեռնությունն է, որը մնացել է թղթի վրա»։

Հանրապետական խմբակցության անդամ Արմեն Աշոտյանը հակադարձեց․ - «Ե՛վ-և՛»-ը կայացել է, որովհետև «և՛֊և՛»֊ի տակ դրված չէր երկու տեղերում ազատ առևտրի գոտի ունենալու հանգամանքը: «Ե՛վ-և՛»-ի տակ դրված էր, նախևառաջ, աշխարհաքաղաքական հանգամանքը: Իսկ այդ տեսակետից Հայաստանին հաջողվել է զերծ մնալ կոնֆրոնտացիոն հռետորաբանությունից, կոնֆրոնտացիոն գործընթացներից, աշխատել շահերի համադրման վրա և, լինելով ազատ տնտեսական մի գոտում, զուգահեռ կառուցել քաղաքական հարաբերություններ մյուս ուժի կենտրոնների հետ։ Սա է «և՛-և՛»-ը»։

Աշոտյանը հիշեցրեց, որ տնտեսական խնդիրներ ունեն նաև Եվրամիության հետ ասոցացված երկրները, իսկ միությունները մեկ օրում չեն կայանում․ - Եթե Եվրամիությունը, որը ունի 60 տարվա պատմություն և այսքան երկար ճանապարհից հետո դեռ կայացնում է իր ինստիտուտները, ակնհայտ է, որ Եվրասիական տնտեսական միությունը երկու-երկուսուկես տարվա մեջ նույնպես այս դժվարությունները պետք է հաղթահարի»:

Իրավապաշտպան Արթուր Սաքունցը, մինչդեռ, վստահ է, որ Եվրամիության և Եվրասիական տնտեսական միության հետ հնարավոր չէ «և՛-և՛»-ի քաղքականություն վարել, քանի որ այդ երկու միությունները հակառակ բևեռներում են․ - «Դրանք ի սկզբանե անտիպոդ են: Իրենք չեն կարող տրամաբանորեն համատեղվել: Իսկ երկու աթոռների վրա միաժամանակ նստողների վիճակը, գիտեք, թե ժամանակի ընթացքում ինչ է լինելու»:

«Լուսավոր Հայաստան» կուսակցությունից Հայկ Կոնջորյանը ԵԱՏՄ անդամակցությունը համեմատեց հայտնի անեկդոտի հետ, երբ ցուցահանդեսում «Կովը դաշտում խոտ է արածում» մակագրությամբ սպիտակ կտավ է կախված․ - «Հայաստանի վրա, ըստ էության, վաճառել են մի նկար՝ ԵԱՏՄ-ի տեսքով, որտեղ ո՛չ կով կա, ո՛չ խոտ կա, ո՛չ անվտանգություն, ո՛չ էլ տնտեսություն»:

«Ծառուկյան» դաշինքի պատգամավոր, Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանն ասաց, որ ինքը, բնականաբար, եվրոպական ինտեգրացիայի կողմնակիցներից է, սակայն դեմ է կտրուկ կերպով դռները փակելուն:

Իսկ Հայաստանի խնդիրներ, ըստ Զոհրաբյանի, իրականում ինտերգրացիոն գործընթացների հետ չէ, որ կապված են, ցանկության դեպքում անգամ սպիտակ կտավը վաճառելուց կարելի է օգուտ ունենալ․ - «Քո տնտեսության թոքերը փակված են, քո տնտեսությունը ամբողջապես խեղդված է մոնոպոլիայի սարդոստայնի մեջ․․․ ես կարծում եմ, էդ բոլոր պրոբլեմները մենք պետք է փնտրենք մեր երկրում: Իսկ դուռ չրխկացնելը միշտ էլ կա: Ինչ վերաբերում է կովի և խոտի նկարին, ապա Սոթբիի աճուրդում նենց նկարներ են վաճառվել հարյուր միլիանավոր դոլարներով, որ նայում ես, ուզում ես էնտեղ ինչ-որ մի փիլիսոփայություն, ինչ-որ բովանդակություն գտնել, չես գտնում․․․ Մտածում ես՝ երևի չես հասկանում: Այսինքն, միշտ էլ կարելի առավելագույն ճիշտ քաղաքականության դեպքում նույնիսկ էդ անհասկանալի պատկերներից ունենալ առավելագույն արդյունք՝ եթե քո երկրի իշխանությունը առաջնորդվում է իր երկրի պետական շահերով, այլ ոչ թե մեկ նեղ թիմի նեղ անձնական շահերով»:

«ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցությունը ուղարկենք Սոթբիի ցուցահանդես, տենանք ինչքանո՞վ կվաճառվի», - տեղից ասաց «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը:

Հանրապետական խմբակցության պատգամավորներ Սամվել Նիկոյանը և Հայկ Բաբուխանյանը խորհուրդ տվեցին մտածել այս նախաձեռնության հետևանքների մասին:

«Բոլոր այն երկրները, որոնք գնացել են «կա՛մ-կա՛մ»-ի ճանապարհով, թվարկենք՝ Ուկրաինան ունեցել է տարածքային կորուստներ, Մոլդավիան ունեցել է տարածքային կորուստներ, Վրաստանն ունեցել է տարածքային կորուստներ․․․ էլ չթվարկեմ: Ամենակարևորը, ես խնդրում եմ, նաև հաշվի առեք այդ հանգամանքը: Մեր պետության, մեր իշխանության «և՛-և՛»-ի արտաքին քաղաքականությունը տվել է իր արդյունքները», - հայտարարեց Նիկոյանը:

«Ադրբեջանը երազում է դառնալ ԵԱՏՄ անդամ և ինքը թելադրել այդ քաղաքականությունը, որը այսօր նա չի կարողանում անել՝ ԵԱՏՄ անդամ չլինելով», - իր հերթին հայտարարեց Բաբուխանյանը:

«Իրազեկ քաղաքացիների միավորում» հասակական կազմակերպության ղեկավար Դանիել Իոաննիսյանը հակադարձեց․ - «Ադրբեջանը երբեք չի ասել, որ ուզում է մտնել ԵԱՏՄ: Եվ եթե Լավրովը ասել է, որ իրենք ցանկանում են, որ Ադրբեջանը մտնի ԵԱՏՄ, դա դեռ չի նշանակում, որ Իլհամ Ալիևը, որը, այո՛, բռնապետ է, բայց մազախիստ չի, ուզում է մտնել Եվրասիական միություն: Կապված ասոցացման համաձայնագիր ստորագրած երկրների տարածքային կորուստների հետ․ հազար ներողություն, բայց ասոցացման համաձայնագիր ստորագրած Արևելյան գործընկերության երեք երկրներից տարածքային կորուստներ ստորագրումից հետո ունեցել է միայն Ուկրաինան: Ո՛ Վրաստանը, ո՛չ Մոլդովան տարածքային կորուստներ ասոցացման համաձայնագիրը ստորագրելուց հետո չեն ունեցել: Իսկ Ուկրաինան ունեցել է հայտնի դեպքերից հետո»:

«Ելք» խմբակցության հեղինակած «ՀՀ մասով Եվրասիական տնտեսական միության պայմանագրի գործողությունը դադարեցնելու գործընթաց սկսելու վերաբերյալ» ԱԺ հայտարարության նախագիծը առաջիկայում կքննարկվի Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG