Ռուսական օդուժի հարվածներից Սիրիայում 53 խաղաղ բնակիչ է սպանվել, այդ թվում՝ 21 երեխա, հայտարարել է մերձավորարևելյան այդ երկրում ընթացող ռազմական գործողությունները մոնիթորինգի ենթարկող և Լոնդոնում գործող Syrian Observatory for Human Rights կազմակեպությունը:
Նշված հաստատության ներկայացմամբ, ռուսական օդուժը ավիահարվածները հասցրել է երեկ՝ Սիրիայի արևելյան՝ Դեյր էզ-Զոր նահանգում գտնվող Ալ-Շաֆահ գյուղին, որը «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման վերահսկողության տակ է:
Արևմտյան լրատվական գործակալությունները, միևնույն ժամանակ, նշում են, որ դեռևս չեն կարող հաստատել այս տեղեկության իսկությունը: Առայժմ արձագանք չկա նաև Մոսկվայից: