Գյումրիում վերջին երկու ընտանիքներին բնակարանների գնման վկայագրով բնակարանի ձեռքբերման ընդունման-հանձնման ակտի տրամադրմամբ պետությունն այլևս ավարտված է համարում իր իսկ սահմանած չափորոշիչներով երկրաշարժից անօթևան ճանաչված ընտանիքների նկատմամբ պարտավորությունը: Շիրակի մարզպետ Արթուր Խաչատրյանն անձամբ հանձնեց՝ հայտարարելով Գյումրիում ծրագրի ավարտի մասին, միևնույն ժամանակ ընդունելով, որ խնդիրը դեռ ամբողջությամբ ավարտված չէ:
«2014-2017 թվականներում իրականացված էս բնակարանների գնման վկայագրերի ծրագրի շրջանակներում բնակարան են ձեռք բերել 404 ընտանիք, այս տարվա դրությամբ մենք ունենք 84 ընտանիք, և մենք փաստացի Գյումրու պահով ավարտում ենք շահառու ճանաչված ընտանիքների խնդիրը», - հայտարարեց մարզպետը՝ ընդգծելով․ - «Սրանով չենք ավարտում անօթևանության խնդիրը, դա, իհարկե, չեմ ուզում ասեմ: Ունենք 98 ընտանիք, ովքեր կորցրել են սեփական բնակելի տներ, և սրա նկատմամբ էլի պետությունը ունի պարտավորություն: Կիսված ընտանիքների խնդիրը ունենք՝ 155 ընտանիք նման խնդիր ունի: Ունենք ընտանիքներ, ովքեր իրենք ինչ-որ խնդիրների պատճառով չեն ներկայացրել ժամանակին փաստաթղթեր, բայց միևնույն ժամանակ ունենք նախադեպ դատարանի վճռով, որ երկու ընտանիքի բաց թողնված ժամկետը համարվել է հարգելի, և նրանց նույնպես բնակարանների գնման վկայագրերը տրամադրվել են: Ցավոք սրտի, 288 ընտանիք ընդհանրապես չի ներկայացրել, այսինքն՝ ընտանիքներ են, որոնք երկրաշարժից հետո լքել են քաղաքը: Եվ 70 ընտանիք բնակարան ձեռք չեն բերել, ավելի պարզ ասած՝ հրաժարվել են բնակարանի ձեռք բերման [վկայագրերից]»:
Բնակարանների գնման վկայագիրը (ԲԳՎ) բնակարան ունենալու վերջին հնարավորությունն էր անօթևան ընտանիքների համար: Եղան ընտանիքներ, որոնք տարբեր պատճառներով չկարողացան վկայագրով բնակարան ձեռք բերել: 29 տարի բնակարանի սպասած վերջին երկու գյումրեցի ընտանիքներին հաջողվել էր գումար ավելացնելով բնակարան ձեռք բերել:
Գյումրիում տնակներում 2500-3000 ընտանիք է ապրում: Տարբեր հաշվարկներով՝ քաղաքը տնակներից ազատելու համար մոտ 40 միլիոն դոլար է պահանջվում:
Շիրակի մարզպետարանի քաղաքաշինության վարչության պետ Ալբերտ Մարգարյանը «Ազատության» հարցին՝ արդյոք ունե՞ն հաշվարկներ, թե որքան գումար է պահանջվում Գյումրիում տնակներում ապրող ընտանիքների խնդիրները լուծելու համար, պատասխանեց․ - «Հիմա էս պահին հաշվառում է գնում Գյումրի քաղաքում, հավանաբար կլինի մոտավորապես 2 հազար ընտանիք, որոնք ոչ երկրաշարժի պատճառով են անօթևան, և շատ հեշտ է հաշվելը՝ յուրաքանչյուր ընտանիքին եթե մեկ բնակարան, որը մեր միջին, ԲԳՎ-ի թվերով ասեմ, մոտավորապես 6 միլիոն է միջին բնակարանի արժեքը, 2 հազար անգամ 6 միլիոն դրամ»: «Եվ խնդիրը լուծվում է», - «Ազատության» դիտարկմանը Մարգարյանը արձագանքեց․ - «Խնդիրը լուծվում է, բայց դա պետական պարտավորություն չէ»:
Գյումրիում դեռ անլուծելի է մնում 88 վթարային շենքերի խնդիրը, որոնք մեծամասամբ բնակեցված են: Կառավարությունն առայժմ ստանձնել է մարզի գյուղական բնակավայրերի 170 անօթևան ընտանիքների բնակարանով ապահովելու պատասխանատվությունը: Օրեր առաջ կայացրած որոշմամբ էլ կառավարությունը 8 ընտանիքի բնակարանի հարց կլուծի: