«Բացառապես մեխանիկական աճի հաշվին մենք հնարավորություն կունենանք Հայաստանում ստանալ 4 միլիոն բնակչություն», - ասում է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը: Շաբաթ օրը Ջերմուկում լրագրողների հետ հանդիպմանը նա վստահեցրեց, որ ժողովրդագրական վիճակը հնարավորություն կա փոխելու, քանի որ դրա պոտենցիալը և անհրաժեշտությունը կա, և որ մինչև 2040 թվականը 4 միլիոն բնակչություն ունենալն ինքը ռեալ է համարում:
Առաջիկա 23 տարիների ընթացքում Հայաստանի բնակչությունը առնվազն 4 միլիոնի հասցնելու նպատակի մասին հայտարարել է նախագահ Սերժ Սարգսյանը: Նախարարն ասաց, որ նախագահի ասածը պետք է փորձեն իրականացնել, և թեև շատ դժվար խնդիր է, բայց այդ ուղղությամբ կաշխատեն:
Ասատրյանը հայտնեց, որ առանձնացրել են երեք գերակայություն: Առաջինը, նրա խոսքով, պետք է նպաստել ծնելության աճին, քանի որ ըստ վերլուծությունների՝ դրա պոտենցիալը կա: Հաջորդ առաջնահերթությունը, ըստ նախարարի, բնակչության մեխանիկական աճ ապահովելն է, և իրենք անելու են հնարավոր բոլոր ծրագրերը, որպեսզի 4 միլիոն բնակչություն ունենալու տեսլականը ապահովվի, քանի որ, կարծում է նա, դա անվտանգության խնդիր է: 4 միլիոն բնակչություն ունենալու համար հաջորդ ծրագիրը, որի վրա պետք է աշխատեն, արտագաղթածների ներգաղթն ապահովելն է:
Ծնելիության աճին նպաստող ամենակարևոր գործոններից մեկն Արտեմ Ասատրյանը համարում է եկամուտ ստեղծելը և երեխայի խնամքը զուգակցելու հնարավորություն ունենալը, որպեսզի երկու ծնողն էլ կարողանան աշխատել: Դայակների ինստիտուտի ներդրման նախաձեռնությունը նախարարը առարկայական քայլերից մեկն է համարում: Ասատրյանը վստահեցրեց, որ այս բոլոր միջոցառումների, ծրագրերի ուղղությամբ արդեն առարկայական քայլեր են իրականացվում, և դայակների ինստիտուտի հետ կապված նախաձեռնությունը այդ շարքից է:
Երեք ամսվա ընթացքում պետք է բոլոր ծրագրային ուղղությունները, ֆինանսավորումները ներկայացնեն, ասաց աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը:
Անդրադառնալով գյուղական համայնքներում առկա խնդիրներին՝ նա հայտնեց, որ համայնքերի զարգացման ծրագիր կա, և փորձում են հասկանալ, թե ինչն է պակասում տվյալ համայնքին, ու առաջիկա տարիներին աշխատանքների գործընթացը սկսելու են:
«Ազատության» հարցին, թե գյուղերի հիմնական խնդիրը ճանապարհ չունենալն է՝ ի՞նչ քայլեր են արվում այս ուղղությամբ, նախարարը պատասխանեց․ - «Մեկ օրում մենք չենք կարողանալու խնդիրը լուծել»: «Ազատության» դիտարկմանն էլ՝ մինչև այսօր ինչո՞ւ որևէ քայլ չի արվել, մի՞թե այսքան տարիները բավարար չէր խնդրին լուծում տալու համար, նա արձագանքեց․ - «Յուրաքանչյուր պետական մարմին իրականացնում է իր աշխատանքը, և ժամանակ է պետք: Էսօր ավելի լավ ա մենք անենք, քան ավելի ուշանանք: Կարևորը՝ որ մենք հիմա էդ ուղղությամբ աշխատանքներ ենք իրականացնում»:
«Ազատության» մեկ այլ հարցի, որ վերաբերում էր գնաճին և դրա հետևանքներին՝ օրեր առաջ կարագը կրկին թանկացավ, վառելիքը կթանկանա, հնարավոր է, որ հունվարի 1-ից երրորդ երկրներից Հայաստան ներմուծվող ապրանքների թանկացում լինի, մինչդեռ գնաճին զուգահեռ թոշակների, աշխատավարձերի բարձրացում չի նախատեսվում՝ «չե՞ք կարծում, որ սա սոցիալական լարվածություն կառաջացնի, աղքատության մակարդակի բարձրացում», Արտեմ Ասատրյանը պատասխանեց․ - «Գնաճի հարցը պետք է դիտարկել ավելի երկար ժամանակահատված վերցնելով: Եթե մենք չենք ավելացնում կենսաթոշակները, այդ առումով խնդիրը միանշանակ է: Ձեր բարձրացրած խնդիրը առկա է, մյուս կողմից՝ մենք էսօր պետական բյուջեի ռեալ ռեսուրսներով և հնարավորություններով չենք ունեցել էդ հնարավորությունը՝ ավելացնելու կենսաթոշակների կամ նպաստների հետ կապված մեր մեծությունները»:
«Ազատության» մյուս հարցին էլ, որ 2018 թվականի հունվարի 1-ից պետական համակարգում 5 հազար 500-ից ավելի աշխատատեղեր են կրճատվելու՝ «5 հազար 500 գործազուրկներն ինչպե՞ս են շարունակելու ապրել, պետությունն ի՞նչ է պատրաստվում անել», աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը արձագանքեց․ - «Պետությունը ունի զբաղվածության համապատասխան ծրագրեր և, բնականաբար, զբաղվածության ծրագրերով փորձում ենք ոչ միայն կրճատումներ անել, այլ փորձում ենք աշխատաշուկայում ակտիվ աշխատանք փնտրողներին օգնել, աջակցել զբաղվածության ծրագրերի միջոցով աշխատանք գտնելու հարցում»:
«Իհարկե, աշխատաշուկայում այսօր անհամամասնություն գոյություն ունի՝ աշխատատեղերի առաջարկի ու պահանջարկի հետ կապված: Նաև Դուք եք հարցադրում բարձրացնում, թե որքանով է արդյունավետ գործում պետական կառավարման համակարգում էդ նույն աշխատատեղերը, որոնք որ պետական համակարգում կան և պետական բյուջեից աշխատավարձ է տրամադրվում, արդյոք դրանք սոցիալական խնդիր են լուծում, թե ուղղակի դա անհրաժեշտ է պետական կառավարման համակարգի համար: Եթե դա սոցիալական խնդիր է լուծում, ուրեմն ավելի լավ է սոցիալական ծրագրերի միջոցով լուծել, իսկ եթե էդ աշխատատեղերը պետք են, ես վստահ եմ, որ էդպիսի աշխատատեղ չի կարող կրճատվել», - ընդգծեց Արտեմ Ասատրյանը: