Մատչելիության հղումներ

Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը դարձյալ գովերգել է Թուրքիայի գործող իշխանություններին


Արամ արքեպիսկոպոս Աթեշյան, արխիվ
Արամ արքեպիսկոպոս Աթեշյան, արխիվ

Պոլսո Հայոց պատրիարքի նախկին փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը հերթական անգամ երախտագիտություն է հայտնել Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին: Օրերս Դիարբեքիր և հայրենի Սիլվան կատարած այցից հետո Աթեշյանը «Անադոլու» գործակալության հետ զրույցում պնդել է, որ «Արդարություն և զարգացում» կուսակցության իշխանության տարիներին Թուրքիայի փոքրամասնությունների և, մասնավորապես, հայ համայնքի կյանքում դրական փոփոխություններ են գրանցվել:

Նա նշել է, թե հայերը շատ դժվարություններ են ունեցել Թուրքիայի պատմության հանրապետական շրջանում, սակայն սկսած 2002 թվականից՝ ԱԶԿ-ի իշխանության գալուց ի վեր իրավիճակը փոխվել է: «Նախկինում մարդիկ չէին համարձակվում ասել, որ քրիստոնյա են: Մեր, հույների, հրեաների և բուլղարների հիմնադրամները ոչնչացնելու համար գույքի հազարավոր միավորներ խլվեցին: Այն ժամանակ նախագահի կամ վարչապետի հետ հանդիպելն անգամ երազ էր:

«Արդարություն և զարգացում» կուսակցության իշխանության գալով՝ զգացինք, որ իսկապես գոյություն ունենք: Մեզ վերադարձրին մեր ինքնությունը, գույքի մի մասը: Այս ամենը իշխող կուսակցության և նախագահի շնորհիվ եղավ, ինչի համար նրանց պարտական ենք»,-ասել է Աթեշյանը՝ հավելելով, որ ներկայիս կառավարության օրոք լուծում են ստացել մի շարք կարևոր խնդիրներ՝ դյուրացել է կրոնական պատկանելության փոփոխման գործընթացը, եկեղեցիների վերանորոգման հարցը:

Ուշագրավ է, որ «Անադոլուն» Աթեշյանին ներկայացրել է ոչ թե որպես Պոլսո Հայոց պատրիարքի նախկին, այլ գործող փոխանորդ, մինչդեռ այս տարեսկզբին պատրիարքի տեղապահ էր ընտրվել Գերմանիայի Հայոց թեմի առաջնորդ Գարեգին արքեպիսկոպոս Բեքչյանը։

Թուրքիայի գործող իշխանությունների հետ մշտապես լավ հարաբերություններ պահպանող Աթեշյանը խոսել է նաև տարիներ առաջ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի՝ Թուրքիա այցի ժամանակ փոքրամասնությունների հարցում թուրքական իշխանությունների հասցեին հնչեցրած քննադատությանը: «Մերկելին ասացի, որ «Արդարություն և զարգացում» կուսակցության իշխանության գալուց հետո երկրում շատ բան է փոխվել: Փոքրամասնությունների խնդիրները եթե ոչ ամբողջությամբ, ապա մեծ մասամբ լուծվել են, մենք երջանիկ ենք, քանի որ իսկապես այդ կառավարության օրոք փոքրամասնությունների դեմքը սկսեց ժպտալ»,- հայտարարել է Աթեշյանը:

Վերջինս թուրքական պետական լրատվամիջոցի հետ զրույցում խոսել է նաև 2015 թվականին թուրք-քրդական բախումների հետևանքով Դիարբեքիրի հայկական Սուրբ Կիրակոս եկեղեցու և շրջակա կառույցների կրած վնասների ու ներկայիս վիճակի մասին: Նշել է, թե պաշտամունքի վայրերն ավերակների վերածողները չեն կարող մարդ կոչվել:

Պատասխանելով թուրքական իշխանություններից ունեցած սպասելիքների մասին հարցին՝ արքեպիսկոպոս Աթեշյանը նշել է, թե համայնքային հիմնադրամների ֆինանսական կայունության համար ակնկալում են հետ ստանալ համայնքապատկան գույքը, ինչպես նաև պատրիարքարանի և համայնքի իրավական կարգավիճակի հետ կապված խնդրի լուծում: Աթեշյանը, սակայն, չի անդրադարձել պոլսահայ համայնքի ամենագլխավոր օրակարգային հարցին՝ նոր պատրիարքի ընտրության գործընթացին, որում, կարծես, առաջխաղացում չի նկատվում: Ի դեպ, Պոլսո Հայոց պատրիարքի տեղապահ Գարեգին արքեպիսկոպոս Բեքչյանը պատրիարքական ընտրությունների հարցի վերաբերյալ օրերս նամակ է ուղարկել Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանին և ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուին:

Հիշեցնենք՝ օգոստոսի սկզբին պատրիարքական ընտրությունները նախաձեռնող խումբը դիմել էր Ստամբուլի նահանգապետարան՝ առաջարկելով նոր պատրիարքին ընտրող պատվիրակների ընտրություններն անցկացնել դեկտեմբերի 10-ին, իսկ պատրիարքի ընտրությունները՝ դեկտեմբերի 13-ին: Ակնկալվում էր, որ Ստամբուլի նահանգապետարանն այս դիմումին պետք է պատասխաներ մինչև հոկտեմբերի 9-ը, սակայն մինչ օրս որևէ արձագանք չկա:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG