ՀՀ Արտգործնախարարության նախկին շենքում այսօր տեղի ունեցավ Գրքի երևանյան առաջին փառատոնի բացման արարողությունը, որին մասնակցում էին գրողներ, գրահրատարակիչներ, ընթերցողներ:
Սա մի նոր իրադարձություն է մեր իրականության մեջ, որը նպատակ ունի ամրապնդել գրող -հրատարակիչ - ընթերցող կապը և ամենամյա պարբերականությամբ մեր հանրությանը ներկայացնել Հայաստանում ամենատարբեր հրատարակչությունների կողմից տպագրվող գրականությունը:
Գրքի երևանյան փառատոնը կազմակերպել է «Միհր» կազմակերպությունը՝ Մշակույթի նախարարության աջակցությամբ:
Փառատոնը կտևի երեք օր, որոնց ընթացքում տեղի կունենան մի շարք ուշագրավ միջոցառումներ՝ գրքերի շնորհանդեսներ, համերգներ, հանդիպումներ գրողների և հրատարակիչների հետ, առանձին տաղավարներոով ներկայացված են տարբեր հրատարակչությունների տպագրած գրքերը, որոնք այս օրերին կվաճառվեն զեղչված գներով: Փառատոնի փակմանը՝ կիրակի երեկոյան կհայտարարվեն փառատոնին նախորդած մրցանակաբախշության արդյունքները, որոնք էլ վճռորոշ կդառնան այդ մրցանակաբախշությանը մասնակցած 132 գրողների համար՝ հաղթած գրքերի հեղինակների գործերի տպագրությունը կֆինասավորվի պետբյուջեից: Կիրակի երեկոյան պարզ կդառնա, թե ինչ որոշումներ է կայացրել հրատարակիչներից և ընթերցողներից բաղկացած մրցութային հանձնաժողովը:
Փառատոնի բացմանը Մշակույթի փոխնախարար Ներսես Տեր-Վարդանյանը շեշտեց, որ այն պետության կողմից գրողներին և հրատարակիչներին աջակցելու մի նոր ձև է․ - «Համագործակցությունը, որ պիտի գոյություն ունենա այս օղակների միջև, պետությունը պիտի խթանի որևէ կերպ: Սա խթանման մեթոդներից մեկն է»:
«Զանգակ» հրատարակչության գործադիր տնօրեն Էմին Մկրտչյանն ասաց․ - «Շատ ոգևորված եմ ես: Տեսնում եք, ինչքան բազմամարդ է այսօր: Հենց էսպես էլ պատկերացնում էինք, կարծում եմ, շատ լավ մեկնարկ է»:
«Վան Արյան» հրատարակչության հիմնադիր տնօրեն Վան Արյանի խոսքով՝ չափազանց ուրախալի է հրատարակվող գրքերի բազմազանությունը՝ ամենատարբեր մատենաշարեր, թարգմանական, գիտական, մանկական ու գեղարվեստական գրականություն․ - «Ով ուզում ա գիրք գնի, ընտրության լայն հնարավորություն է ստեղծվել»:
Հայաստանի գրողների միության հրատարակչության տնօրեն, բանաստեղծ Շանթ Մկրտչյանի խոսքով, պետությունը պետք է ավելի շատ գումար հատկացնի գրահրատարակչության ոլորտին, ինչից կօգտվի թե՛ գրողը, թե՛ հրատարակիչը և թե՛ ընթերցող: