Առնվազն 155 մարդ մահացել է, 80-ը՝ վիրավորվել Եգիպտոսի հյուսիսային Սինայ նահանգի մզկիթում տեղի ունեցած պայթյունի և հրաձգության հետևանքով, հայտնում է «Ռոյթերզ» գործակալությունը՝ վկայակոչելով տեղական պաշտոնական աղբյուրները: The Independent պարբերականը հայտնում է, որ հարձակվողները ենթադրաբար զինյալներ են եղել, նրանք թիրախավորել էին անվտանգության ուժերի աջակիցներին, ովքեր ուրբաթօրյա աղոթք էին կատարում:
AFP-ն նշում է, որ հարձակման պահին մզկիթը լեցուն էր հավատացյալներով: Տուժածների մեծամասնությունը խաղաղ բնակիչներ և զինծառայողներ են: Պայթյունի թիրախ դարձած մզկիթը գտնվում է Ռաուդա բնակավայրում՝ Սինայի թերակղզու հյուսիսում: Միջազգային գործակալությունների հաղորդմամբ՝ պայթյունից հետո մզկիթի շրջակայքում նաև կրակոցների ձայներ են լսվել:
Արյունալի հարձակման կապակցությամբ Եգիպտոսի նախագահ Աբդել ալ-Սիսին Անվտանգության խորհրդի արտահերթ նիստ է հրավիրել՝ երկրի ուժային գերատեսչությունների ղեկավարների մասնակցությամբ: Նախագահի հրամանագրով երկրում հայտարարվել է եռօրյա սուգ:
Եգիպտոսում գործող ահաբեկչական խմբավորումներից որեւէ մեկը առ այժմ չի ստանձնել հարձակման պատասխանատվությունը:
Ադեն երեք տարի է Եգիպտոսը Սինայի նահանգում պայքարում է «Իսլամական պետության» զինյալների դեմ: Վերջին շրջանում հաճախակի են դարձել ոստիկանության և զինված ուժերի վրա հարձակումները: