Մատչելիության հղումներ

«Հարավկովկասյան երկրները պետք է միասնաբար քայլեր կատարեն դեպի եվրաինտեգրացիա». Լիկլիկաձե


«Ազատություն» ռադիոկայանի հայկական ծառայության տնօրեն Հրայր Թամրազյանը Բրյուսելում զրուցում է «Ազատության» վրացական ծառայության ավագ խմբագիր Կոբա Լիկլիկաձեի հետ, 24-ը նոյեմբերի, 2017թ.
«Ազատություն» ռադիոկայանի հայկական ծառայության տնօրեն Հրայր Թամրազյանը Բրյուսելում զրուցում է «Ազատության» վրացական ծառայության ավագ խմբագիր Կոբա Լիկլիկաձեի հետ, 24-ը նոյեմբերի, 2017թ.

«Ես շատ կարևորում եմ Վրաստան-Եվրամիություն համագործակցության հետագա խորացումը, որի համար այս գագաթնաժողովը լուրջ խթան կհանդիսանա»,- այսօր Բրյուսելում «Ազատության» հայկական ծառայության հետ զրույցում ասաց «Ազատության» վրացական ծառայության ավագ խմբագիր Կոբա Լիկլիկաձեն։

Լիկլիկաձեն նշեց, թե շատ ուրախ է արձանագրել, որ Հայաստանը գտնվում է այս գագաթնաժողովի մասնակիցների ուշադրության կենտրոնում։ Նա ասաց, թե ուրախ է նաև, որ Հայաստանին հնարավորություն է տրվում Արևելյան գործընկերության մյուս մասնակիցների հետ միասին շարժվել եվրոպական ճանապարհով։

Նրա կարծիքով՝ հարավկովկասյան երկրները չեն կարող զարգանալ և ինտեգրվել Եվրամիությանն առանձնաբար, և ցանկալի է, որ այդ ուղղությամբ միասնաբար քայլեր կատարեն հարավկովկասյան բոլոր երեք հանրապետությունները՝ Հայաստանը, Վրաստանը և Ադրբեջանը։

«Ազատության» ուկրաինական ծառայության փոխտնօրեն Ռոտիսլավ Խոտինն էլ` անդրադառնալով ԵՄ-Ուկրաինա ներկայիս հարաբերություններին, ասաց՝ Ուկրաինան, հանդիսանալով Արևելյան գործընկերության առաջնորդ երկիր, այս գագաթնաժողովից ակնկալում է էլ ավելի խորացնել Ուկրաինա-Եվրամիություն հարաբերությունները։

Խոտինի խոսքով՝ թեև ուկրաինական հասարակության մի հատվածը դեռևս անմիջականորեն չի զգում Եվրամիության հետ ասոցացման դրական արդյունքը, սակայն պետք է արձանագրել, որ այդ համաձայնագրի ստորագրումից հետո հսկայական աշխատանք է արվել, այդ թվում՝ կոռուպցիայի դեմ պայքարի, փոքր ու միջին բիզնեսի զարգացման և մի շարք այլ ոլորտներում։

«Ազատության» ուկրաինական ծառայության փոխտնօրենը նաև ընդգծեց՝ Ուկրաինան այս գագաթնաժողովից ակնկալում է, որ Կիևին կառաջարկվի եվրոպական հեռանկար՝ այսինքն ընկալում, որ Ուկրաինան հետագայում կարող է դառնալ Եվրամիության լիարժեք անդամ։

Հիշեցնենք՝ Բրյուսելում մեկնարկել է ԵՄ Արևելյան գործընկերության գագաթնաժողովը։ Գագաթնաժողովի գլխավոր իրադարձությունը թերևս Հայաստանի հետ կնքվող Համապարփակ և ընդլայնված գործակցության համաձայնագիրն է:

Լիկլիկաձեի և Խոտինի հետ հարցազրույցներն ամբողջությամբ՝ տեսանյութում.

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG